Գույների խորհրդաբանությունը պատկերագրության մեջ

Հայ մանրանկարչության և որմնանկարչության մեջ կերպարները հանդես են եկել իրենց գունային դրսևորմամբ, ունեցել իրենց գունային խորհրդանիշները: Յուրաքանչյուր գույն իր խորհրդանշական իմաստն ունի: Ըստ գույների է պատկերագրվել խորհուրդը: Մանրանկարի մեջ գույնը նույն դերն է խաղում, ինչ բառը կամ նախադասությունը՝ գրականության մեջ: Միջնադարում գրված «խորանների մեկնության» գույների տեսության համաձայն՝ գործածական են եղել յոթ գույներ՝ սպիտակ, դեղին կամ ոսկեգույն, կարմիր, ծիրանի, կապույտ, կանաչ և սև:

Պատկերը ճանաչելու կամ տարբերելու հարցում օգնում է գույնը: Պատկերագրության մեջ կերպարները ներկայացվում են իրենց ուրույն տարբերիչ խորհրդանշական գույներով: Սրբապատկերում հագուստը, առարկան, դեմքը, ծամը իրենց գույներով են բնութագրված: Այսպես, օրինակ, ավետարանիչների խորհրդանշական գույները դրսևորված են իրենց թիկնոցների և կենդանապատկերների գույներով. Մատթեոսը պատկերվում է ծիրանագույն, Ղուկասը՝ սպիտակագույն, Մարկոսը՝ կարմրագույն, իսկ Հովհաննեսը՝ կանաչ թիկնոցով կամ կենդանակերպով: Մոմիկի մանրանկարներում տիպաժներն ունեն իրենց առանձնակի գույնը, որի շնորհիվ գրեթե անսխալ կարելի է որոշել յուրաքանչյուրին. օրինակ, Մարիամը մանուշակագույն քող է գցում և երկնագույն խիտոն հագնում, Հովսեփը՝ երկնագույն թիկնոց, Քրիստոսը՝ լուսավոր կարմրա-մանուշակագույն տոներով հագուստ, Պետրոսը՝ երկնագույն թիկնոց, մանուշակագույն խիտոն, հրեշտակներն ու հրեշտակապետերը՝ բաց կարմիր տոներով հագուստներ և այլն: Պետրոս առաքյալի խիտոնը սովորաբար դեղնագույն է լինում: Պատկերագրական նման շեղումը, որ Արևմուտքին բնորոշ երևույթ է, խոսում է այն մասին, որ Մոմիկը ծանոթ է եղել արևմտյան մանրանկարներին:

Մանրանկարներում Քրիստոսի թիկնոցի երկնագույն լազուր կապույտը նույնացվում է լույսի գաղափարի հետ: Ամեն ինչ սրբապատկերներում պտտվում է Լույսի՝ Աստծո շուրջ: Քրիստոնեական սիմվոլիկայի մեջ Լույսը ստանում է հատուկ գեղագիտական նշանակություն՝ դառնալով աստվածայինի նախատիպը: Այս Լույսի նյութական կրողը (արտահայտողը) դառնում է ոսկին, որը խորհրդանշում է այդ Լույսը. այն /ոսկին/ հանդիսանում է աստվածային պայծառության նյութականացումը, քանի որ այն մաքուր է և անապական, ինչպես որ սուրբ ու անապական է աստվածային շունչը: Նկարների վերացական ու հարթ ոսկե ֆոնը կերպարը երկրային միջավայրից տանում է դեպի երկնային աշխարհ:

Ծննդյան քարայրը պատկերվում է մուգ՝ ցույց տալով մահվան իշխանությունը նրա շուրջ, բայց Փրկչի ծնունդը դառնում է «ճառագայթ մթության մեջ», քարայրի կենտրոնից ճառագում է բարուրված Լույսը, քանզի Քրիստոս Իր մասին ասաց. «Ես եմ աշխարհի լույսը…» (Հովհ. 8:12): Պայծառակերպության պատկերագրության մեջ Քրիստոս իբրև լույսի աղբյուր պատկերվում է ճերմակ խիտոնով (շապիկ):

Ճերմակը համարվում է Քրիստոսի գույնը, որովհետև Քրիստոս մարդկությանը լուսավորեց մեղքի խավարից: Սպիտակը խորհրդանշում է հոգու լույսն ու անբծությունը, մաքրության ու սրբության գույնը, ինչպես նաև հավիտենական կյանքը: Այն Աստծո նվիրված գույնն է: Սպիտակով են պատկերվում հարուցյալ Քրիստոսի զգեստները, հրեշտակները: Սպիտակ գույնը օգտագործվում է նաև սրբերի անբծությունը ցույց տալու համար:

Սրբանկարչության մեջ առանձնահատուկ կիրառություն ունի ոսկեգույնը. այն սրբապատկերի և խճանկարների կարևոր բաղադրամասն է և խորհրդանշում է Աստծո ներկայությունը, շնորհը, Երկնային արքայությունը և հավերժությունը, որոնք միշտ շաղախված են լույսով: Ոսկին անաղարտ է և իր մեջ չունի խառնուրդ երանգներ: Այսպես է նաև Աստվածային բնությունը: Այն նաև սիրո գույնն է: Ոսկեգույնը ունի տարբեր արտահայտչամիջոցներ, դրանցից մեկը նրա ճաճանչատիպ տարատեսակն է՝ ասիստը, որը պատկերին փոխանցում է շարժունակություն: Ասիստով կարելի է պատկերված տեսնել Տիրոջ Պայծառակերպությունը, հրեշտակների թևերը, դրախտային ճառագող բնությունը, այն առկա է Համբարձման կամ Երկրորդ Գալստյան դրվագներում, սակայն բացակայում է Ծննդյան, Խաչելության, Թաղման, այսինքն՝ Քրիստոսի մարդեղությանը վերաբերող դրվագներում:

Հայ սրբանկարչության առանձնահատուկ ձև է ճաճանչատիպ լուսապսակը, նաև ասիստով խաչը՝ ճառագայթող կենտրոնով:

Ոսկեգույնն ունի քահանայության խորհուրդ: Այն համարվում է եզակի գույն՝ նման Աստծո եզակիությանը, մինչդեռ մնացած գույներն ունեն իրենց հակադիր (սև-սպիտակ) և լրացնող (կարմիր-կապույտ) գույները: Դրանով պատկերվում են սրբերի լուսապսակները, Ավետարանը, շեշտադրվում է Փրկչի հագուստը և այլն: Ոսկեգույնի կողքին շատ է օգտագործվում ալ կարմիրը կամ ծիրանին: Լուսապսակներում կիրառվող ոսկեգույնը ցույց է տալիս այն կրողի փառքը:

Ոսկեգույնի կողքին դեղինը աստվածային լույսի, իմաստության, ճշմարտության և փառքի գույնն է, սակայն երբ աղոտ ու անփայլ է, արտահայտում է դավաճանություն, եսասիրություն և ագահություն: Սա մասնավորաբար մատնիչ Հուդա Իսկարիովտացու գույնն է:

Արծաթագույնը կրում է սպիտակի և կապույտի խորհրդաբանությունը: Քրիստոսի մարմինը պատկերվում էր արծաթով կամ սպիտակով: Արծաթագույնը նաև արտահայտում է ավետարանական պերճախոսությունն ու իմաստությունը: Հիմքը Սաղմոսաց գրքից է. «Տիրոջ խոսքերը սուրբ խոսքեր են, ինչպես ընտիր ու փորձված արծաթ՝ յոթնապատիկ մաքրված և զտված հողից» (Սաղմ. 11:7):

Սևը մահվան, տգիտության, գաղտնի խորհուրդների և խավարի իշխանի գույնն է: Այն վշտի, մեղքի, հիվանդության ներկայությունն ու փաստն է, հիշեցնում է չարի և դժոխքի հետ առնչվող ամեն ինչ: Այս գույնն իր մյուս իմաստով օգտագործվում է որևէ առեղծված բացատրելու համար: Տարաբնույթ լինելով՝ այն կարող է կիրառվել թե՛ դրական և թե՛ բացասական իմաստ փոխանցելու համար: Չարի կերպավորման կողքին այն գործածական է նաև Աստծո համար՝ ցույց տալով Նրա անճառությունը: Սևն առհասարակ գունային հատկանիշներից զուրկ է, այն ոչ թե գույն է, այլ դրա բացակայությունը: Սև գույնով են պատկերված Խաչելության տեսարանում Քրիստոսի ոտքերի տակի դժոխքը, նաև Սուրբ Գևորգի պատկերագրության մեջ առկա գուբը, որտեղից դուրս է սողոսկում չարությունը մարմնավորող օձը: Սևն արտահայտում է աշխարհից հրաժարում (նաև հոգևորականների զգեստների պարագային): Մանուշակագույնի համադրությամբ սևն անթափանց և անճառելի խորհուրդ է արտահայտում, իսկ կանաչի հետ գործածվելով՝ ծերություն: Գունային ներդաշնակությունը պահելու համար մշակվեց սևին մոտ գույների՝ դարչնագույնի, մուգ կապույտի ու կարմիրի համադրությունը: Կապույտի ու սևի համադրությունը սգո արտահայտության խորհրդանիշն է:

Մոխրագույնը մարմնի մահվան և հոգու անմահության իմաստն ունի, խորհրդանշում է նոր կյանքի սկիզբը: Այս գույնը մահվան և վշտի արտահայտչամիջոցն է:

Կարմիրը ներկայացնում է աստվածային ուժը, այն կյանքի խորհրդանշական գույնն է, արյան, չարչարանքի ու երկրավորի խորհուրդ ունի: Կարմիրն է մաքրագործում և մեղքերին քավություն տալիս: Խորհրդանշում է Քրիստոսի մարդեղությունը և մեղավոր մարդկության համար զոհաբերված Պատարագը: Շատ մանրանկարներում ոսկեգույնի փոխարեն կիրառվել է կարմիրը:

Կապույտը անիմանալի խորհուրդ արտահայտող և երկնային խաղաղության գույնն է, ցույց է տալիս աստվածային անհասանելիությունը, հավերժությունը, կատարյալն ու երկնայինը: Կարմիրի կողքին կապույտն ամենից շատ գործածվող գույնն է: Կարմիր-կապույտի միջոցով պատկերները արտահայտում են ողորմություն և ճշմարտություն: Կապույտի երանգավորումների մեջ Սուրբ Կույսի պարագային մեծ մասամբ կիրառելի է երկնագույնը, դա հոգևոր մաքրություն, իմաստություն ու հավատարմություն է խորհրդանշում:

Հիսուս Քրիստոսի հագուստը կարմիր-կապույտի օգնությամբ է պատկերվում, քանի որ Փրկչի անձում միավորվում են մարդկայինն ու աստվածայինը, քանի որ Նա կատարյալ Աստված է և կատարյալ մարդ: Աստվածածնի հագուստը նույնպես պատկերվում է այս երկու գույներով: Կարմիրի և կապույտի համադրությունն Աստվածածնի պարագային խորհրդանշում է մայրությունը (կարմիր) և կուսությունը (կապույտ):

Համաձայն մարդկությունը (կարմիր) և աստվածությունը (կապույտ) խորհրդանշող գույների՝ Քրիստոս պատկերված է կապույտ շապիկով, վրայից՝ կարմիր թիկնոց, իսկ Աստվածածինը, հակառակը, կարմիր շապիկ հագած և ծածկված կապույտ թիկնոցով: Այլ կերպ ասած՝ եթե Քրիստոս հավիտենական Աստված է, որ մարդացավ, ապա Տիրամայրը, երկրավոր լինելով, դարձավ երկնային՝ սրբացավ:

Կապույտին մոտ կանգնած գույների շարքում վարդագույնը՝ մանկությունը, իսկ փիրուզը պատանեկությունը խորհրդանշող գույներն են:

Կանաչը ներկայացնում է կյանքն ու հույսը, խորհրդանշում է բնության և կյանքի վերազարթոնքը, կյանքի տարած հաղթանակը մահվան նկատմամբ, Աստծուց մեզ տրված հավերժական կյանքը: Կանաչի երանգներով համեմատաբար հաճախ պատկերվում են զգեստները: Մկրտության տեսարանում, օրինակ, Հովհաննես Մկրտչի զգեստը (քուրձը) մուգ կանաչ է: Կանաչը՝ իբրև հավերժությունը բնութագրող գույն, օգտագործվում է նաև Սուրբ Հոգու պարագային՝ ցույց տալով Սուրբ Երրորդության անձերից մեկի գործուն մասնակցությունը տվյալ անձի կյանքում:

Սրճագույնը հայտնում է արգասաբերություն և չարչարանք, և երկրավոր կյանք:

Մանուշակագույնը երկնային թագավորության և աստվածգիտության գույնն է:

Նարնջագույնը խանդավառության, ազատության, աստվածային սիրո և հրեղեն մաքրագործության, ինչպես նաև տխրության գույնն է: Կարող է արտահայտել նաև սուգ և տանջանք:

Ծիրանի ասելով, միջնադարյան մեկնիչները նկատի են ունեցել այն թանձր կարմիրը, որն արքայական է համարվում և ավելի շատ հակված է դեպի կապույտը, քան դեպի նարնջագույնը: Այս գույնը թագավորական գույն է, վկայում է աշխարհ եկած և երկար սպասված հաղթանակը:

Դարչնագույնը համարվում է երկրի գույնը, խորհրդանշում է հնազանդություն, աղքատություն, աշխարհից հրաժարում: Պատահական չէ, որ Սուրբ Աստվածածնի, ճգնավորների և մենակյացների զգեստները պատկերվել են այս գույնով:

Այսպիսով, գույների խորհրդաբանությունը պատկերագրության մեջ բազմիմաստ ու բազմազան է, որը կապված է եկեղեցու դավանանքի, ավանդույթների և պատմության հետ:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

 

31.08.18
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․