13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Անկարելի է, որ գայթակղությունը չգա, բայց վա՜յ նրան, որի ձեռքով կգա» (Ղուկ. 17:1):
Սիրելի՛ բարեպաշտ քույրեր և եղբայրներ,
2019թ.-ի վերջերից աշխարհին պատուհասած կորոնավարակի դեմ արդյունավետ պայքար վարելու համար գիտնականները փորձում էին գտնել «զրոյական պացիենտ»-ին, այսինքն՝ այն մարդկանց, որոնք, հնարավոր է, առաջինն էին հիվանդացել և տարածել վարակը: Դա գիտնականներին կօգներ որոշել, թե երբ, ինչպես և ինչու է համավարակն սկսվել: Ինչն էլ, իր հերթին, կօգներ կանգնեցնել վարակի տարածումն ու կանխել հետագա հնարավոր բռնկումները: Մինչ այժմ, սակայն, գիտնականներն այս առնչությամբ ընդհանուր հայտարարի չեն եկել: Իսկ մենք ի՞նչ գիտենք գայթակղության «վարակի» վերաբերյալ, որի մասին այդքան խստորեն զգուշացնում է Տեր Հիսուս Քրիստոս:
«Ի՞նչ են գայթակղությունները» հարցին սուրբ Սուրբ Հովհան Ոսկեբերանը պատասխանում է. «Շիտակ ճանապարհի խոչընդոտներն են»: Իսկ եթե հայերենի բացատրական բառարաններում փնտրենք «գաթակղություն» բառի իմաստը, ապա Ստեփան Մալխասյանցի «Բացատրական բառարան»-ում կկարդանք. «Խոչ, խութ, որին ոտքը դիպչում է և մարդուն քթահարել տալիս». ինչպիսի՜ պատկերավոր ու դիպուկ նկարագրություն, համաձայն չե՞ք: Այնուհետև կարդում ենք նաև, որ գայթակղությունն այն է, «ինչ որ չար օրինակ է ծառայում, մարդուն շեղում է ուղիղ ճանապարհից, սխալեցնում, միտքը պղտորում, մոլորեցնում»: Իսկ ըստ Հրաչյա Աճառյանի «Արմատական բառարան»-ի՝ գայթակղվել նշանակում է «գլորվել ընկնել, մոլորվել, սխալվել, ոտքը քարի զարնվել»: Էդուարդ Աղայանի «Արդի հայերենի բացատրական բառարան»-ում գայթակղությունը նաև որակվում է որպես «մեղսալի արարք, հրապուրանք»: Այսինքն, սիրելի՛ հավատացյալներ, գայթակղությունը թակարդի միջի պանիրն է, կարթի խայծը, այն առաջին մեղսալի միտքը, մեղքի կայծը, որն անմիջապես չմերժելու և չմարելու դեպքում հաջորդիվ բռնկվում է աղետալի հրդեհը՝ բուն մեղքը, որը մարելն արդեն ամենևին էլ այդքան դյուրին չէ: Եվ սա է պատճառը, որ Տերը խստորեն զգուշացնում է գայթակղությունը տարածելուց, այն գովազդելուց, խրախուսելուց, որովհետև ինչպես սովորական վարակը տարածելը հիվանդություն ու մահ տարածել է նշանակում, գայթակղության վարակը տարածելն էլ ոչ միայն մարմնի, այլև հոգու կործանում ու մահ է նշանակում: Սակայն մի մեծ տարբերություն կա այս վարակների տարածման միջև. գայթակղությամբ վարակվելը մեր սեփական ընտրությունն է: Մտածե՛ք սրա մասին, սիրելինե՛ր:
Տեր Հիսուս Քրիստոս ասաց, որ այս աշխարհում գայթակղությունն անխուսափելի է. դրանք եղել են, կան ու դեռ կլինեն, ուստի այստեղ շատ կարևոր է գտնել գայթակղության սկզբնաղբյուրը, ճանաչել այն, որպեսզի կարողանալ ընդդիմանալ, պաշտպանվել ու արդյունավետ պայքար մղել դրա դեմ: Աստծու Խոսքը մարդկության պատմության համար երկու շրջադարձային գայթակղության մասին է պատմում:
Առաջինում օձի և նախամարդու երկխոսությունն է. Աստված ասաց չուտեք, որպեսզի չմեռնեք: Չեք մեռնի, այլ աստվածների նման կլինեք (հմմտ. Ծննդ. 3:1-5): Երկրորդում այդ նույն օձի կամ սատանայի կամ ստության հոր ու բանսարկուի և երկրորդ Ադամ, կատարյալ մարդ-Աստված Քրիստոսի խոսակցությունն է. Եթե Աստծու Որդին ես, ասա՛, որ այս քարերը հաց լինեն, քեզ այստեղից ցա՛ծ գցիր և հրեշտակները կպահեն, աշխարհի բոլոր թագավորություններն ու դրանց փառքը քեզ կտամ, եթե գետին ընկնելով՝ ինձ պաշտես… Գայթակղություն գայթակղության հետևից: Ձեռագիրն ու գործիքակազմը նույնն են: Նույնն է նաև գայթակղության ծնողը՝ սատանան, սակայն բոլորովին տարբեր է փորձության ենթարկվողը: «Ետև՛ս գնա, սատանա՛, որովհետև… միայն հացով չի ապրի մարդ, այլ՝ այն ամեն խոսքով, որ դուրս է գալիս Աստծու բերանից…» որովհետև «քո Տեր Աստծուն պիտի չփորձես…», այլ միայն Նրան երկրպագես ու պաշտես (հմմտ. Մտթ. 4:1-10):
Ահա ձեզ հստակ նկարագիր, սիրելի՛ հավատացյալներ, գայթակղության հեղինակի և նրա գործելաոճի վերաբերյալ, և հստակ հրահանգ, թե ինչպես է պետք հակադարձել մեղքի ու մահվան դրդող գայթակղությանը: Նախամարդկանց արարումից հազարամյակներ են անցել: Հազարամյակներ են անցել նաև Քրիստոսի երկրային կյանքից, սակայն խավարի ու կեղծիքի իշխանը նույնն է և նույն միջոցներով է գայթակղում իրեն ատելի մարդկությանը: Դրա համար օգտագործում է ինֆորմացիոն բոլոր աղբյուրները՝ համացանց, հեռուստատեսություն, մամուլ, գրականություն: Դրա համար օգտագործում է ժամանցի և զվարճանքի վայրերը՝ թատրոն, կինոթատրոն, համերգասրահ, ակումբներ, խաղատներ, հանգստվայրեր… Դրա համար օգտագործում է բոլոր ոլորտների հանրահայտ մարդկանց, այն մարդկանց, որոնք շատ թե քիչ ազդեցություն ունեն իրենց շրջապատում: Եվ գայթակղության խայծն էլ նույնն է՝ փող, իշխանություն, փառք, անառակություն… Թիրախը՝ հպարտ, մեծամիտ, նախանձ, ագահ, ծույլ, անբարո մարդը: Եվ պատահական չէ, որ Եկեղեցին անընդհատ զգուշացնում է մեզ յոթ մահացու մեղքերի մեջ հայտնվելուց, քանի որ գայթակղությանը հեշտությամբ տրվում է հենց այն մարդը, որի հոգում արդեն կան այդ յոթ չարիքի ծիլերը, որը չունի հստակ բարոյական նորմեր ու արժեքներ, կամազուրկ է, տկար է հավատի մեջ, չունի հոգևոր բավարար գիտելիքներ ու փորձ, զինված չէ Աստծու սպառազինությամբ, որպեսզի կարողանա ընդդիմանալ սատանայի հնարքներին, «որովհետև,- ինչպես Պողոս առաքյալն է ասում,- մեր պատերազմը մարմնի և արյան հետ չէ, այլ՝ իշխանությունների հետ, պետությունների հետ, այս խավար աշխարհի տիրակալների հետ և երկնքի տակ եղող չար ոգիների հետ: Ուստի առե՛ք Աստծու սպառազինությունը, որպեսզի կարողանաք չար օրում դեմ կանգնել չարին. և երբ ամեն ինչ կատարեք, հաստատո՛ւն կացեք՝ տեղում պինդ կանգնած, ձեր մեջքերը գոտեպնդած ճշմարտությամբ, և հագած արդարության զրահը՝ ձեր ոտքերը ամրացրե՛ք խաղաղության Ավետարանի պատրաստությամբ: Եվ այս բոլորի վրա, առե՛ք հավատի վահանը, որով պիտի կարողանաք հանգցնել չարի բոլոր մխացող նետերը: Եվ առե՛ք փրկության սաղավարտն ու Հոգու սուսերը, որ է Աստծու խոսքը: Ամենայն աղոթքներով և աղաչանքներով ամեն ժամ աղոթեցե՛ք Հոգով. և այդ բանի մեջ հսկեցե՛ք անխոնջ հարատևությամբ և աղաչանքներով բոլոր սրբերի համար» (Եփես. 6:11-18):
Սիրելի՛ հավատացյալներ, արդի աշխարհում գայթակղությունն ամենուր է, ամեն քայլափոխի և դրանից փախչել ու թաքնվել չենք կարող, այլ մեր՝ քրիստոնյաներիս խնդիրն է սովորել ապրել և բարեհաջող պայքար մղել նման միջավայրում: Մեր խնդիրն է հիշել, որ Աստծու սուրբ կամքին հակառակ ամեն ինչ գայթակղություն է և դրանց տրվելով՝ մենք փաստորեն դառնում ենք չարին ծառայող աստվածամարտիկներ: Եվ Քրիստոս բավականին խիստ է արտահայտվում այս ամենի մասին՝ զգուշացնելով և՛ գայթակղություն տարածողներին՝ ասելով. «Վա՜յ նրան, որի ձեռքով կգա: Նրա համար լավ կլիներ, եթե իր պարանոցից երկանաքար վեմ կախվեր, և նա ծովը գցվեր» (Ղուկ. 17:1-2) և՛ գայթակղությանը տրվողներին՝ Եթե քո աջ աչքը քեզ գայթակղեցնում է, հանի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից. որովհետև քեզ համար լավ է, որ քո անդամներից մեկը կորչի, և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն: Եվ եթե քո աջ ձեռքը քեզ գայթակղեցնում է, կտրի՛ր այն և դե՛ն գցիր քեզնից. որովհետև քեզ համար լավ է, որ քո անդամներից մեկը կորչի, և քո ամբողջ մարմինը չընկնի գեհեն (Մտթ. 5:29-30):
Հետաքրքիր է, որ Տիրոջ այս խոսքերը բառացիորեն ընդունելով՝ 13-րդ դարում ձևավորվեց Կաթոլիկ եկեղեցու մի միաբանություն, որի միաբանները մեղքի դեմ փորձում էին պայքարել մարմի խիստ ինքնախարազանման միջոցով: Հատուկ գործիքներ ունեին դրա համար և ինքնախարազանման յուրաքանչյուր գործողություն դադարեցնում էին միայն այն ժամանակ, երբ մարմնից հոսող արյունը մինչև ոտնաթաթերին էր հասնում: Սակայն, ինչպես գիտենք, մեր Մայր եկեղեցին՝ խոհեմ ու իմաստուն, իր հոտին միշտ ուղղորդել է բացառապես ներդաշնակ ու հավասարկշռված հոգևոր ճանապարհով՝ զերծ մնալով Ավետարանի ծայրահեղական մեկնություններից և գայթակղության ու մեղքի դեմ պայքարում առաջարկելով հոգևոր զենքեր՝ Սուրբ Գիրք, հայրերի վարք, աղոթք, պահք, խոստովանություն և ապաշխարհության խոնարհ ուղի: Այս առնչությամբ Հայ եկեղեցու քույր Ղպտի եկեղեցու հինգերորդ դարի մի սուրբ եպիսկոպոսի մասին պատմում են, որ մի օր, երբ եկեղեցու բակում հավաքված էին եպիսկոպոսներ և այլ հոգևորականներ, նրանց մոտով անցնում է քաղաքի ամենահայտնի անբարո կանանցից մեկը, որը շատ գեղեցիկ էր և ճոխ հանդերձանք ու զարդեր էր կրում: Բազմաթիվ երիտասարդներ էին շրջապատում նրան, երգում ու պարում նրա առջև՝ գրավելով բոլորի, այդ թվում նաև, եկեղեցու բակում հավաքվածների ուշադրությունը: Եվ ահա սուրբ հայրերից շատերը փակում են իրենց աչքերը, որպեսզի չգայթակղվեն այդ կնոջ տեսքով: Իսկ սուրբ եպիսկոպոսը երկար և ուշադիր հայացքով է ուղեկցում նրան մինչև վերջինս անհետանում է տեսադաշտից: Եվ ահա երեկոյան իր խցում աղոթում է Աստծուն՝ «վա՜յ» տալով իր անձին, որովհետև ինքն իրեն այնպես չի զարդարում Աստծու՝ իր հոգու անմահ Փեսայի համար և չի ձգտում Նրան այնպես հաճոյանալ, ինչպես այդ կինն է անում իր երկրային, մահկանացու երկրպագուների համար: Եվ, ի վերջո, իր սուրբ ու ջերմ աղոթքով այդ կնոջ դարձի պատճառն է դառնում: Այս օրինակը ցույց է տալիս, որ գայթակղությանը կարելի է նաև այս աչքերով նայել՝ չարը բարու փոխակերպելով: Սակայն սա հնարավոր է միայն հոգևոր հասունության, սրտի մաքրության, սրբության ու մեծ խոնարհության շնորհիվ, ուստի այսօր ես ձեզ խորհուրդ եմ տալիս հետևել ոչ թե սուրբ եպիսկոպոսի, այլ մյուս հայրերի օրինակին և գայթակղությունը մերժել աչքերը փակելով ու «Տե՛ր, ողորմի՜ր ինձ՝ մեղավորիս» ասելով: Եվ այսօրվա խոսքս ավարտեմ մի պատմությամբ, որը ևս ուզում եմ, որ հիշեք: «Մի վանահայր, տարին մեկ անգամ, Անտիոք էր գնում՝ քարոզելու: Եվ ամեն անգամ մեծ ժողովուրդ էր հավաքվում նրան լսելու համար: Մի անգամ եղբայրներից մեկը նրան հարցնում է. «Հա՛յր, քեզ շրջապատող այսքան ժողովրդին տեսնելով սին փառքը քեզ չի՞ գայթակղեցնում»: «Ո՛չ, եղբա՛յր,- պատասխանում է հայրը,- կարծում եմ, եթե ինձ գլխատելիս լինեին՝ ավելի շատ մարդ կհավաքվեր…»
Տեր Հիսուս Քրիստոսի սերը, շնորհը և խաղաղությունը ձեզ և բոլորին. ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան