25 Նոյեմբեր, Բշ
Գրիգոր Աստվածաբան
Սուրբ Գրիգոր Աստվածաբանը կոչվում է նաև Գրիգոր Նազիանզացի, քանի որ Կապադովկիայի Նազիանզ գյուղաքաղաքից էր, որդին էր Նազիանզի Գրիգոր եպիսկոպոսի: Նա ապրել և գործել է 328-389 թվականներին: Սուրբ Գրիգոր Նազիանզացին ընկերն էր Սուրբ Բարսեղ Կեսարացու, ում հետ ծանոթացել էր ուսումնառության տարիներին Կապադովկիայում և մտերմացել Աթենքի համալսարանում ուսանելու ժամանակ: Աթենքի համալսարանը Պլատոնի կողմից Ն.Ք. չորրորդ դարում հիմնադրված Ակադեմիան էր, որ արդյունավետությամբ գործեց շուրջ հազար տարի և փակվեց Հուստինիանոս կայսեր կողմից 539 թվականին: Աթենքի համալսարանում ուսանողական յուրահատուկ սովորություն կար նորեկներին փորձության ենթարկելու: Նոր ուսանողին աղմուկով, պարերով, ծաղրանքներով ուղեկցում էին մինչև բաղնիք, այնուհետ խանգարում բաղնիքի դուռը բացելուն: Եթե նոր ուսանողը դիմանում էր այս փորձությանը, ապա բաղնիքից դուրս գալիս նրան ընդում էին իբրև յուրային և ընդգրկում իրենց շարքերը: Հավանաբար այսպիսի փորձության միջով անցել էր նաև Գրիգորը: Բայց երբ նա իմանում է Բարսեղի գալստյան մասին, դիմավորում է նրան և զգուշացնում ուսանողական այս փորձության մասին և նույնիսկ համոզում մյուս ուսանողներին, որ Բարսեղի հետ հարգանքով վերաբերվեն և նման փորձություններ չսարքեն: «Սա եղավ առաջին առիթը մեր մտերմության»,- գրում է Գրիգոր Աստվածաբանը: Նրանց մտերմության երկրորդ առիթը կապված էր հայ ուսանողների հետ: Մենք գիտենք, որ մեր ժողովուրդը մեծապես կարևորել է ուսումը, կրթությունն ու գիտությունը: Հայ ազնվականներն իրենց որդիներին ուղարկում էին աշխարհի հռչակավոր համալսարաններ` ուսման մեջ կատարելագործվելու: Այսպես, Աթենքի համալսարանում ուսանում էին շատ հայ երիտասարդներ: Մի անգամ հայ ուսանողները գալիս են Բարսեղ Կեսարացու մոտ և նրան հրավիրում փիլիսոփայական վիճաբանության: Գրիգորը սկզբում անցնում է հայերի կողմը, բայց հետո շատ ցանկանալով, որ իր ընկերը հաղթի, անցնում է Բարսեղի կողմը: Փիլիսոփայական այս վիճաբանության մեջ Բարսեղը փայլուն հաղթանակ է տանում:
Աթենքի համալսարանի այս երկու ուսանողները` Բարսեղը և Գրիգորը, համալսարանի ամենաառաջադեմ ուսանողներն էին, և Գրիգորը հետագայում գրում է, որ իրենց համբավը տարածվել էր ոչ միայն համալսարանում, այլև ողջ քաղաքում և նույնիսկ քաղաքից դուրս: Նրանք փայլում էին հատկապես ճարտասանության և հռետորության մեջ այն աստիճան, որ ուսման ավարտին նրանց խնդրեցին մնալ համալսարանում և հռետորություն դասավանդել: Բարսեղը համոզեց ընկերոջը ընդառաջել հրավերին, իսկ ինքը գաղտնի հեռացավ: Որոշ ժամանակ համալսարանում դասավանդելուց հետո Գրիգորը վերադարձավ իր ծննդավայր և հոր կողմից ձեռնադրվեց երեց, քանի որ հորը` Նազիանզի եպիսկոպոսին, օգնական էր հարկավոր` գործերը վարելու համար: Տարիներ անց Գրիգորն իր ընկերոջ` Բարսեղի կողմից ձեռնադրվում է Սասիմա քաղաքի եպիսկոպոս: Այս ձեռնադրություններին Սուրբ Գրիգորը դժկամությամբ է համաձայնվել, քանի որ ավելի շատ հակում ուներ առանձնացյալ կյանքի, աղոթքի, ճգնակեցության: Սուրբ Գրիգոր Աստվածաբանը մասնակցել է 381 թ. Կոստանդնուպոլսի երկրորդ տիեզերաժողովին` որպես ժողովի նախագահ, այնուհետև ժողովից վերադառնալով` ապրել է առանձության մեջ մինչև իր մահը:
Գրիգոր Աստվածաբանի աստվածաբանական երկու տեսակետներ
Սուրբ Գրիգոր Աստվածաբանը, ով չորրորդ դարի հույն Հայրերից է, թողել է հարուստ գրական ժառանգություն, որի մեջ առանձնանում են հատկապես աստվածաբանական ուղղվածությամբ աշխատությունները: Աստվածաբանական իր աշխատություններից մեկում Սուրբ Գրիգորն ասում է, որ Աստծո` անմարմին գերագույն հոգևոր Էակի հետ մարդը, որ նաև մարմնավոր է, հաղորդակցվում է անմարմնի` մտքի միջոցով, որը Գրիգոր Աստվածաբանը կոչում է նուս: Նուս հունարենից թարգմանաբար նշանակում է միտք: Սակայն Գրիգոր Աստվածաբանի այս տեսակետն իմանալիս պետք է նկատի ունենալ, որ նա Աստծուն համարելով անմարմին` դրանով հանդերձ չի մերժում Քրիստոսի մարմնացումը և իր գրվածքներում գեղեցիկ կերպով խոսում է նաև Քրիստոս Աստծո մարդեղացման և Նրա աստվածության մասին: Նաև պետք է իմանալ, որ Համբարձումից հետո Քրիստոս Իր մարդկային մարմնով նստեց Աստծո աջ կողմում (Մարկ. 16.19), և հիմա Քրիստոս մարմնով Աստծո աջ կողմում է (Հռ. 8.34), իսկ Իր աստվածությամբ` ամենուր: Դրա համար հավատացյալներն աղոթում են Քրիստոսին երկիր մոլորակի ցանկացած կետից, և Նա մեզ լսում է ամեն տեղից:
Գրիգոր Աստվածաբանի կողմից արտահայտված մեկ այլ տեսակետի համաձայն` մարդն այս կյանքում չի կարող ճանաչել Աստծո էությունը, բայց որոշակիորեն կարող է ճանաչել և տեսնել հանդերձյալ կյանքում: Հետագա աստվածաբանները, սակայն, չզարգացրեցին երանելի տեսության այս տեսակետը, որովհետև ընդունված է այն կարծիքը, որ մարդը չի կարող ճանաչել Աստծո էությունը, և Աստված Իրեն ճանաչելի է դարձնում մարդկանց սոսկ այն չափով, որքանով մարդկային տկար միտքը, բանականությունը կարող է տանել: Սակայն ըստ Սուրբ Գրիգորի` սա խզում առաջ չի բերում մարդու և Աստծո հարաբերություններում, որովհետև Աստված անձ է, և մենք հաղորդակցվում ենք Աստծո հետ` իբրև անձի: Հենց սա է քրիստոնեության հրաշալիքներից մեկը, որ մարդը կարող է շփվել, զրուցել, խոսել Աստծո հետ, աղոթել Աստծուն: Մինչդեռ որոշ կրոններ իրենց հետևորդներին նման հիանալի հնարավորություն չեն ընձեռում: Օրինակ` հնդկական բրահմանիզմի մեջ աստված անանձ ուժ կամ էություն է, հետևաբար, նրան հնարավոր չէ դիմել մեղքերի թողության, նեղության ժամանակ օգնության կամ գոհություն հայտնելու համար: Այսպիսի հնարավորությունից զրկված են նաև բուդդայական կրոնի` բուդդիզմի հետևորդները: Այս կրոնն արդարացիորեն կոչվում է աթեիստների կրոն, որովհետև այնտեղ խոսք չկա Աստծո մասին, նույնիսկ նպատակահարմար կամ ցանկալի չի համարվում աստծուն կամ աստվածներին աղոթելը: Այլ մարդը, աշխատելով ինքն իր վրա, պետք է իրեն կատարելության հասցնի: Մինչդեռ քրիստոնեությունը մարդուն տալիս է գեղեցիկ հնարավորություն Աստծո հետ շփվելու:
Առաքյալն ասում է, որ Աստված Իր նախախնամությամբ ընտրեց քրիստոնյաներին (Հռ. 8.28-30, Բ Տիմ. 1.9): Եվ Աստծո նախախնամությամբ մենք ծնվել ենք քրիստոնյա երկրում, հետևորդն ենք ճշմարիտ քրիստոնեական կրոնի: Ուրեմն բաց չթողնենք մեզ ընձեռնված առիթը Աստծո հետ խոսելու, աղոթելու: Քրիստոս ասում է. «Մինչև հիմա Իմ անունով ոչինչ չխնդրեցիք. խնդրեցե՛ք և պիտի ստանաք, որպեսզի ձեր ուրախությունը լիակատար լինի» (Հովհ. 16.24):
Տեր Ադամ քհն․ Մակարյան
«Քրիստոնեության իսկությունը» գրքից