25 Ապրիլ, Շբ, Հինանց ԻԱ օր
Սիրելի՛ հավատացյալ եղբայրներ և քույրեր,
Այսօր Սուրբ Մարիամ Աստվածածնի Վերափոխման տոնի երրորդ կիրակին է, և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին շարունակում է նշել Սուրբ Աստվածամորը նվիրված տոները: Այսօր հայաստանյայց եկեղեցիներում հիշատակվում է Սուրբ Աստվածածնի գոտու գյուտի տոնը:
Այս տոնն էլ, սիրելի՛ հավատացյալներ, պատմականորեն և անմիջականորեն առնչվում է Աստվածամոր Վերափոխմանը: Ինչպես Եկեղեցու Սուրբ Ավանդությունն է պատմում, քանի որ Թովմաս առաքյալն ուշացել էր և չէր հասցրել վերջին հրաժեշտը տալ Սուրբ Աստվածածնին, մյուս առաքյալները բացեցին այն քարայրի մուտքը, ուր ննջումից հետո դրել էին Սուրբ Կույսի մարմինը, որպեսզի Թովմասը կարողանա երկրպագություն կատարել: Սակայն գիտենք, որ Սուրբ Աստվածամոր մարմինն արդեն Երկինք էր բարձրացվել և Թովմաս Առաքյալն այնտեղից անչափ վշտացած դուրս եկավ: Ավանդությունը պատմում է, որ Աստվածամայրը, կամենալով մխիթարել սիրելի Որդու աշակերտին, Երկնքից նրան է ուղարկում իր ձեռահյուս գոտին, որն էլ առաքյալն ամենայն սրբությամբ պահպանում է մինչ մահ: Այնուհետև, ըստ ավանդության, այս սուրբ մասունքը Երուսաղեմից տեղափոխվում է Կոստանդնուպոլիս՝ դարեր շարունակ լինելով նրա գլխավոր զարդն ու հարստությունը: Հետագայում քրիստոնեական սուրբ մասունք դարձած գոտին մասերի է բաժանվում և տարբեր երկրներ տարվում, իսկ ամենամեծ կտորը պահվում է Հունաստանի Սուրբ Լեռան վանքերից մեկում:
Սիրելի՛ քույրեր և եղբայրներ, վստահ եմ՝ բոլորդ էլ պատկերացնում եք, որ այս սրբասուրբ մասունքի շնորհիվ կատարվել են բազում հրաշագործություններ ու բժշկումներ: Թերևս լսած լինեք նաև դրա հրաշագործ ուժի ու զորության մասին պատմություններ: Սակայն եթե մի պահ կտրվենք թեմայի ենթատեքստից, ապա կտեսնենք ընդամենը մի առարկա, որ ինքնին հոգևոր ոչ մի նշանակություն չի կարող ունենալ: Բայց երբ հիշում ենք, թե ում էր այն պատկանում, պատկերն ամբողջովին փոխվում է: Գոտին դառնում է անգին գանձ և իմաստ ձեռք բերում այն մարդու շնորհիվ, որին պատկանել է: Սուրբ Մարիամ Աստվածածինը ողջ մարդկային ցեղից միակն էր, որը, չնայած իր մատաղ հասակին, հասավ հոգևոր և բարոյական այնպիսի կատարելության, որ արժանի դարձավ մայրը լինելու Միակի, որ Երկնային Հոր ծոցից երկիր իջավ ու մարդացավ Կույս Մոր շնորհիվ: Եվ միակ մարդն էր, որ ննջումից հետո արժանացավ սիրելի Որդու մոտ վերափոխվելու: Սուրբ Աստվածածինն իր մաքրամաքուր ու խոնարհ կյանքով ծառայեց մարդկության փրկության աստվածային ծրագրին, և ինչպես Եկեղեցու հայրերից մեկն է իրավամբ նշում, «ճշմարտապես երկրային երկինք» դարձավ: Մարդկությունը հազարամյակներ շարունակ Փրկչի գալստյանն էր սպասում, և միայն Սուրբ Կույսի շնորհիվ Աստված այս մեղսավոր աշխարհը եկավ, որպեսզի մեղքերի մեջ խեղդվող մարդը վերջապես կենարար օդ շնչելու հնարավորություն ունենա: Ինչպես մոտ երկու հազարամյակ առաջ Սուրբ Մարիամ Աստվածածնի դերն էր վճռական մարդկության փրկության հիմքը դնելիս, այնպես էլ մինչ օրս և այսուհետ Աստվածամայրը ողջ մարդկության համար գլխավոր բարեխոսն է Տիրոջ առջև:
Աստվածամոր ողջ կյանքը ժուժկալության հրաշալի օրինակ է ամենքիս: Եվ երբ Աստվածամայրն իր գոտին որպես մխիթարություն ուղարկեց Թովմաս Առաքյալին և նմանապես ողջ մարդկությանը, ասես կամեցավ հիշեցնել մեզ սիրասուն Որդու պատգամը. «Թող ձեր գոտիները մեջքներիդ պնդված լինեն» (Ղուկ. 12:35), որով Տերը նշանավորեց ժուժկալության կամ չափավորության առաքինության կարևորությունը:
Որ ասպարեզում էլ այն դրսևորվի, սիրելի՛ հավատացյալներ, միայն օգտավետ է, որովհետև աստվածահաճո է և պատգամված՝ Աստվածորդու կողմից: Օրինակ՝ պատահում է, որ անմեղ զրույցի ենք բռնվում` չնկատելով անգամ, թե ինչպես է այն վերածվում շաղակրատության: Լռում ենք, որ լսենք միայն, սակայն աղտոտում ենք մեր միտքն ու հոգին այն ամենով, ինչ պետք չէր լսել: Երբ չենք չափավորում տեսողությունը, մեր սիրտը թունավորում ենք անբարոյության, բռնության կամ այլ արատավոր տեսարանով: Երբ թերանում ենք չափավոր սնվելիս, կերակուրը մեզ ոչ թե ուժ ու եռանդ է պարգևում, այլ ծանրություն ու ծուլություն: Նույնիսկ պարզ ու հասարակ թվացող երևույթը, ինչպիսին քունն է, որն Աստված տվել է չափավորության դեպքում բժշկելու ու թարմացնելու մեր մարմինները ու միտքը, չափը խախտելիս հանգեցնում է կա՛մ նյարդային լարվածության ու տարատեսակ խանգարումների, կա՛մ էլ թուլության և ուղեղի մթագնման: Այսինքն, սիրելի՛ հավատացյալներ, այն հրաշալի միջոցները, որ Աստված պարգևել է մեր երկրային կյանքը պահմանելու համար, ի չարս ենք գործադրում:
Ոստի, սիրելինե՛ր, մշտապես հիշելով այսօրվա տոնի պատճառը հանդիսացող Ամենասուրբ Կույսի գոտու մասին, սիրով և հոժարությամբ հետևենք Տեր Հիսուս Քրիստոսի պատվիրանին և մեր սրտերը մաքուր պահենք աշխարհի կրքերից ու ցանկություններից, քանի որ այս աշխարհն անցողիկ է, իսկ մենք ձգտում ենք անանց, հավիտենական կյանքի քաղաքացիներ լինելուն: Եվ հստակ գիտակցելով, որ ինչպես մյուս առաքինությունների, այնպես էլ չափավորության պարագայում անկարող ենք առաջադիմել՝ առանց Երկնային Տիրոջ օգնության, պետք է մշտապես աղոթենք և Ամենակալի ողորմածությունը հայցենք, սիրելի՛ քույրեր և եղբայրներ: Սրտից բխած անկեղծ աղոթքը բացում է փակ դռները, հույս տալիս անհուսալի թվացող իրավիճակներում, բուժում անբուժելի վերքերն ու կյանք պարգևում աղոթողին: Այդ պատճառով է Երանելի Կույսն անդադար աղոթում իր երկրային զավակների դարձի ու փրկության համար՝ աղոթքով հարատևելու սքանչելի օրինակ լինելով: Աղոթքը մեր ու մեր Երկնային Հոր միակ կենդանի կապն է, որի միջոցով ճաշակում ենք երկնային ճշմարիտ ու հավիտենական կերակուրը: Այն հիշեցնում է հոգուն, որ աշխարհիկ թվացյալ վայելքներն ու հարստություններն իրենը չեն, որովհետև ինքը Երկնային Արքայության բնակիչ է, Արարիչ Աստծու մասնիկը: Եվ խոնարհ սրտից բխած աղոթքը երբեք անպատասխան չի մնում, այլ Բարեգութ Հոր ուշադրությունն ուղղում է խոնարհ զավակի աղերսին ու Բարեխնամ Մոր բարեխոսությանն է արժանանում Ամենազոր Արքայի առջև:
Եթե խորը մտածենք, սիրելի՛ հավատացյալներ, կհամոզվենք, որ չափավորության առաքինությամբ առաջադիմած մարդն է ամեն ինչի համն իրապես զգում, քանի որ եթե չափավոր ենք գործածում Աստծո տված պարգևները, միայն շահում ենք: Ձեռք ենք բերում քրիստոնեական իմաստություն, որն էլ օգնում է մեզ ընտրել այս խավար աշխարհից միայն ամենալուսավորը, բարին ու փրկչականը: Ժուժկալ մարդը գիտի շնորհակալ լինել Աստծուն ամեն ինչի համար, և կարողանում է ուրախանալ և՛ գարնանային առաջին բողբոջներով, և՛ աշնանային մարող արևի նվազ ճառագայթներով: Այդպիսի մարդը կարողանում է փառաբանել Աստծուն այնպիսի իրավիճակներում, երբ մյուսները միայն հուսահատվում ու տրտնջում են: Այդ մասին է գրում Պողոս Առաքյալը փիլիպեցիներին ուղղված իր նամակում. «Քանի որ ես սովոր եմ գոհ լինել իմ վիճակից։ Գիտեմ զրկանքով ապրել, գիտեմ առատության մեջ լինել։ Ամեն ինչում, բոլոր պայմանների տակ, սովորել եմ թե՛ կուշտ լինել, թե՛ քաղցած մնալ, թե՛ առատության մեջ լինել, թե՛ զրկանք կրել։ Ամեն ինչի կարող եմ նրա՛ շնորհիվ, ով ինձ զորացրեց» (Փիլիպ. 4:11-13):
Արդ, սիրելինե՛ր, մաղթում եմ, որ Սուրբ Աստվածամոր գոտին մեզ մխիթարություն, վճռականություն ու զորություն պարգևի, և հիշատակություն լինի՝ գոտևորվելու Հիսուս Քրիստոսի հավատով ու առաքինություններով, առաջադիմելու Աստծու շնորհներով և Տիրոջ ողորմածությամբ ու մեր բարի ընթացքով արժանանալու այժմ, միշտ և հավիտյանս հավիտենից փառավորելու Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն։ Ամեն:
Տեր Գրիգոր քհն. Գրիգորյան