13 Մայիս, Դշ, Հինանց ԼԹ օր
Խոստովան եղերուք Տեառն, զի բարի է, զի յաւիտեան է ողորմութիւն Նորա։
Գոհությո՛ւն մատուցեցեք Տիրոջը, քանզի բարի է Նա, քանզի հավերժ է ողորմությունը Նրա (Սաղմոս 117։1)։
Սիրելի՛ հավատավոր զավակներ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու.
Հրեա քահայանապետները մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոսին հարցնում էին, թե ինչ իշխանությամբ է անում Իր բժշկություններն ու հրաշքները, որովհետև հոգով կույր էին։ Եթե կույր չլինեին, առաջինը նրանք պիտի երկրպագեին՝ տեսնելով Աստծու Որդուն մարմնացած ու մարդացած։ Եթե նրանք լինեին Դավիթ թագավորի արժանավոր սերունդները, ոչ միայն իրենց մարմնավոր աչքերով, այլև հոգու աչքերով կճանաչեին Տիրոջը ու կփառաբանեին, ինչպես դա անում է Դավիթն իր սաղմոսներում։ Նա անթիվ-անհամար անգամ հորդորում է փառք տալ Աստծուն և ցույց է տալիս, թե որքան պատճառներ կան Աստծուց գոհանալու և օրհներգելու Նրան։ «Գոհություն կմատուցեմ Քեզ ժողովուրդների մեջ, Տե՛ր, և ազգերի մեջ սաղմոս կերգեմ Քեզ։ Մեծ է Քո ողորմությունը և երկնքից բարձր, և Քո ճշմարտությունը հասնում է ամպերին։ Դու երկինք ես բարձրացած, Աստվա՛ծ, և ողջ աշխարհն է բռնել փառքը Քո» (Սաղմոս 107։4-6)։ Կամ՝ «Օրհնի՛ր Տիրոջը, ո՛վ իմ անձ, և մի՛ մոռացիր բոլոր պարգևները Նրա, ով քավություն է տալիս քո մեղքերին, բժշկում ախտերը քո բոլոր» (Սաղմոս 102։2-4)։
Իսկապես Աստվածճանաչությունը մարդուն դարձնում է Աստվածասեր և փառաբանող։ «Փառաբանել Աստծուն» նշանակում է ունենալ գոհունակ սիրտ, գոհանալ Աստծուց, գովել ու գովաբանել Նրան, չդժգոհել ու չբողոքել, օրհնել ու մեծարել Նրան՝ նախ և առաջ իբրև Արարչի և ապա՝ Նրա շնորհած կյանքի ու պարգևների համար։ Աստծուն փառք տալով՝ մարդ նմանվում է հրեշտակներին։ Այդպես մարդը գնահատում, ըմբռնում և շնորհակալություն է հայտնում իր Տիրոջը՝ իրեն շունչ ու կյանք պարգևելու համար։ Երբ որ մարդը փառք է տալիս Աստծուն, նշանակում է նրա սիրտն ու միտքը գիտակցում են Աստծու մեծությունն ու իր փոքրությունը, Աստծու ամենազորությունն ու իր անկարողությունը շատ-շատ հարցերում, Աստծու համբերատարությունն ու ներողամտությունը իր մեղքերի հանդեպ և իր համառ մեղավորությունն ու ամբարտավանությունը։ Երբ որ մարդը Աստծուն փառք է տալիս ուրախության և տխրության ժամանակ, հարստության ու աղքատության մեջ, սովորական թե յուրահատուկ օրերին, դրանով գնահատում է իր կյանքը, իր երախտագիտությունն է հայտնում իր սիրելիների ու հարազատների համար, իր ունեցածի և չունեցածի համար, քանզի կյանքը Աստծու պարգևն է, ու մեր հոգևոր տուրքն է Աստծուն շնորհակալ լինելը։
Հիշենք «Անառակ որդու առակը»։ Ի վերջո, Հորից դժգոհ էին երկու որդիներն էլ։ Կրտսեր որդին չգիտակցեց՝ ինչպիսի բարօրության մեջ է ապրում հոր տանը և հորից ուզեց իր բաժին ժառանգությունը ու ստանալով այն՝ հեռացավ։ Եվ միայն այն մսխելուց հետո հասկացավ՝ ինչ ուներ և ինչ չունի հիմա։ Ավագ որդին էլ դժգոհ էր հորից, որովհետև կրտսեր որդու համար հայրը մորթել էր պարարտ եզը. «Այս քանի՜ տարի է, որ ծառայում եմ քեզ և երբեք քո հրամանները զանց չեմ արել. ինձ երբեք մի ուլ չտվիր, որ բարեկամներիս հետ ուրախություն անեի։ Երբ եկավ քո այդ որդին, որը քո ունեցվածքը կերավ պոռնիկների հետ, պարարտ եզը նրա համար մորթեցիր»։ Հայրը նրան ասաց. «Որդյա՛կ, դու միշտ ինձ հետ ես, և ամեն ինչ, որ իմն է, քոնն է. բայց պետք էր ուրախ լինել և ցնծալ, որովհետև քո այս եղբայրը մեռած էր և կենդանացավ, կորած էր և գտնվեց» (Ղուկաս 15։29-32)։
Գոհունակ սիրտը, հոգին ու միտքն են փառաբանում Աստծուն։ Գոհունակ սիրտը չի նախանձում ուրիշներին, մինչդեռ դժգոհը կարող է նախանձել, գուհունակ սիրտը միշտ ուրախ է, դժգոհը՝ տխուր, գոհունակ սիրտը խաղաղ է, որ ամենակարևորն է, իսկ դժգոհը կորցնում է իր հոգու անդորրը։ Գոհ մարդը տեսնում է իր ունեցածը, Աստծու՝ իրեն շնորհած առատ պարգևները, իսկ դժգոհ մարդը տեսնում է միայն իր չունեցածը։ Վստահեցնում եմ ձեզ, եթե մարդը գոհ լինի ու փառաբանի Աստծուն, նրա կյանքը գլխիվայր կփոխվի դեպի լավը, կլցվի օրհնություններով։ Այո՛, դժվար է դժբախտության, հարազատի կորստի, ցավի ու տառապանքի, հիվանդության ու աղքատության ժամանակ ասել «Փա՜ռք Քեզ, Տե՛ր», սակայն եթե ուշադիր եղել եք, եկեղեցին հուղարկավորության ժամանակ փառաբանություն է երգում Ամենակարող Աստծուն։ Կորստյան ու վշտի մեջ չպիտի անհետանան մարդու հավատքն ու սերն առ Աստված, այլ պիտի աներեր մնան, իրենց հավատարմություն ցույց տան Աստծուն։
Լիովին տարբեր են այն մարդու սիրտն ու կյանքի օրերը, որ գիտի գոհանալ Աստծուց և շնորհակալություն հայտնել, և այն մարդու սիրտն ու կյանքի ընթացքը, որը չի տեսնում Աստծու առաջնորդությունը և անվերջ դժգոհում ու փնթփնթում է։ Ճշմարիտ քրիստոնյան երախտագետ է ու գոհ, որը մոմ վառելիս միայն իր խնդրանքները չի ներկայացնում, այլ առաջին հերթին փառք է տալիս Աստծուն՝ հիշելով Նրա շնորհներն ու օգնությունը, տվածն ու չտվածը։ Նման անձը հասկանում է, որ Աստված հոգում է իր փրկության համար։ Նրա համար ամեն ինչ չի սկսվում ու ավարտվում այս աշխարհի սահմաններով, այս աշխարհում ձեռք բերածով ու ունեցածով։ Նա հավատում է Աստծուն և համոզված է, որ Աստված բարի է և բարի ու օրհնյալ է Նրա սուրբ կամքը։
Աստծուն օրհնաբանելով՝ լուսավորվում է մարդու օրը։ Երբ որ մեր Տեր և Փրկիչ Հիսուս Քրիստոս բուժեց տասը բորոտներին, զարմացավ, որ միայն մեկը վերադարձավ շնորհակալություն հայտնելու։ Շատ հաճախ ոչ միայն սովորական օրերին, այլև նշանակալի իրադարձությունների ժամանակ իսկ զլանում ենք կամ մոռանում փառաբանել Աստծուն ու մեր սրտի գոհությունը հայտնել։ Երբ որ փառաբանենք Աստծուն ու գոհ լինենք նաև մեզ շրջապատող մարդկանցից, սխալներում ու մեղքերի մեջ մե՛զ մեղավոր համարենք, կլինենք խոնարհ, ավետարանական մաքսավորի պես կգովվենք Քրիստոսից ու օրհնություն կստանանք։ Իսկ եթե փարիսեցու պես զբաղվենք ինքափառաբանմամբ, ոչ մի հոգևոր շահ չենք ունենա մեր իսկ աղոթքներից։
Սիրելինե՛ր, զգույշ լինենք իբրև հավատավոր մարդիկ, որովհետև Երուսաղեմ մուտք գործելիս Հիսուսին հրեաները փառաբանում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի Որդուն, օրհնյա՜լ է Նա, որ գալիս է Տիրոջ անունով, օրհնությո՜ւն բարձունքներում» (Մատթեոս 20։9), սակայն հաջորդ օրերին Պիղատոսից պահանջում էին խաչը հանել Նրան, ուստի մենք էլ կարող ենք փառաբանել Տիրոջը և հաջորդ րոպեին մեր մեղքերով խաչին գամել Նրան։ Թող Տերը մեզ համար չասի. «Այս ժողովուրդը Ինձ շրթներով է մեծարում, բայց նրանց սրտերը Ինձնից հեռու են» (Մարկոս 7։6)։ Դադարենք մոմ վառելիս Քրիստոսին ներկայացնել մեր ցանկությունների ցանկը, փոխարենը առաջին հերթին շնորհակալություն հայտնենք Նրան ամեն ինչի համար՝ կրկնելով. «Փա՜ռք Քեզ, Աստվա՛ծ, փա՜ռք Քեզ, ամեն բանի համար, Տե՛ր, փա՜ռք Քեզ»։
Շնորհք, սէր և խաղաղութիւն Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի եղիցի ընդ ձեզ, ընդ ամենեսեանսն․ամեն։
Տեր Վահան քհն․ Առաքելյան