13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
«Գոհությո՛ւն հայտնեցեք ամեն ժամ ամեն ինչի համար Հորը և Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով» (Եփես. 5:20):
Թանկագի՛ն եղբայրներ և քույրեր ի Քրիստոս,
Մեր սիրելի հայրենիքը, մեր փայփայած ու գուրգուրած Հայոց և Արցախ աշխարհներն իրենց անգին ու նվիրյալ զավակների հետ այսօր իրենց խաչի ճանապարհն են անցնում՝ միասնաբար հաղթահարելով մեր հաղթության բարձունքը: Այսօր մեր քաջորդիների արյունով, նրանց աներևակայելի սխրանքներով գրվում են Հայոց պատմության հերոսական ու հաղթական էջերը: Մենք այսօր ապրում ենք մեր ազգի համար բարդ ու ցավոտ, բայց միևնույն ժամանակ և պանծալի ժամանակաշրջանում: Մենք ականատեսն ենք լինում բազմաթիվ հրաշքների ու ապշեցնող քաջագործությունների: Այսօր, առավել քան երբևէ, տեսնում ու զգում ենք Երկնքի ներկայությունը մեր կողքին: Այո՛, աշխարհը խուլ է ու կույր, աշխարհը ուժն է ընդունում, այլ ոչ թե արդարությունը, աշխարհը միմիայն իր շահն է փնտրում՝ անհաղորդ մնալով բազում խաղաղ ու անմեղ զոհերի տառապանքին: Եվ սա գոնե մեզ՝ Քրիստոսի հետևորդներիս, Ավետարանին ծանոթ մարդկանց չի զարմացնում և անակնկալ չէ մեզ համար: Չարի տիրապետությունն այդպիսին է: Իսկ մենք Տիրոջից սովորել ենք նախ և առաջ ապավինել մեզ սիրող Երկնավոր Հորն ու երկնային տերությանը, և ապա ծոմով, պահքով ու աղոթքով հայցել Նրա օրհնաբեր միջամտությունը աշխարհի կարող մարդկանց միջոցով: Եվ սա նշանակում է, սիրելի՛ հավատացյալներ, որ մենք պիտի շարունակենք մեր արդարացի պայքարը և՛ ռազմաճակատում, և՛ թիկունքում, և՛ մնացյալ բոլոր ասպարեզներում՝ հուսալով ու ապավինելով Զորությունների Տիրոջ ողորմածությանը:
Մեր պայքարը ծանր է, յուրաքանչյուր կորուստ՝ անգին, ցավը՝ դառնակսկիծ, բայց մենք մենակ չենք մեզ բաժին հասած փորձության մեջ, և ոչ էլ մեր տառապանքն է աննպատակ: Երեկ, այսօր և վաղը նույնն է հանուն մեզ խաչված Քրիստոս և խոստանում է, որ երբեք մեզ մենակ չի թողնելու: Եվ եթե խաղաղ օրերին Տերն ուղղակի մեր հավատարիմ ուղեկիցն է, ապա այսօր Իր հայրական գիրկն է առել ցավի միջով անցնող Իր յուրաքանչյուր զավակին և միայն Ամենակարող ու Սիրող Աստծուն հասանելի միջոցներով մխիթարում, ամոքում ու զորացնում է մեզ: «Որտեղի՞ց ձեզ այդքան ուժ»,- զարմանքով ու հիացմունքով հարցնում է ռուս լրագրողը: «Աստված մեզ հետ է»,- լսում է ի պատասխան: Այո՛, Աստված մշտապես Իր զավակների հետ է, և այս օրերին մարտի դաշտում ու թիկունքում թափված արյուն-քրտինքն իզուր չէ, սիրելինե՛ր, քանի որ այսօր, Երկնակալի զորակցությամբ, կոփվում է մեր տան, մեր ժառանգների ապագա անվտանգությունը, այսօր բոլորիս համատեղ ջանքերով կառուցվում է այն անխորտակելի պատնեշը, որը ստոր թշնամուն հավիտյանս հետ պիտի շպրտի մեր սրբագործված հողից: Այսօր մեզնից յուրաքանչյուրը լավագույնս կերտում է իր հոգևոր բարձունքը, որին կոչված ենք՝ ըստ հավատի, քանի որ շատ հաճախ, այդ բարձունքը նեղություններն ու տառապանքն են կերտում: Եվ ես այսօր խոցված սրտով և մեր յուրաքանչյուր առյուծ նահատակի համար արնահոսող հոգով գոհաբանություն եմ վերառաքում առ Երկավոր Հայր, որ թեկուզ և մեզ՝ ապրողներիս համար անասելի թանկ գնով, բայց մեծ թափով իրագործվում է մեզնից յուրաքանչյուրի փրկության ծրագիրը:
Սուրբ Պողոս Առաքյալն ասում է՝ ամեն ժամ ամեն ինչի համար գոհությո՛ւն հայտնեք Աստծուն՝ անկախ պատերազմից ու խաղաղությունից, հարստությունից ու աղքատությունից, առողջությունից ու հիվանդությունից: Ինչպես աստվածային պատվիրանների կատարումը, այնպես էլ Աստծուն փառաբանելն ու գոհություն հայտնելը դուրս է ու վեր մեր մեղավոր պատկերացումներից ու ցանկություններից: Քանի որ շատ հաճախ, ցավի ազդեցության ներքո, շատերը մեղադրում են Աստծուն՝ հարցնելով՝ ինչո՞ւ նման բան թույլ տվեցիր, կամ՝ ինչո՞ւ ես: Եվ Եկեղեցու սուրբ հայրերն ասում են, որ Աստված իհարկե ունի բոլոր պատասխանները, սակայն մենք այդ պահին դրանք չենք ստանում, քանի որ ինքներս պատրաստ չենք լինում: Ցավը հաճախ արգելափակում է մարդու ողջամտությունը, բթացնում՝ շրջապատի հանդեպ ընկալունակությունն ու պարփակում նրան իր մեջ: Մենք չունենք այն խոնարհությունը, առ Աստված այն վստահությունը, որը մեզ թույլ կտար լսել Նրա պատասխանը: Ուրեմն, մինչ այդ, մեզ մնում է միայն գոնե չտրտնջալով՝ գոհություն հայտնել Երկնակալին և գոնե շուրթերով ասել «Փա՜ռք Աստծու» յուրաքանչյուր պարագայում, մինչև որ սիրտն էլ այդ անդադար կրկնողությունից կփոխվի ու կմիանա Ամենակալ Արարչի փառաբանությունը: «Ինչ էլ որ գա քո գլխին, ընդունի՛ր հոժարությամբ և հաճախադեպ տառապանքների ժամանակ համբերատա՛ր եղիր: Ոսկին փորձվում է կրակի մեջ, իսկ մարդը՝ տառապանքների բովում: Հավատա՛ Տիրոջը, և նա կպաշտպանի քեզ, ուղղի՛ր քո ճանապարհները և հույսդ դի՛ր նրա վրա»,- ասվում է Սիրաքի իմաստության մեջ (2:4-6), և մենք նրան չհավատալու ոչ մի պատճառ չունենք, սիրելի՛ հավատացյալներ, քանի որ սովորել ենք և գիտենք, որ Աստված ամեն բան ծառայեցնում է մեր հոգու փրկությանը: Գիտենք, որ պանդուխտներ ենք այս ժամանակավոր աշխարհում և մեզ սիրող ու սպասող Հոր ցանկությունը ոչ թե մեր այստեղի կարճ կյանքը փափուկ ու բարեկեցիկ դարձնելն է, այլ մեր յուրաքանչյուր ընտրություն, մեր յուրաքանչյուր ճանապարհ ի բարին շրջելն ու մեզ Իր Արքայությանն արժանացնելը: Մենք հաճախ տառապում ենք մեր սեփական անմտությունից, հպարտությունից ու բազմաթիվ մեղքերից: Հասարակության մեջ ապրելով՝ տառապում ենք այդ նույն հասարակության ընդհանուր սխալների ու հանցանքների հետևանքներից: Մեր կենսակերպով մեզ հեռացնում ենք Ողորմած Աստծուց ու մարդատյաց չարի իշխանությանը հանձնում և ուզում ենք չտառապե՞լ… Սակայն, ի փառս Աստծու և հուրախություն մեզ, տառապանքն անվերջ չէ, սիրելինե՛ր: Բավական է միայն գիտակցել, որ Երկնային Բժշկի թույլատու կամքով որոշակի ցավեր են մեզ պատահում, որպեսզի տեսնենք մեր հոգու ախտերը, մեր անթիվ ու անհամար մեղքերն ու Բժշկին դիմենք: Դրանք մեզ պատահում են նաև, եթե ծույլ աշակերտի պես չենք ուզում առաջադիմել առաքինության մեջ, ուստի խնդիրը կրկնվում է, կամ էլ նորանոր խնդիրներ են ավելանում, որպեսզի ի վերջո ջանք գործադրենք ու սերտենք մեզ հանձանարարված դասը: Իսկ որպեսզի այդ ցավոտ դասերը չկրկնվեն, ոչ էլ վերքերն արնահոսեն, մենք պիտի սովորենք հրաժարվել այն բոլոր սխալներից ու մեղքերից, որոնցից մեզ զգուշացնում է Տերը: Այնուհետև պիտի սովորենք գնահատել մեր ունեցածը, ու գոհություն հայտնել Աստծուն միշտ և ամեն ինչի համար: Որովհետև ինչպես Եկեղեցու հայրերն են ասում՝ գոհությունը վահան է տառապանքների դեմ և դրանք ընկրկում են, երբ ակնհայտ է դառնում, որ մարդը, կամ հասարակությունն ու ազգը սովորել է Աստծու պարգևները գնահատելու և գոհանալու կարևորագույն դասը: Իսկ սրա համար սրտի մաքրություն ու պարզություն է անհրաժեշտ, սիրելի՛ հավատացյալներ: Սրա համար խոնարհություն ու հեզություն է անհրաժեշտ, որպեսզի ամեն պարագայում գիտակցես, որ Տերն Աստված է և այն ամենն, ինչ ունես ու պիտի ունենաս, միայն ու միայն Ամենակալի բարի կամքի շնորհիվ է: Սա կարողացան տեսնել սուրբ Քսենոփոնն ու նրա կին Մարիամը, որոնք իրենց զավակների կարծեցյալ մահվան լուրն առնելով՝ ասացին. «Տերը տվեց… և Տերն առավ… որպես Տիրոջն է հաճո` այնպես կլինի… Օրհնյալ է Տիրոջ անունը հավիտյան…» Ի դեպ՝ եթե դեռ չեք կարդացել «Սուրբ Քսենոփոնի, նրա կին Մարիամի և երկու որդիների՝ Հովհանի և Արկադիոսի վկայաբանությունը», որ մեր կայքում ևս կա, հորդորս է, որ կարդաք ձեր իսկ հոգևոր շահի համար: Իսկ որդեկորույս ծնողի ցավն, անխոս, չափազանց դառն է ու անտանելի, և աղաչանքս է առ Ամենակարող Տեր, որպեսզի ողջ, առողջ ու անփորձանք պահի մեր բոլոր և հատկապես՝ ճակատում կռվող զավակներին: Բայց ամեն պարագայում չափազանց կարևոր է չկորցնել հավատն ու թիկունք չդարձնել Աստծուն: Միշտ հիշե՛լ, որ նախքան դուք կսիրեիք ձեր զավակին, Արարիչ Աստված ձեզնից առաջ է արդեն նրան սիրել: Եվ սա շատ լավ հասկացել էր մի պարզ հողագործ, որի զավակը զոհվել էր այս պատերազմում, և որն իր սիրելի զավակի հուղարկավորության օրը մեծ արիասրտությամբ ու մեծ խոնարհությամբ ասել էր. «Ուրեմն իմ որդին պետք էր Աստծուն»: Ահա այսպիսի պարզ ու շիտակ սրտերն են մեզ միշտ պակասում, ահա այսպիսի սրտերին է նայում մեր Տերը և նրանց աղոթքին ականջ դնելով՝ շտապում օգնության: Ուստի որքան էլ արդար է մեր պայքարը, որքան էլ առյուծասիրտ են մեր քաջ զավակները, միշտ հիշե՛նք, որ կամքն ու վերջին խոսքն Աստծունն են: Արդ, խոնարհ երկյուղածությամբ պահե՛նք Տիրոջ բոլոր պատվիրանները՝ մեր սրտերը մաքրելով մեղքի աղբ ու վարակից, ամենայն ժամ գոհությո՛ւն մատուցենք Նրան և աղաչե՛նք, որպեսզի Իր սիրասուն Մոր աղոթքներով ու բոլոր սրբերի բարեխոսությամբ Իր ամենազոր ու ողորմած սուրբ Աջը տարածի Հայոց ու Արցախ աշխարհի վրա և հաղթական հարվածով թշնամուն խորտակելով՝ սկիզբը դնի մեր նոր ու հարատև խաղաղության: Իսկ ստոր թշնամին թող ականջին օղ անի արդար Հովսեփի խոսքը, որ այսօր մենք ենք իրենց ասում. «Դուք մտածեցիք ինձ չարիք պատճառել, բայց Աստված որոշեց ինձ բարիք անել» (Ծննդ. 50:20): Իսկ ձեզ համար, սիրելի՛ հավատացյալներ, մշտապես կրկնե՛ք սաղմոսերգուի այն խոսքը, որ ասում է.
«Հավատում եմ, որ կտեսնեմ Տիրոջ բարությունը ողջերի երկրում: Սպասիր Տիրոջն ու քաջալերվի՛ր, սիրտդ թող ամրապնդվի, Տիրո՛ջը սպասիր» (Սղմ. 26:13-14). ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան