23 Դեկտեմբեր, Բշ
Ապրիլի 21-ին վաղ առավոտյան Երևանի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու Սուրբ Անանիայի մատուռում ղպտիերեն լեզվով աղոթք էր հնչում: Ղպտի ուղղափառ եկեղեցու ծեսի համաձայն Սուրբ Պատարագ էին մատուցում նույն եկեղեցու հոգևորականներ՝ Հայր Յոհանեսը, Հայր Ռաֆայելը և Տեր Անգելոսը: ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությամբ երեք օր Ղպտի ուղղափառ եկեղեցու սպասավորները Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի առիթով Սուրբ Պատարագ են մատուցելու Սուրբ Անանիայի մատուռում: Արտասահմանյան հեռուստաընկերությունների կողմից Սուրբ Պատարագը հեռարձակվում էր ուղիղ եթեր:
Ալեքսանդրիայի և Համայն Աֆրիկայի Պապ, Ղպտի Ուղղափառ Եկեղեցու առաջնորդ Նորին Սրբություն Թևադրոս Բ-ը իրեն ուղեկցող հոգևորականների հետ միասին Հայաստան էին ժամանել ապրիլի 20-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հրավերով Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցի ոգեկոչման արարողությունների առիթով:
Սուրբ Անանիայի մատուռում Սուրբ Պատարագին մասնակցում էր Ղազարյան ընտանիքը, ում պապերը, ցեղասպանությունից մազապուրծ լինելով, տեղափոխվել էին Եգիպտոս: Ղազարյանները մեկ ու կես տարի է ինչ Եգիպտոսից Հայաստան են տեղափոխվել մշտական բնակության: Նրանք հայերեն նոր են սովորում և ամեն կիրակի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում մասնակցում են Սուրբ Պատարագի: «Մենք բառացիորեն ոչինչ չենք հասկանում, բայց հայերեն հնչող աղոթքներն ու շարականները հոգեհարազատ են մեզ: Ամեն անգամ շարական լսելիս հուզվում է հոգիս»,- ասաց ընտանիքի հայրը՝ Ջորջ Ղազարյանը:
Պատմական անդրադարձ կատարելով՝ նշենք, որ 1-ին դարում Սբ. Մարկոս ավետարանչի կողմից հիմնադրված Ղպտի ուղղափառ եկեղեցին, մերժելով 451 թ-ի Քաղկեդոնի ժողովի վարդապետությունը, հավատարիմ է մնացել երեք տիեզերական ժողովների դավանությանը, խզել հաղորդությունը բյուզանդական եկեղեցու հետ և դավանակից մյուս եկեղեցիների (Հայ Առաքելական Սուրբ եկեղեցի, Ասորի ուղղափառ եկեղեցի, Եթովպական ուղղափառ եկեղեցի, Հնդկաստանի Մալաբար ասորական ուղղափառ եկեղեցի) հետ կազմել Արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքը:
Հայ-ղպտական եկեղեցական և մշակութային հարաբերությունները սկիզբ են առել 5-րդ դարից: «Մենք նույն հավատքն ունենք և միահամուռ ենք եղել նույնիսկ Քաղկեդոնի ժողովը մերժելու և Արևելյան ուղղափառ եկեղեցիների ընտանիքը կազմելու հարցում»,- շեշտել է երջանկահիշատակ Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Ա-ը 1998թ-ի հունվարին եգիպտահայ թեմ իր հովվական այցելության ժամանակ, Կահիրեի Սբ. Մարկոս տաճարում: Այդ այցելության ժամանակ Գարեգին Ա-ը և Ղպտի ուղղափառ եկեղեցու պատրիարք Շենուդա Գ-ը ստորագրեցին համատեղ հայտարարություն երկու եկեղեցիների հետագա համագործակցության վերաբերյալ՝ հաստատելով երկու եկեղեցիների «…քրիստոնեական հավատքի միությունը, որը հավատարմորեն պահպանվել է անցյալ բոլոր դարերի ընթացքում և որը հիմնված է Սուրբ Գրքի վրա, ինչպես որ բանաձևված է երեք Տիեզերական ժողովների կողմից»:
Այսպիսով աղոթքներ են հնչում և հնչելու են հանուն ճշմարտության, խաղաղության և բարօրության՝ դատապարտելով կյանքի դեմ ուղղված ամեն մի ոճիր:
«Ճշմարտութիւնն ու արդարութիւնը կրնան պահ մը լռեցուիլ, բայց երբեք թաղուիլ: Ճշմարտութիւնը, երբ հաւատքով սնանի, յոյսով ճրագւի և սէրով ճառագայթէ, անպայման կը յաղթանակէ» (Գարեգին Ա):
Կարինե Սուգիկյան