Մի անգամ, մի երիտասարդ եկավ Հայր Պաիսիոսի մոտ ու ասաց.
- Այժմ քսանվեց տարեկան եմ և կյանքիս մեծ մասը բանտում եմ անցկացրել: Փոքր տարիքից սիրտս շատ էր ցավում, երբ դժբախտ մարդկանց էի տեսնում: Ես անուն առ անուն գիտեի մեր համայնքի բոլոր այն մարդկանց, ովքեր կարիքի մեջ էին ու տառապում էին: Մեր քահանան ու համայնքի ատենապետն անընդհատ գումար էին հավաքում, որ ծախսում էին զանազան շինությունների, եկեղեցու վերանորոգման և այլնի վրա, իսկ կարիքավոր ընտանիքներն անտեսվում էին: Ես չեմ դատապարտում այդ շինարարական աշխատանքներն, այլ ուղղակի խոսում եմ այն մասին, որ բազմաթիվ ընչազուրկների էի տեսնում: Ահա այդ ժամանակ էլ սկսեցի թաքուն վերցնել նվիրատվությունների գումարները: Գողացած գումարով սնունդ էի գնում, անհրաժեշտ իրեր ու թողնում էի աղքատների դռների մոտ: Դրանից անմիջապես հետո, չցանկանալով, որպեսզի գողության կասկածանքով անմեղ մարդկանց ձերբակալեն, ոստիկանություն էի գնում ու ասում. «Ես եկեղեցուց գումար եմ գողացել ու ծախսել»: Ավելին ոչինչ չէի ասում: Այդպես շարունակվեց մի քանի տարի: Մեր քաղաքը երեսուն հազար բնակչություն ունի, բոլորը լսել էին իմ մասին ու «թափթփուկ»-ից ու «գող»-ից զատ այլ բան չէին ասում: Իսկ ես լռում էի և… ուրախություն զգում: Երբեմն ինձ բանտարկում էին գողության մեջ կասկածելով միայն, իսկ ես մեղավոր չէի լինում: Այդ պատճառով էլ շատ տարիներ եմ անցկացրել բանտերում:
Նրա պատմությունը լսելով՝ Հայր Պաիսիոսն ասաց.
- Ահա, թե ինչ, տղա՛: Չնայած այն ամենն, ինչ պատմեցիր, առաջին հայացքից բարի է թվում, սակայն իրականում ոչ մի լավ բան չկա դրա մեջ, այլևս այդպես մի արա: Ահա, թե ինչ խորհուրդ կտամ քեզ. պետք է հեռանաս հարազատ քաղաքիցդ: Սկսիր աշխատել և ուժերիդ ներածին չափով օգնիր կարիքավորներին՝ նրանց հետ կիսելով հացիդ վերջին կտորը, որովհետև դա ավելի մեծ արժեք ունի, քան այն, ինչ մինչև այժմ էիր անում: Բայց, եթե մարդը ոչինչ չունի աղքատին տալու և նրա սիրտը ցավում է այդ պատճառով, ապա նա վերին կարգի ողորմություն է տալիս նրան՝ իր սրտի արյան ողորմությունը: Քանի որ, երբ մարդ ողորմություն է տալիս նրանից, ինչ ունի, ապա ուրախություն է զգում, իսկ երբ տալու ոչինչ չունի՝ սրտի ցավ է զգում:
Ծերին լսելով՝ երիտասարդը խոստացավ հետևել նրա խորհրդին և ուրախ ոգով հեռացավ:
Չնայած, որ նրան հաճախ էին բանտ նստեցնում առանց մեղավորության, գող էին համարում՝ չիմանալով իրական դրդապատճառները, խայտառակում էին ու ամոթանք տալիս, նա իր հեղինակության վերականգնման մասին չէր մտահոգվում, այլ մտածում էր, թե ինչպես օգնի ուրիշներին:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի