Գերագույն հոգևոր խորհուրդն անդրադարձ կատարեց համասեռամոլության երևույթին

Նոյեմբերի 1-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընթացող Գերագույն հոգևոր խորհրդի ժողովն անդրադարձ կատարեց վերջին օրերին հանրությանը հուզող` Հայաստանում համասեռամոլների ֆորումի կազմակերպման նախաձեռնությանը:

Գերագույն հոգևոր խորհրդի անդամները մտահոգություն արտահայտեցին հնարավոր ոչ ցանկալի զարգացումների վերաբերյալ` ընդգծելով, որ համասեռամոլության վարքագծի գովազդումը սպառնում է ազգային և հոգևոր արժեքներին:

Քննարկումների ընթացքում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը խնդրի վերաբերյալ ներկայացրեց իր դիտարկումները` մասնավորապես նշելով. «Վերջին օրերին խորը մտահոգությամբ տեղեկացանք համասեռամոլների կողմից Հայաստանում նախաձեռնվող ֆորումի լուրերի մասին, որն առաջացրել է մեր ժողովրդի մեծ վրդովմունքը:

Մեր Քրիստոսասեր ժողովուրդը դարեր ի վեր կրողն է աստվածօրհնյալ ընտանիքի նվիրական գաղափարի և պահպանողը ընտանիքի սրբագործված արժեքի: Աստվածահաստատ ընտանիքի սրբազան խորհրդով է շարունակվում կյանքի գոյությունը, կյանքի հրաշագործությունը: Աստված պատվիրաններ ու բարոյականության նորմեր է սահմանել արարչաստեղծ մարդու համար: Այսօր, սակայն, փորձ է արվում բարոյական շեղումները և դրանց բացահայտ քարոզչությունը ներկայացնել իբրև մարդու իրավունքներ և ազատություններ: Քրիստոսի Սուրբ Եկեղեցին համասեռամոլության երևույթի նկատմամբ իր դիրքորոշումն արտահայտել է՝ անընդունելի հռչակելով այդ կենցաղակերպը իբրև մարդկային բնության խեղում, բայց երբեք չդադարելով հովվական խնամք ցուցաբերել և կոչ անել այդ մեղքի մեջ հայտնված անձանց՝ սրբագրելու իրենց ընթացքը:

Խստորեն մերժելի են և դատապարտելի ԼԳԲՏ ներկայացուցիչների կողմից հասարակության մեջ հրահրումներ առաջացնելու քայլերը և համասեռամոլության երևույթի որևէ հանրայնացում ու դրա գովազդում, որը գայթակղություն է մեր աճող սերնդի համար և սպառնալիք՝ մեր ազգի հարատևությանը»

01.11.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․