Գավազանը եկեղեցում պաշտոնի և աստիճանի նշանակ է, կուսակրոն հոգևորականների պատվի նշան: Այն հոգևոր իշխանության, հովվության և առաջնորդության խորհրդանիշն է: Տրվում է ձեռնադրության ժամանակ օրհնությամբ և աղոթքով: Գավազանները պատրաստվում են զանազան նյութերից` մետաղ, փայտ, ոսկոր և այլն: Խիստ հազվադեպ լինում են նաև բյուրեղյա կամ ապակե գավազաններ: Բարձրությունը լինում է կրողի հասակի չափով կամ էլ մի քիչ ավելի: Ներկայումս Հայ եկեղեցում գավազանները լինում են երկու տեսակ` վարդապետական և եպիսկոպոսական կամ հովվական, որոնք տարբերվում են իրենց գլխի զարդով:
Վարդապետական գավազանը օձագլուխ է, օձազարդ` երկգլխանի կամ չորս և ավելի օձի գլուխներով: Խորհրդանշում է ճշմարիտ վարդապետությունը, որին հետևելով՝ փրկության ենք արժանանում, ինչպես Մովսեսի պատրաստած պղնձե օձը (իբրև օրինակ Քրիստոսի խաչի), որին նայողները փրկվեցին անապատում: Երկգլխանի գավազանի գլխի մասում երկու օձերը դեմ դիմաց են, գլուխների մեջտեղում՝ մի գունդ, որպես աշխարհը խորհրդանշող, վրան մի փոքր խաչ, օձերի մարմնի ներքևի մասը իրար միացած: Չորս օձերով զարդարված գավազանները արարողական, ծիսական տարբերություն չունեն երկգլխանի օձերով գավազանից, պարզապես մի քիչ ավելի զարդարուն են: Օձագլուխ գավազանը հույների մոտ օգտագործվում է եպիսկոպոսների կողմից: Այդպես էր նաև մեզ մոտ հին ժամանակներում: Լատին եկեղեցու հետ հարաբերություններ սկսելու ժամանակներից, Գրիգոր Դ Տղա կաթողիկոսը Հռոմի Լուկիոս Գ պապից 1184թ. ստանում է ամբողջական մի քահանայական զգեստ, որից հետո օձագլուխ գավազանները սկսում են օգտագործել վարդապետները:
Եպիսկոպոսական կամ հովվական գավազանը Հայ Եկեղեցի է մտել լատին եկեղեցու նմանությամբ: Այն վերևի մասում ունի կլորացրած, իր մեջ դարձած գալարաձև գլուխ, որը սովորաբար կրում է բողբոջանման զարդեր՝ առաջին մեծ քահանայապետ Ահարոնի ծաղկած գավազանի օրինակով: Տերևազարդ է և ծաղկազարդ ոստի է նմանվում:
Այս տեսակի գավազանները շատ նման են սովորական հովվի գավազանին, այդ իսկ պատճառով կոչվում են նաև հովվական գավազան:
Այս գավազանների գլխի պտտվող մասի վերջավորությունը լինում է նաև օձագլուխ (միայն մեկ օձ):
Եպիսկոպոսական կամ հովվական գավազանները կրում են և՛ եպիսկոպոսները և՛ կաթողիկոսները:
Կաթողիկոսի օգտագործած գավազանը համեմատաբար ավելի ճոխ է պատրաստված և վերևի մասում ունի ամրացված արծվի պատկերով ոսկեթել գեղեցիկ մի ասեղնագործություն՝ դաստառակ:
Կաթողիկոսները, պատրիարքները և առաջնորդները (միայն իրենց թեմից ներս) հանդիսավոր և պաշտոնական առիթներով, օգտագործում են ասա՝ իբրև նշան իրենց իշխանության: Ասան երկար գավազան է մինչև կրողի կուրծքը բարձրությամբ: Այն ծիսական արարողությունների ժամանակ չի օգտագործվում և ի տարբերություն գավազանի, որը հատկացված է ծեսի համար, ասայի հարդարանքն ավելի պարզ է: Ասայի վերևի մասը պատրաստված է լինում տարբեր մետաղներից, բարձր արվեստով վրան ունենում է խաչ: Մնացյալ մասը լինում է փայտ, փղոսկր և այլն: Լինում են նաև պատրաստված ամբողջապես մետաղից:
Պատրիարքի և կաթողիկոսի ասաներն ավելի բարձր են և սովորաբար հասնում են մինչև նրանց ուսերը: