26 Նոյեմբեր, Գշ
Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին Սուրբ Խաչին նվիրված չորս տոներից՝ Գյուտ Խաչը այս տարի նշեց հոկտեմբերի 25-ին: Երեք տարի անընդմեջ, Գյուտ Խաչի տոնի օրը, բազմաթիվ ուխտավորներ են այցելում Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցի՝ հաղորդակից դառնալու մեր Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի խաչափայտի մասունքակիր խաչի զորությանը: Ուխտի այս օրը հաստատվել է ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ՝ ի պատիվ Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում պահվող մասնատուփ-պահարանի, որի կենտրոնական հատվածում զետեղված է Տիրոջ Խաչափայտի մասունքը, իսկ խաչի թևերում չորս սրբերի՝ Սուրբ Բարսեղ Մեծի, Սուրբ Մակարիոսի և անհայտ երկու սրբերի մասունքներ:
Ուխտի Սուրբ Պատարագը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, որ մինչ քարոզը ներկա գտնվող ուխտավորներին մաղթեց, որպեսզի Բարձրյալի կողմից ընդունելի լինի իրենցից յուրանքանչյուրի և հայ ազգի ուխտը: Տեր Հայրը քարոզին, անդրադառնալով Հայոզ ազգի առջև ծառացած ծանրագույն փորձությանը՝ պատերազմին, մասնավորաբար ասաց. «Մարդացյալ Աստված, կատարյալ անմեղ Քրիստոս, արյան քրտինքով պատված մի գիշեր աղոթում էր Հորը, որպեսզի հեռացնի Իրենից տառապանքի այն բաժակը, որ պիտի խմեր Գողգոթայի վրա և աղոթքն ավարտում է այս խոսքով. «…բայց ոչ թե իմ կամքը, այլ քո՛նը թող լինի» (Ղուկ. 22:42): Եվ հայ ժողովրդի համար այս դժվարին փորձության պահին, երբ մեր անձնական խաչին գումարվել է նաև ընդհանուր՝ ազգայինը, շատ կարևոր է հիշել, որ առանց Աստծու կամքի, առանց Աստծու թույլտվության ոչինչ տեղի չի ունենում ամբողջ տիեզերքում, ուստի եթե Իր Միածնին մեզ համար զոհաբերած սիրող Հայրը, մեր Փրկիչը թույլ է տալիս, որպեսզի փորձություններ պատահեն մեզ, ապա վստահ է, որ դրանից օգուտ ենք ստանալու և Իրեն ապավինելով՝ հաղթանակած ենք դուրս գալու այն ելքով, որը պատրաստել է մեզ համար»:
Ս. Պատարագի ավարտին Տեր Գրիգորը Տիրոջ Խաչափայտի և սրբերի մասունքները կրող խաչ-մասնատուփով զինվորների օրհնության կարգ կատարեց: Ապա Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքի անդամներն ու ուխտավորները, սրբությունների առջև երկրպագելով, հայցեցին Տիրոջը, որ Իր փրկարար Խաչով և սրբերի բարեխոսությամբ պահապան ու ապավեն լինի Հայոց աշխարհին և հայրենյաց պաշտպան զինվորներին:
Ս. Խաչին երկրպագողը մոտենում է Տիրոջն ու Փրկչին, քանի որ Խաչի նյութական ձևին անբաժանելի կերպով միացած է աստվածային զորությունը, որ է Քրիստոս:
Սուրբ Գրքում կարդում ենք, որ «արդարի աղոթքն ազդեցիկ է և շատ է օգնում» (Հակ. 5:16), և «Տիրոջ աչքերը հսկում են արդարների վրա, և Նրա ականջները պատրաստ են նրանց աղոթքները լսելու» (Ա Պետ. 3:12: Եթե աշխարհում ապրող արդարի աղոթքն ազդեցիկ է, ապա որքան առավել ազդեցիկ է հաղթական եկեղեցու սրբերի աղոթքները, որոնք երկրային կյանքում իրենց սխրանքով, մարդկանց հանդեպ սիրով, ջերմեռանդ աղոթքով ու պահքով հասան սրբության, ինչին պետք է ձգտի Քրիստոսի յուրաքանչյուր հետևորդ. «Աստված մարդուն ստեղծել է անեղծ լինելու համար և արարել է նրան ըստ Իր բարերության պատկերի» (Իմաստ. Սող. 2:23): Սրբերի մահից հետո նրանց մարմինները կամ մասունքները դարձան աստվածային օրհնության աղբյուրներ, որոնցից հավատավորն ստանում է բժշկություն և այլ հոգևոր պարգևներ: Հարգելով սրբերի մասունքները՝ զինվորյալ եկեղեցին իր սերը, հարգանքն ու փառքն է մատուցում սրբերի մասունքների միջոցով գործող Տիրոջը, որ «սքանչելի է իր սրբերի մեջ» (Սաղմ. 67:36):
Կարինե Սուգիկյան