23 Դեկտեմբեր, Բշ
Նոյեմբերի 25-ին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիկոպոսի օրհնությամբ ու աջակցությամբ «Գրաբարյան օրեր» ծրագրի շրջանակում Արարատյան Հայրապետական թեմը և «Ծիրանի» մշակութային հանգույցը անցկացրին գրաբարի օլիմպիադա: Մասնակցում էր շուրջ 90 պատանի Երևանի ավագ ու հիմնական դպրոցներից:
Մրցույթն անցկացվեց գրավոր ու բանավոր փուլերով: Բանավոր քննությունն անց էին կացնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Տ. Գարեգին աբեղա Համբարձումյանը, ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու խորհրդակատար Տ. Պարթև քահանա Մուրադյանը և Գևորգյան հոգևոր ճեմարանի գրաբարի դասախոս Նորայր Պողոսյանը:
Արդյունքները պարզ կդառանան մի քանի օրից: Լավագույն երեք աշակերտներն ու իրենց ուսուցիչները կպարգևատրվեն:
Մրցույթին մասնակցած բոլոր պատանիների համար մոտակա օրերին կկազմակերպվի ուխտագնացություն:
«Գրաբարյան օրեր» ծրագրով հոկտեմբերի 11-ից՝ Ս. Թարգմանչաց տոնից, Երևանի ավագ դպրոցներում ու հիմնական մեկ դպրոցում կազմակերպվեցին գրաբարյան ընթերցումներ, բաց դասեր, գրաբարի ուսուցման տեսադասընթացի ցուցադրություն: Դպրոցներից մեկում կազմակերպվել էր ինտելեկտուալ խաղ:
Ծրագիրն իրականացվում է ՀՀ ԿԳ նախարարության և Երևանի քաղաքապետարանի հանրակրթության վարչությունների հետ աջակցությամբ:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին