Մաս 1-ին
Քօղ, գլխաշոր կամ շղարշ գործածելու նշանակութեան եւ իմաստի մասին շատերը տեղեակ չեն այսօր: Մեր ժամանակներում գլխաշոր գործածելու պարտաւորութեան թեման հաւանաբար հակասական է եւ անհասկանալի ու գրեթէ ոչ մի ուշադրութիւն չի գրաւում աստուածաբանական տեսանկիւնից: Եկեղեցիներում այն ընկալւում է որպէս մի երեւոյթ, որ համարեայ չի քննարկւում: Անցեալում փորձն ու աւանդոյթն այնքան էին համընդհանուր համաձայնեցուած, որ գրեթէ կարիք չի եղել լուրջ մեկնաբանութիւններ կատարել այս թեմայի մասին: Մարդիկ սովորաբար շատ ժամանակ չեն տրամադրել գրելու այն բաների մասին, որոնց բոլորն էլ համաձայն են եղել: Պարզապէս, բոլոր քրիստոնեաներն էլ համաձայն են եղել Պօղոս առաքեալի՝ կորնթացիներին ուղղուած առաջին նամակի 11-րդ գլխի՝ ծածկոյթի մասին նշած այն ճշմարտութեան հետ, թէ կինը պարտաւոր է քօղով գլուխը ծածկել՝ որպէս հնազանդութեան նշան իր ամուսնու եւ Աստծու նկատմամբ: Գլխի քօղը համատարած սովորութիւն է առաքելահաստատ եկեղեցիներում: Հռոմէական քանդակուած գետնադամբարանների ու կառուցուածքների պատերը, հնագոյն պատմական փաստաթղթերը վկայում են, թէ կանայք հին ժամանակներում գլխաշոր են գործածել: Դա մի համատարած երեւոյթ էր Յունաստանում, Հռոմում, Անտիոքում եւ Աֆրիկայի եկեղեցիներում: Մինչեւ 1950 թուականը մեծ թուով քրիստոնեայ կանայք ողջ քրիստոնէական աշխարհում (լինեն ուղղափառ, բողոքական, թէ կաթողիկէ) եկեղեցի մտնելիս եւ աղօթելիս պարտադիր կերպով գլխաշոր էին կրում: Արեւմուտքում՝ մասնաւորապէս անգլիախօս ժողովուրդների մօտ, ներկայումս գլխաշոր գործածելու սովորութիւնը համարեայ գոյութիւն չունի: Եկեղեցի գլխաբաց մտնելու սովորութիւնն այսօր դժբախտաբար ընդհանրացել է նաեւ մեր հայկական գաղթավայրերի շրջանակներում: Ճիշդ է, թէ Արեւմուտքում, օրինակ ԱՄՆ-ում, գլխաշորի գործածութիւնը մեր որոշ եկեղեցիներում դեռեւս պահպանւում է, բայց միայն ձեւականօրէն՝ Սուրբ Հաղորդութեանը մօտենալու պահին, որին ոչ բոլորն են հետեւում: Նկատելի է, որ հիմնականում գլխաշոր գործածում են միայն Արեւելքից գաղթած այն կանայք, որոնք տեղեակ են եկեղեցական կարգապահութիւնից ու վարժուած են եղել հոգեւոր կեանքին: Կարծես թէ այսօր քօղ կրելու առաքելական հրահանգը խորթ եւ անարգական է դառնում մեր որոշ եկեղեցիներում: Ակնյայտ է, որ այս սովորութիւնը կամաց-կամաց կորցնում է պարկեշտութեան իր խորհրդաւոր բուն իմաստն ու գործադրութեան անհրաժեշտութիւնը: Կանանց դժկամութիւնը գլխաշորի գործածութեան հանդէպ որոշ չափով պայմանաւորուած է այն գործածելու իմաստը չհասկանալու եւ անփութութեան հետ: Բարեպաշտական այս սովորութեան մասին ասուած որեւէ խօսք կարող է դժգոհութիւն առաջացնել ոմանց մօտ, քանի որ այսօր շատ կանայք ընդդիմանում են աստուածային այս պատուէրին՝ ասելով, թէ այդ սովորութիւնը պատկանում էր անցեալին։ Այսպիսի ճշմարտութիւնների հանդէպ մարդկանց բացասական տրամադրութիւնները նկատի առնելով՝ որոշ եկեղեցականներ նախընտրում են բնաւ չխօսել, որպէսզի ոմանց նեղուածութիւն չպատճառեն եւ չենթարկուեն նրանց հակակրանքին։ Չհասկանալով այս աւանդոյթի խորհուրդը՝ շատերի մօտ ծագում են թիւր ըմբռնումներ ու կարծիքների տարբերութիւններ: Մարդկանց վերաբերմունքն այս թեմայի նկատմամբ շատ տարբեր է: Քսանմէկերորդ դարում յաճախ կարելի է լսել, թէ գլուխը քօղով ծածկելու մասին Պօղոս առաքեալի յորդորը ժամանակաւոր սովորութիւն էր ու միայն տեղական պահանջի բնոյթ էր կրում, որը եղել է միայն առաջին դարի Կորնթոսի եկեղեցում: Որոշ մարդիկ էլ կարծում են, թէ այս խնդիրը վերաբերում էր միայն այդ եկեղեցու անբարոյական կանանց: Մեր հասարակութիւնում շատ կանայք ու աղջիկներ ուղղակի ամաչում են եկեղեցում գլխաշոր կրել: Ոմանք վախենում են հասարակութեան կարծիքից, թէ ի՛նչ կասեն իրենց մասին: Ոմանք ասում են, թէ գլխաշոր կրելը կապուած է աղջկա կոյս լինել-չլինելու հետ: Ոմանք էլ պարզապէս բացասաբար են վերաբերւում այդ խնդրին: Շատերն են ասում, թէ իրենք Աստծուն երկրպագում են հոգով, եւ ոչ մի նիւթական բան, միջոց կամ պայման չի կարող իրենց արգելք հանդիսանալ: Ասում են, թէ աղօթական կեանքի տարրական փորձառութիւնն իրենց համոզում է, թէ աղօթքի իսկութիւնն ու պտուղն առընչուած չեն արտաքին դրսեւորումների հետ։ Նաեւ ասում են, թէ գլխաշոր գործածելը պատկանում է Արեւելքի հնագոյն հեթանոսական կամ իսլամական աւանդոյթին եւ այդ պատճառով ոչ մի կապ չունի Քրիստոսի եկեղեցու հետ: Այստեղից եզրակացնում են, որ ժամանակակից քրիստոնեայ կանայք պէտք է ապրեն տեղական մշակոյթի ու պահանջի համաձայն: Շատերը համբերատար հետեւում են այս կանոնին, քանի որ գիտեն, որ դա է ճիշդը, բայց անում են միայն «թոյլերին չգայթակղեցնելու» համար: Ուրիշները կարծում են, թէ գլխաշոր բնաւ պէտք չէ, քանի որ քօղի փոխարէն հանդիսանում է իր ամուսինը: Կան նաեւ այնպիսի «առաջադէմ քրիստոնեաներ», ովքեր գաղտնի հեգնանքով ծիծաղում են այդպիսի «յետամնացութեան» վրայ: Ոմանք պնդում են, թէ Պօղոս առաքեալն իր նամակներում միայն մէկ անգամ է անդրադառնում այս թեմային, սակայն եթէ նրա այլ գրութիւններում եւս գէթ մէկ-երկու անգամ նշուած լինէր այդ մասին, ապա այն ժամանակ կարելի էր քննարկել այս խնդիրը: Շատերն են պնդում այն ժամանակուայ մշակութային, սոցիալական ու քաղաքական միջավայրի պահանջի տարբերութիւնների վրայ, մինչ ուրիշներն ընդհանուր առմամբ սխալ են մեկնաբանում Պօղոս առաքեալի խօսքերը գլուխը քօղով ծածկելու պարտաւորութեան մասին: Մէկ այլ անհեթեթ տեսակէտ էլ կայ, որի մասին քարոզում է ֆէմինիստ աստուածաբան Քեթրին Բաշնելը[1]: Նա համոզուած է, թէ նոյնիսկ Պօղոս առաքեալն ինքն է կորնթացիներին ուղղուած առաջին նամակի 11-րդ գլխում սովորեցնում, թէ կանայք եկեղեցում եւ աղօթելիս ընդհանրապէս պէտք չէ ծածկեն իրենց գլուխները:
Պօղոս առաքեալի ուսուցումը գլխաշորի վերաբերեալ հրէական հնագոյն աւանդոյթի հաստատումը չէր: Դա տարբերւում էր այն ժամանակներին գոյութիւն ունեցող աւանդոյթներից ու խորհրդանշում էր քրիստոնէական հաւատի կարեւորագոյն սկզբունքը: Սովորութեան համաձայն՝ ժամանակին հրեայ թէ՛ տղամարդիկ, թէ՛ կանայք սինագոգում Աստծու առջեւ անխտիր ծածկում էին իրենց գլուխները, այլապէս նրանք չէին կարող մտնել սրբավայր: Իսկ հեթանոս յոյները Կորնթոսում տարբեր սովորոյթներ ունէին: Ո՛չ տղամարդիկ, ո՛չ էլ կանայք չէին ծածկում իրենց գլուխները, երբ մտնում էին իրենց հեթանոսական տաճարները: Միայն առաջին քրիստոնէական եկեղեցում էր, որ տղամարդը գլուխը չէր ծածկում, իսկ կինը պարտաւոր էր քօղով գլուխը ծածկել: Սա նոր սովորութիւն էր, որ պահպանւում էր միայն քրիստոնէական եկեղեցիներում։ Այն տարբերւում էր ե՛ւ հրէական, ե՛ւ յունական հեթանոսական սովորոյթներից: Մի նոր աւանդոյթ էր, որի մասին խօսելով առաքեալը եկեղեցուն սովորեցնում է, թէ՝ «Ինչ որ գրեցի ձեզ, Տիրոջ պատուիրաններն են» (Ա. Կորն. 14, 37): Հետեւաբար, թող բոլորին յայտնի լինի, թէ քօղով գլուխը ծածկելը Տիրոջ պատուիրանն է:
Յաճախ կարելի է նկատել, թէ եկեղեցու հաւատացեալները գլխաշորի մասին յիշեցնում են եկեղեցում գլխաբաց գտնուող կանանց՝ ասելով, թէ այս սովորութիւնը մեր նախնիների պարկեշտութեան ու համեստութեան նշանն էր եւ իրենց ապրած դարերի յատուկ միջավայրի աւանդոյթը, բայց ծածկոյթի բուն խորհուրդը, իմաստն ու էութիւնը շատերի համար այդպէս էլ մնում է անբացատրելի: Սուրբ Գիրքը ներկայացնում է մի քանի պատճառներ կնոջ այս պարտաւորութեան համար։ Այդ պատճառների մասին Պօղոս առաքեալը խօսում է կորնթացիներին ուղղուած իր առաջին նամակում (Ա. Կորն. 11, 1-16)՝ համարելով, թէ սա այն աւանդոյթներից է, որ մեր Տէրը պատուիրել է ու վստահել իրեն, որպէսզի դա յայտնի եկեղեցուն։
Ուրեմն, նախ կարդանք կորնթացիներին ուղղուած առաջին նամակի 11-րդ գլխի 1-16-րդ համարները, որտեղ Պօղոս առաքեալը խօսում է գլխաշոր կրելու կնոջ պարտաւորութեան մասին: Ապա այդ հատուածից առանձնացնելով 16 պարբերութիւն՝ մանրամասնօրէն կը վերլուծենք գլխաշոր գործածելու պարտաւորութեան գլխաւոր պատճառները։
1Նմանուեցէ՛ք ինձ, ինչպէս որ ես՝ Քրիստոսին։
2Գովում եմ ձեզ, որ յիշում էք ինձ ամէն ինչում եւ պահում էք աւանդած բաները, ինչպէս որ աւանդեցի ձեզ։
3Ուզում եմ, որ դուք իմանաք, թէ ամէն մարդու գլուխը Քրիստոս է, կնոջ գլուխը՝ մարդը եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած։
4Ամէն տղամարդ, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ եւ գլուխը ծածկած պահի, անպատւում է իր գլուխը։
5Եւ ամէն կին, երբ աղօթքի կանգնի կամ մարգարէանայ գլխաբաց, անպատւում է իր գլուխը. որովհետեւ այնպէս է համարւում, թէ իբր գլուխն ածիլուած լինի.
6Քանզի, եթէ կինը քօղով չի ծածկւում, թող կտրի իր մազերը։ Իսկ եթէ ամօթ է կնոջ համար մազը կտրել կամ ածիլել, թող քօղով ծածկուի։
7Պէտք չէ, որ տղամարդն իր գլուխը ծածկի, որովհետեւ նա պատկերն ու փառքն է Աստծու, իսկ կինը ի՛ր մարդու փառքն է.
8Որովհետեւ ոչ թէ մարդն է կնոջից, այլ կինը՝ մարդուց.
9Քանզի մարդը չստեղծուեց կնոջ համար, այլ կինը՝ մարդու համար։
10Դրա համար կինը պարտաւոր է քօղ դնել գլխին հրեշտակների պատճառով։
11Բայց կինն առանց մարդու եւ մարդն առանց կնոջ չկան ի Տէր.
12Որովհետեւ, ինչպէս որ կինը մարդուց է, այնպէս եւ մարդը՝ կնոջ միջոցով, եւ ամէն ինչ՝ Աստծուց։
13Եւ դուք ինքնե՛րդ դատեցէք. վայե՞լ է կին արարածին գլխաբաց աղօթքի կանգնել Աստծու առաջ։
14Եւ բնութիւնն իսկ չի՞ ուսուցանում ձեզ, որ, եթէ մարդը երկար մազերով է, դա անարգանք է իրեն.
15Բայց կինը, եթէ երկար մազերով է, դա պատիւ է իրեն, որովհետեւ մազերը քօղի փոխարէն են տրուած նրան։
16Իսկ եթէ մէկն ուզում է առարկել, մենք չունենք այդպիսի սովորութիւն, ոչ էլ՝ Աստծու եկեղեցիները։
Ա. Կորնթացիներին 11, 1-16
«Նմանուեցէ՛ք ինձ, ինչպէս որ ես՝ Քրիստոսին։ Գովում եմ ձեզ, որ յիշում էք ինձ ամէն ինչում եւ պահում էք աւանդած բաները, ինչպէս որ աւանդեցի ձեզ» (Ա. Կորն. 11, 1-2)։
Պօղոս առաքեալը, սկսելով գլուխը քօղով ծածկելու թեման, նախ կոչ է անում նմանուել իրեն, ինչպէս որ ինքը` Քրիստոսին: Յետոյ առաքեալն սկսում է գովել կորնթացիներին, քանի որ նրանք յիշում էին ու պահում այն յանձնարարութիւններն ու աւանդոյթները, որոնք նա սկզբից փոխանցել էր նրանց՝ ե՛ւ գրաւոր, ե՛ւ բանաւոր: Բանաւոր պատուիրանների թւում էին նաեւ այն աւանդոյթները, որոնք Պօղոս առաքեալը յիշատակում էր իր նամակում. «Դրա համար ձեզ մօտ ուղարկեցի Տիմոթէոսին, որ իմ սիրելի որդին է եւ հաւատարիմ՝ ի Տէր, որպէսզի յիշեցնի ձեզ իմ ճանապարհներն ի Քրիստոս Յիսուս, ինչպէս որ ամենուրեք ուսուցանում եմ բոլոր եկեղեցիներում» (Ա. Կորն. 4, 17): Այլ կերպ ասած, առաքեալն ամենուրեք սովորեցնում է միայն նոյն ուսմունքը, որն ամբողջութեամբ մերժում է այն մարդկանց թերի կարծիքը, ովքեր հաւատում են, թէ առաքեալի նամակում յիշատակուած գլուխը քօղով ծածկելու յորդորը, միայն մէկ անգամ նշուած լինելով, անբաւարար է այդ սովորութիւնը պահելու համար: Զարմանալի չէ, որ Պօղոս առաքեալը կողոսացիներին ուղղուած նամակում գրում է. «Եւ երբ այս թուղթն ընթերցուի ձեզ մօտ, այնպէս արէք, որ լաւոդիկեցիների եկեղեցում էլ ընթերցուի. եւ լաւոդիկեցիներին ուղարկուած թուղթն էլ դո՛ւք ընթերցէք» (Կող. 4, 16): Հետեւաբար, կարեւոր չէ, թէ քանի անգամ է առաքեալը լուսաբանում այս կամ այն թեման, քանի որ այն ժամանակներում առաքեալի բոլոր նամակները փոխանցւում էին եկեղեցուց եկեղեցի, եւ իւրաքանչիւր եկեղեցի հնարաւորութիւն ունէր ծանօթանալու Պօղոս առաքեալի ուսմունքներին: Իսկ թեսաղոնիկեցիներին դիմելով՝ Պօղոս առաքեալը գրում է հետեւեալը. «Ահա թէ ինչու մենք շարունակ գոհութիւն ենք տալիս Աստծուն նրա համար, որ, մեզնից Աստծու խօսքի լուրն առնելով, այն ընդունեցիք ոչ որպէս մարդկանց խօսք, այլ՝ ճշմարտապէս, որպէս Աստծու խօսք, որ ներգործում է նաեւ ձեր՝ հաւատացեալներիդ մէջ» (Ա. Թես. 2, 13): Այսինքն՝ ամէն ինչ, որ խօսում է Պօղոս առաքեալը, ճշմարտապէս Աստծու խօսքն է ու պնդել հակառակը, իհարկէ, անհեթեթութիւն է, ինչպէս որ անհեթեթութիւն է այն ենթադրութիւնը, թէ Պօղոս առաքեալի մատնանշած գլուխը քօղով գլուխը ծածկելու աւանդոյթը Քրիստոսի եկեղեցում կախում ունէր իր ժամանակների մշակութային սովորոյթներից ու բարքերից: Նոյնիսկ այսօր որոշ մարդիկ թիւրիմացաբար կարծում են, թէ Պօղոս առաքեալը հիմնւում է միայն իր անձնական կարծիքի վրայ, երբ խօսում է այս սովորութեան մասին։ Նրանք կարծում են, թէ առաքեալը մտադրութիւն չունէր, որ այդ սովորութիւնը շարունակուէր ընդհանրական եկեղեցում, այլ մնար միայն Կորնթոսում՝ որպէս տեղական սովորութիւն։ Բայց այս կարծիքը չի համապատասխանում Պօղոս առաքեալի մտածումներին։ Ի վերջոյ, Պօղոս առաքեալն էր, որ վիճում էր Պետրոս առաքեալի հետ՝ փոխելու հրէական աւանդոյթները քրիստոնէական եկեղեցիներում (տե՛ս Գաղ. 2, 11-21): Նա, վկայակոչելով իր առաքելական իշխանութիւնը, եկեղեցուն յիշեցնում է. «Յայտնում եմ ձեզ, եղբայրնե՛ր, թէ այն Աւետարանը, որ ես ձեզ աւետարանեցի, մարդկային Աւետարան չէ. քանզի ես մարդուց չառայ այն, ոչ էլ որեւէ մէկից սովորեցի, այլ՝ Յիսուս Քրիստոսի յայտնութիւնից» (Գաղ. 1, 11-12): Իսկ մեր Տէր Յիսուս Քրիստոս զգուշացնում էր, որ մենք հնազանդուենք Իրեն ու կատարենք Իր պատուիրանները. «Ով որ այս պատուիրաններից, փոքրերի՛ց անգամ մի բան կը ջնջի եւ մարդկանց այդպէ՛ս կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ փոքր պիտի համարուի. իսկ ո՛վ կը կատարի եւ կ՚ուսուցանի, երկնքի արքայութեան մէջ նա մեծ պիտի համարուի» (Մատթ. 5, 19):
Պօղոս առաքեալը գովում է կորնթացիներին՝ աւանդութիւնները պահելու համար. «Գովում եմ ձեզ, որ յիշում էք ինձ ամէն ինչում եւ պահում էք աւանդած բաները, ինչպէս որ աւանդեցի ձեզ»։ Բայց մեր օրերում «աւանդութիւն» բառը, յատկապէս ոչ ուղղափառ եկեղեցիներում, վատ իմաստ ունի: Այս խնդիրը նոյնիսկ Յիսուսի օրերում է եղել: Նա ստիպուած էր յանդիմանել փարիսեցիներին եւ օրէնսգէտներին, քանի որ նրանք արհամարհում էին Աստծու պատուիրանը՝ իրենց մարդահնար, պատուիրուած աւանդութեան համար (տե՛ս Մատթ. 15, 1-9: Մարկ. 7, 1-13): Պօղոս առաքեալն զգուշացնում է կողոսացիներին՝ խօսելով նրանց դէմ, ովքեր գրաւում էին ճարտարամտութեամբ ու սնոտի խաբէութեամբ ստիպում էին նրանց հետեւել մարդկային աւանդութեանը, այլ ոչ թէ Քրիստոսի ճշմարիտ վարդապետութեանը (Կող. 2, 8): Նա հրաման է տալիս քրիստոնեաներին՝ հաստատուն մնալ ու պինդ պահել այն աւանդութիւնները, որոնք սովորեցին, ու հեռու մնալ ամէն մի եղբօրից, ով չի ապրում ընդունուած առաքելական աւանդութեան համաձայն (տե՛ս Բ. Թես. 2, 15: 3, 6): «Աւանդութիւն» բառն առաքեալն օգտագործում է այնպիսի ուսմունքներ նկարագրելու համար, ինչպիսիք են գլխաշորի գործածումը, Տիրոջ Վերջին ընթրիքը (Ա. Կորն. 11, 23), Քրիստոսի մահը, թաղումն ու յարութիւնը (Ա. Կորն. 15, 3): Ուստի գլխաշոր գործածելու վարդապետութիւնն աննշան եւ խորթ սովորութիւն չէ։ Այն առաքելական աւանդութիւն է, որը չի կարելի անտեսել: Բայց մեր օրերում եկեղեցում աւելի ու աւելի շատ են սկսում արմատաւորուել այն միտումները, որոնք նպատակ ունեն նմանուելու այս մեղսալի աշխարհին, եւ ուղղուած են ընդօրինակելու այս աշխարհի կերպարանքն իր չար սովորութիւններով: Կրօնական դաստիարակութեան պակասը եւ մեր եկեղեցու ու ժողովրդի պատմութեան մասին թոյլ եւ աղօտ ծանօթութիւնն առաջնահերթ պատճառներ են հանդիսանում քրիստոնէական աւանդոյթներից հրաժարուելու համար: Այն քրիստոնեաները (լինի կին թէ տղամարդ), ովքեր վիճաբանում են այս եւ այլ հոգեւոր աւանդոյթների դէմ, հաւանաբար անգէտ եւ անտեղեակ են, թէ ժամանակակից աշխարհի մշակութային ու բարոյական արժէքների համակարգի ազդեցութիւնն ինչ աստիճանի են վարակել իրենց միտքն ու խորհրդածումները, հաւատն ու կենցաղավարութիւնը: Նախնի քրիստոնեաները հաւատում էին, թէ Աստուած ընտրել է իրենց, որպէսզի լինեն աշխարհի լոյսը (տե՛ս Մատթ. 5, 14): Սա նշանակում էր չհամակերպուել այս աշխարհի չար սովորութիւններին եւ իրենց հիմքում դրուած չարակամ սկզբունքներին ու դիւահնար արժէքներին: Ուստի նախնի քրիստոնեաները լաւ էին հասկանում Պօղոս առաքեալի հետեւեալ խօսքը, թէ՝ «Այս աշխարհի կերպարանքով մի՛ կերպարանուէք» (Հռոմ. 12, 2): Առաքելական այս հրամանը կարծես թէ անտեսւում է այսօր շատ քրիստոնեաների կողմից, երբ նրանց համոզեն, օրինակ, թէ քօղով գլուխը ծածկելը կարեւոր բան չէ այսօր, քանի որ կան շատ աւելի կարեւոր խնդիրներ, քան այսպիսի մանրուքների մասին խորհել ու խօսել: Այսօր ակնյայտ է, թէ աշխարհիկ մշակոյթի հզօր ազդեցութեան տակ շատ քրիստոնեաներ նախընտրում են նուազագոյն դիմադրութեան ճանապարհը՝ կերպարանակից դառնալով այս աշխարհին: Պօղոս առաքեալն ասում է, թէ մենք պէտք է ոչ թէ ընդօրինակենք այս աշխարհի կերպարանքը, այլ նմանուենք իրեն, ինչպէս ինքն է ջանում նմանուել Յիսուս Քրիստոսին: Աշխարհին նմանուելը մահ է առաջ բերում, իսկ Տիրոջը նմանուելն ուղղորդում է փրկարար կեանքի: Զարմանալի չէ, որ Պօղոսը առաքեալը Կորնթոսի եկեղեցուն գրում էր, թէ սէրն առ Աստուած ապաշխարութիւն է առաջ բերում փրկութեան համար, իսկ աշխարհասիրութիւնը մահ է առաջ բերում (տե՛ս Բ. Կորն. 7, 10):
Սբ. Յովհան Ոսկեբերան հայրապետն այսպէս է մեկնաբանում Պօղոս առաքեալի խօսքը. «Գովում եմ ձեզ, որ յիշում էք ինձ ամէն ինչում»: «Երբ մեղքի գոյութիւնն անկասկածելի է, այդ ժամանակ առաքեալը խստօրէն յանդիմանում է ու նախատում, իսկ երբ մեղքի գոյութիւնն առարկելի է, ապա սկզբից ապացուցում է ու յետոյ յանդիմանում: Խօսելով անառարկելի մեղքի մասին՝ ցոյց է տալիս նրա կարեւորութիւնը, իսկ խօսելով կասկածելի մեղքի մասին՝ ապացուցում է մեղաւորութեան վաւերականութիւնը... Այսպիսով, ամբողջովին աւարտելով խօսքն այս ամէնի մասին՝ անցնում է մէկ այլ մեղքի: Ո՞րն էր այդ մեղքը: Կանայք գլխաբաց աղօթում էին ու մարգարէանում, քանի որ այն ժամանակ մարգարէանում էին նաեւ կանայք, իսկ տղամարդիկ, նմանուելով իմաստասիրութիւն ուսումնասիրողներին, երկարացնում էին իրենց մազերը եւ ծածկում իրենց գլուխները, երբ աղօթում ու մարգարէանում էին՝ երկու դէպքում էլ հետեւելով հեթանոսական օրէնքին: Առաքեալը, գտնուելով կորնթացիների մօտ, արդէն խրատել էր նրանց այս թեմայի վերաբերեալ, բայց քանի որ ոմանք հնազանդուեցին իրեն, իսկ ոմանք էլ անհնազանդ գտնուեցին, նա նորից գրաւոր կերպով, որպէս իմաստուն բժիշկ, յանդիմանական խօսքով ուղղում է մեղքը: Իսկ այն, որ անձամբ էր խրատում այս մասին, երեւում է իր ճառի սկզբից: Իսկապէս, գրութեան մէջ այս մասին սկզբում ոչ մի բան չասելով, այլ խորհելով ուրիշ մեղքերի մասին՝ նա յանկարծ ասում է. «Գովում եմ ձեզ, որ յիշում էք ինձ ամէն ինչում եւ պահում էք աւանդած բաները, ինչպէս որ աւանդեցի ձեզ»: Ակնյայտ է, թէ նրանց, ովքեր հնազանդուեցին իրեն, գովում է, իսկ ուրիշներին, որոնք անհնազանդ գտնուեցին, ուղղում է հետեւեալ խօսքերով. «Իսկ եթէ մէկն ուզում է առարկել, մենք չունենք այդպիսի սովորութիւն, ոչ էլ՝ Աստծու եկեղեցիները» (Ա. Կորն. 11, 16): Եթէ առաքեալը նախատէր բոլորին՝ ինչպէս հնազանդներին, այնպէս էլ անհնազանդներին, ապա առաջինների մէջ կը բորբոքէր զայրոյթը, իսկ վերջինների մէջ կ՚ամրապնդէր ամփութութիւնը: Բայց հիմա ոմանց գովելով ու սատարելով եւ ուրիշներին նախատելով՝ նա քաջալերում է առաջիններին, իսկ վերջիններին ամօթով է թողնում: Թէեւ նախատինքն ինքնին կարող է ազդեցիկ լինել, բայց աւելի արդիւնաւէտ է լինում, երբ զուգորդուած է լինում պիտանի գովասանքով: Այդ պատճառով էլ նա սկսում է ոչ թէ նախատինքով, այլ գովելով: Ի դէպ, մեծ գովասանքով ասում է. «Գովում եմ ձեզ, որ յիշում էք ինձ ամէն ինչում»: Այսպէս է սովորաբար հանդէս գալիս Պօղոսը, երբ փոքր ինչ արժանիքների համար վարձատրում է մեծ գովասանքներով, եւ սա անում է ոչ շողոքորթութեամբ. քա՛ւ լիցի: Կարո՞ղ էր արդեօք շողոքորթութիւն անել նա, ով երբէք չի փնտռել փող, փառք կամ էլ նման որեւէ բան, այլ ամէն ինչում միայն նկատի է ունեցել նրանց փրկութիւնը: Այս պատճառով ամրապնդում է գովասանքով. «Գովում եմ ձեզ, որ յիշում էք ինձ ամէն ինչում»: Ի՞նչ է «ամէն ինչում» ասուածը: Նա խօսում էր միայն մազերը չերկարացնելու եւ գլուխը չծածկելու մասին, բայց, ինչպէս ասել էի, ամրապնդում է գովասանքով, որպէսզի նրանց աւելի ջանասէր դարձնի: Ասում է. «Յիշում էք ինձ ամէն ինչում եւ պահում էք աւանդած բաները, ինչպէս որ աւանդեցի ձեզ»: Հետեւաբար, նա դեռ սկզբից նրանց շատ բաներով էր խրատում ոչ գրաւոր կերպով, ինչպէս որ յայտնում է այս մասին շատ այլ տեղերում: Բայց սկզբից նա թողել էր միայն նրանց աւանդութիւնը, իսկ հիմա աւելացնում է նաեւ պատճառը: Այսպիսով, նա է՛լ աւելի է ամրապնդում հնազանդներին եւ յանդիմանում անհնազանդների հպարտութիւնը: Չի ասում, թէ դուք հնազանդուեցիք, իսկ միւսները չհնազանդուեցին, բայց բառացիօրէն չարտայայտուելով այս մասին՝ այնուհետեւ ակնարկում է իր յետագայ խրատներում: «Ուզում եմ, որ դուք իմանաք, թէ ամէն մարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ մարդը եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած» (Ա. Կորն. 11, 3): Սա է պատճառը»[2]:
Այսպիսով, ամփոփելով կորնթացիներին ուղղուած առաջին նամակի 11-րդ գլխի առաջին երկու նախադասութիւնները՝ ուզում ենք նորից յիշեցնել, թէ ամէն բան, ինչ որ այստեղ խօսում է Պօղոս առաքեալը, Աստծու ճշմարիտ խօսքն է: Այլապէս, հակառակն ասելը փորձ է՝ վարկաբեկելու Սուրբ Գրքի իսկութիւնը: Կորնթացիներն արդէն անցեալում բաւական բաներ էին սովորել Պօղոս առաքեալից, բայց առաքեալը ցանկանում է յիշեցնել քրիստոնէական աւանդութիւնները եւ աւելացնել նոր գիտելիքներ, քանի որ ասում է. «Ուզում եմ, որ դուք իմանաք...»: Եւ յետոյ նա յայտարարում է. «Ինչ որ գրեցի ձեզ, Տիրոջ պատուիրաններն են» (Ա. Կորն. 14, 37): Եթէ նա ցանկանում է, որ եկեղեցին նոր բան իմանայ, ուրեմն որքա՛ն կարեւոր էր իր համար, որ Տիրոջ այս պատուիրանը կատարուի։ Իսկ ո՞րն էր այն պատուիրանը, որ Տէրը վստահել էր առաքեալին աւետարանելու, եւ որո՞նք են այն հիմնական պատճառները՝ եկեղեցում եւ աղօթելիս գլուխը քօղով ծածկելու: Առաքեալն իր պատճառաբանութիւնն սկսում է հետեւեալ խօսքերով. «Ամէն մարդու գլուխը Քրիստոսն է, կնոջ գլուխը՝ մարդը եւ Քրիստոսի գլուխը՝ Աստուած» (Ա. Կորն. 11, 3)։