22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Լեհաստանի կաթոլիկ եպիսկոպոսները Հելոուինը դատապարտող դիրք են գրավել, ասելով, որ այն հեթանոսական տոն է՝ իր սատանայական էությամբ երեխաների համար վտանգավոր, և դիմել են հավատացյալներին՝ կոչ անելով հրաժարվել դրանից: Օրինակ՝ արքեպիսկոպոս Անջեյ Ձիեգան հովվական ուղերձ է հղել իր թեմի քրիստոնյաներին, որում ասվում է, որ Հելոուինի զվարճանքների ետևում քրիստոնեկան կյանքը քայքայելու նպատակ է թաքնված: Հելոուինն իրենից մի շարք հնարքներ է ներկայացնում՝ երեխաների մեջ սատանայական դրույթներ արմատավորելով, որոնք ընդունակ են մարդկանց բարոյա-կրոնական կյանքը խաթարել:
Իսկապես, առաջին հայացքից թվում է, թե վամպիրների, կախարդների, դևերի և այլնի կերպարներով զգեստավորումը, homo ludens*-ին արժանի զավեշտ է միայն, որով մարդը անդրշիրիմյանի դրսևորումն է ծաղրում: Իսկ գործնականում, երեխաների անաղարտ մտքում տպավորվածը կախարդությանը, անդրշիրիմյան աշխարհին ընտելանալն է, որն ի զորու է դիվական հորիզոններ, վիթխարի գերբնական ուժեր բացահայտել, որոնք երեխաների կյանքի հիմնական գաղափարն են դառնում:
Դևերին ծաղրելը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ նրանց ներկայությանն ընտելանալը, դժոխքի հավիտենական արքայությունից նրանց պոկելն ու համակրելի հերոսների ընկերախմբի վերածելը, որոնց կարող ես միշտ ընթրիքի հրավիրել: Այսպիսով, սատանան, պատմության ամենաառաջին մարդասպանը, ընկերախմբի անդամ է դառնում ու համարյա ցավակցության է արժանանում այն անհաջողության համար, որ պատահել է իրեն: Այստեղից ուղիղ ճանապարհ է բացվում դեպի կպչուն մտքերը, դիվահարությունը, սև կախարդանքը, սատանայական ծիսակարգերը, ծիսակարգային սպանությունները, ինքնասպանությունները, հոգեկան հիվանդությունները, սերիական հանցագործությունները:
Մեծահասակները (այն էլ ոչ բոլորը) կարող են մտացածինն՝ իրականությունից, ֆիլմը՝ կյանքից, պատրանքը ճշմարտությունից տարբերել: Բայց երեխաները երևակայանի աշխարհում են ապրում, որտեղ տեսողական կողմնորոշիչները կյանքի են կոչվում նրանց ուղեղում և ընդօրինակելու առարկա են դառնում: Արդեն չենք զարմանում, որ որոշ երեխաներ ցանկանում են կախարդներ, գուշակներ, վամպիրներ կամ նույնիսկ դևեր դառնալ: Եվ ոմանց դա նույնիսկ հաջողվում է:
Այսպիսով, մարդու համար մահացու բռնությունը, զվարճանքի անվան տակ, շքամուտքից ներմուծվում է ուղիղ հասարակության մեջ: Մարդու միջից ու մարդկանցով բնակեցված աշխարհից դևերին հալածելու ու անապատային վայրեր քշելու փոխարեն, որը տեղի է ունենում Սուրբ Մկրտության ժամանակ ու սուրբ Բարսեղի աղոթքները կարդալիս, կանչում են նրանց, սեղանի շուրջ նստեցնում և «կյանքի կոչում» համապատասխան հագուստի ու սահմռկեցուցիչ ժեստերի միջոցով, հետևում են նրանց պահվածքին և դևերն էլ, իհարկե, երկար ժամանակ մնում են նրանց հետ:
Հելուինը հեթանոսական ու սատանայապաշտ տոն է: Ինչ-որ մեկը կասի, որ այն շուտ գալիս է և էլ ավելի շուտ գնում՝ ինչպես դդմի ու սխտորի հոտը: Բայց ի՞նչ է մնում երեխաների ենթագիտակցության մեջ. սատանայի այն սարսափելի մեծ թույլատրելիությունը, ով միշտ գալիս է՝ բավական է միայն մարդկանց կյանքերից ներս կանչել նրան: Տեխնոլոգիական քաղաքակրթության, սպանությունների, համընդհանուր ընկճախտի, նախրային մտածելակերպի միջոցով բարոյական խոտորումի, հավատի սնանկացման, մարդուն գազանի, իսկ հետո նաև դևի վերածելը, այս ամենն անմաքուր ոգու բնագավառն է, ում երկու հազար տարի Սուրբ Խորհուրդների օգնությամբ հանում էին մարդկանց կյանքից, իսկ այժմ մարդկանց սրտերից ներս են կանչում, ովքեր իրենք էլ չգիտակցելով՝ հետևում են նրան:
Այսպիսով, Հելուինը հաղորդակցությունն է դժոխքին, խավարին, կախարդությանը, դիվականությանը, շամանությանը, խավարապաշտությանը, վամպիրներին: Սակայն ոգիներից և ոչ մեկը նույնիսկ բառ անգամ չի ասի անվերջանալի ու հավիտենական ցավի, չմարող հրի, ատամների կրճտոցի, չմեռնող որդի ու անվերջ միայնության մասին:
Նույն կերպ էլ Սուրբ Պատարագը հաղորդակցությունն է դրախտին, Անապական Զոհաբերությանը, ջերմեռանդ աղոթքին, դա սիրո զարգացման պատմությունն է, շնորհների, պատմության ու հավիտենության միջոցով մասնակցությունը, որ անքակտելի կերպով կապված են մարդկանց համար խաչված ու հարություն առած Քրիստոսի Մարմնի մեջ: Միգուցե ինչ-որ մեկը մտածում է, որ կարելի է սատանայի կերպարանքով զգեստավորվել ու հավիտենական Պատարագին գնալ:
Ուրեմն Պատարագի՛ գնանք, այլ ոչ թե՝ Հելուինի:
* homo ludens – խաղացող մարդ
Յոհան Վալենտին քահանա Իստրատի
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի