Մի երիտասարդ վանական եկավ մի հայտնի ճգնավորի մոտ և խնդրեց կատարելության ուղին ցույց տալ իրեն:
- Այս գիշեր գերեզմանատուն գնա,- ասաց ծերը,- և մինչ առավոտ գովիր այնտեղ թաղված ննջեցյալներին, իսկ հետո ինձ մոտ արի և ասա, թե նրանք ինչպես ընդունեցին գովքդ:
Հաջորդ օրը վանականը վերադարձավ գերեզմանատնից և ասաց.
- Կատարեցի ասածդ, Հա՛յր սուրբ: Ողջ գիշեր բարձր ձայնով գովեցի այդ հանգուցյալներին, նրանց սրբեր անվանեցի, երանելի հայրեր, մեծ արդարներ ու Աստծո երանելիներ, տիեզերքի լուսատուներ, իմաստության ծովեր, երկրի աղ… Սուրբ Գրքում կարդացած բոլոր առաքինությունները նրանց վերագրեցի:
- Եվ ի՞նչ: Նրանք իրենց գոհունակությունն ինչպե՞ս արտահայտեցին:
- Ոչ մի կերպ, Հա՛յր: Ողջ ընթացքում լռություն պահպանեցին, ոչ մի խոսք չլսեցի նրանցից:
- Շատ զարմանալի է,- ասաց ծերը,- ահա՛, թե ինչ արա՝ այս գիշեր կրկին գնա այնտեղ և մինչ առավոտ մի լավ հայհոյիր նրանց: Դրանից հետո պիտի որ խոսեն:
Հաջորդ օրը վանականը կրկին վերադարձավ և հայտնեց.
- Ամեն կերպ հայհոյեցի և անարգեցի նրանց, կեղտոտ շներ անվանեցի, չարի անոթներ, աստվածուրացներ: Հին և Նոր կտակարանների բոլոր չարագործներին հավասարեցրի նրանց՝ եղբայրասպան Կայենից մինչև Անանիա և Սափիրա խաբեբաներ: Բոլոր հերետիկոսությունների մեջ մեղադրեցի:
- Եվ ինչպե՞ս փրկվեցիր նրանց զայրույթից:
- Ոչ մի կերպ, Հա՛յր: Նրանք միայն լռում էին: Նույնիսկ ականջս նրանց գերեզմանաքարերին դրեցի, բայց ոչ ոք չարձագանքեց:
- Ահա՛, տեսնո՞ւմ ես,- ասաց ծերը,- դու բարձրացար հրեշտակային վարքի առաջին աստիճանին, որը հնազանդությունն է, իսկ այդ վարքի գագաթին երկրի վրա կհասնես միայն այն ժամանակ, երբ անտարբեր կլինես և՛ գովասանքի, և՛ վիրավորանքի նկատմամբ այնպես, ինչպես այդ ննջեցյալները:
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի