Ութերորդ դարի մեր Կաթողիկոսներից Սուրբ Հովհան Օձնեցին ողջ կյանքի ընթացքում գաղտնի խարազանազգեստ է հագել, այսինքն` մարմինը ծակծկող զգեստ, իսկ արտաքինից եկեղեցական շքեղ զգեստներ: Եկեղեցական շքեղ զգեստների գործածությունը հիմնված է պաշտամունքի համար Հին Կտակարանում նշվող հատուկ զգեստների գործածության աստվածային պատվերի վրա (Ելք 28.1-14, 39.1-7): Եվ քահանայական ձեռնադրության կանոնում էլ դրանք կոչվում են աստվածաստեղծ զգեստներ: Երբ Հովհան Օձնեցին 719 թ. գնում է Դամասկոս բանակցության Օմար ամիրապետի մոտ, նրանից մեղադրվում է շքեղության ու ցուցամոլության համար: Սակայն սուրբը հանում էր իր ճոխ հանդերձը և ցույց տալիս մաշկը ծակծկող խարազանազգեստը` արժանանալով ամիրապետի հարգանքին ու համակրանքին, հաջող արդյունք ապահովելով բանակցությանը, որով դադարում են կրոնական հալածանքները, Եկեղեցին և հոգևորականությունը ազատվում են հարկերից:
Քրիստոնեությունը միշտ շեշտում է առաջին հերթին ներքին գեղեցկության անհրաժեշտությունը: Ոմանք ասում են, թե գեղեցիկը այն է, ինչ համընկնում է և սազում, բայց սրան հակառակ է հագուստի օրինակը, որը սազելով` տգեղին էլ կարող է գեղեցիկ ցույց տալ: Այսօր էլ շատ մարդիկ թե՛ ուղիղ և թե՛ փոխաբերական իմաստներով զարդարելով իրենց տարբեր զգեստերով և սքողվելով տարբեր դիմափոշիների տակ` իրենց գեղեցիկ են ցույց տալիս: Սակայն այլ բան է գեղեցիկ լինել և այլ բան է գեղեցիկ թվալ: Գեղեցիկ թվացողները իրականում մնում են նույն տգեղները խաբուսիկ արտաքինի տակ:
Բնության մեջ գեղեցիկը գեղեցիկ իր է, երևույթ կամ առարկա: Իսկ արվեստի մեջ գեղեցիկը գեղեցիկ պատկերացում է իրի, առարկայի կամ երևույթի մասին: Եվ մարդկանց հետ մեր հարաբերություններում պետք է գործածենք նաև արվեստի այս ըմբռնումը: Կան մարդիկ, ովքեր ահավոր մեղքեր ունեն, տգեղացած են հոգևոր իմաստով, սակայն մենք չպետք է խորշենք նրանցից նրանց մեղքերի համար, քանի որ այդ մարդիկ էլ մի ժամանակ եղել են կամ կարող են գեղեցիկ լինել: Սա է ապացուցում ճապոնական ընդամենը երեքտողանոց խորիմաստ բանաստեղծությունը. «Տգեղ, սև ագռավ, սակայն անգամ նա շատ գեղեցիկ է առաջին ձյունի ճերմակի վրա»: Եվ մենք էլ մարդկանց պետք է դիտարկենք այնպիսի համապատկերում, ուր նրանք գեղեցիկ եղել են կամ կարող են գեղեցիկ լինել, և մեր ներքին գեղեցկության մասին հոգ տանելով` պետք է օգնենք մյուսներին, որպեսզի նրանք էլ գեղեցկանան հոգեպես:
Տեր Ադամ քհն․ Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից