23 Նոյեմբեր, Շբ
21. Որով ի բաց թօթափեալ զամենայն աղտեղութիւն և զյաւելուածս չարեաց, հեզութեամբ ընդունիջիք զբանն ընդաբոյս, որ կարօղն է կեցուցանել զոգիս ձեր:
Ահա թե ինչու, դեն գցելով ամենայն աղտեղություն և չարիքի ավելցուկ, հեզությա՛մբ ընդունեցեք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները:
Ովքեր մեկ անգամ սիրել են մարմնավոր ունեցվածքը և բռնվել դրանով, ապա որքան ավելանում է նրանց մեծությունը, այնքան առավել ավելացնելու ծարավ են զգում, և այնքան չեն ուրախանում դրանց ավելանալով, որքան տրտմում են պակասելու դեպքում:
Նման ձևով նաև նրանք, ովքեր հոգևոր հարստության են ձգտում և բռնվում դրա սիրով, ապա որքան առաջադիմում են դրանում, այնքան բաղձում են դրա տոկոսներն ստանալ և չեն դադարում բերել՝ մինչև որ ստանան ամբողջը: Եվ այնքան չեն ուրախանում ստանալով, թեև ուրախության պատճառ է, որքան վշտանում և ցավում են պակասելու դեպքում, ինչն, արդարև, արժանի է վշտի, հաճախակի հառաչելու և միտքն արթուն պահելու:
Եվ սրանք են սուրբգրային ընթերցվածքներ՝ ճշմարիտ գանձեր և իրական մեծություն: Եվ նրանք, ովքեր բռնված են սրանց սիրով և ճաշակել են պտղի քաղցրությունը, չեն հագենում ավելի խորքերն իջնելով և այնտեղ ամբարված գեղեցկություն գտնելով, հատկապես որ եթե Հոգուն են ունենում որպես առաջնորդ՝ բացելու դռները և ցույց տալու անիմանալի բաներ: Իսկ որո՞նք են դռները.
Ահա թե ինչու, դեն գցելով ամենայն աղտեղություն:
Ասաց, թե. «մարդու բարկությունը Աստծո արդարությունը չի կատարում» (Հակ. 2:20) և ցույց տալով, որ Աստծու արդարությունը չի կարող խառնվել մարդկային ախտի հետ, ապա սկսում է բացատրել, թե բուն արդարությունը Աստծուց է, որ էապես մաքրում է ամեն տեսակ աղտեղություն: Այդ պատճառով ասում է. որով դեն գցելով ամենայն աղտեղություն: Հորդորում է մեզ սկսել այս գործը՝ մեր առջև ունենալով Աստծու արդարությունը և դրանով մաքրելով մեր աղտեղությունները, քանզի արդարությունը նույն ինքն է՝ Աստված, և հայտնի է, որ Աստծու շնորհիվ կարող ենք սրբել մեր մեղքերը:
Արդ, տեսնենք, թե ի՞նչ է նշանակում որով, քանզի դրանով ցույց է տալիս սպասավորի կերպարը, և մենք միջնորդի միջոցով մաքրվում ենք մեր մեղքերից, և այդ միջնորդը նույն ինքն՝ Աստված է: Եվ ոմանց անարժան է թվում Աստծու մասին այսպես ասելը, սակայն անարժանության ոչինչ չկա, քանզի Գրքում ամեն տեսակ մարդասիրություն նրան է վերագրվում: Հատկապես, որ Տերն ինքն է իրեն և Հորը այդպես կոչում, որն առավել խոնարհ անուն է. «Իմ Հայրը մշակն է» (Հովհ. 15:1), և «Ես ձեր մեջ եմ իբրև սպասավոր» (Ղուկ. 22:27):
Տեսնո՞ւմ ես մարդասիրությունը, դրանից ուսանի նաև այս. դեն գցելով ամենայն աղտեղություն: Կամ սա է նշանակում, ինչ որ ասացինք և կամ նորից՝ ինքն Աստված լինելով իր արդարությամբ, ինչպես միջնորդ, մաքրում է մեր աղտեղությունները, և կամ արդարություն է կոչում Որդուն, ըստ այս խոսքի. «Արդարությունը երկնքից երևաց» (Սաղմ. 84:12), ուստի Որդու միջոցով Հայրը մաքրեց արարածներին, քանզի Նրան տվեց Հայրը որպես մեր մեղքերի քավության միջոց, ոչ թե որպես գործիքի, այլ որպես փառակցի և էակցի, ուստի որով ասելով կրտսերություն ցույց չի տալիս, ինչպես անաստվածները կարծեցին, այլ՝ համագործություն և միակամություն:
Որով, ասում է, դեն գցելով ամենայն աղտեղություն: Ինչպես, օրինակ, երբ թագավորական ծիրանին անխնամ մի տեղ ընկած լինի և սև փոշուց կեղտոտված, բայց եթե մեկը վերցնի և հաճախակի մաքրի, կթոթափի վրայի փոշին և իր նախնական տեսքին կվերադարձնի: Նման ձևով նաև մեր բնությունն էր Աստծու կողմից գեղեցիկ և վայելուչ ստեղծվել, սակայն աղտեղացավ անօրինության բարակ փոշուց, իսկ Բարերարն ու Բարերարի Որդին մաքրեց նրա աղտեղությունն իր խնամակալությամբ և դարձրեց առավել պայծառ ու գեղեցիկ քան առաջինն էր:
Դեն գցեք, ասում է, ամենայն աղտեղություն. ամենայն ասելով նկատի ունի սերնդեսերունդ փոխանցված մեղքը, որով աղտեղացավ մեր բնությունը, ինչպես որ զանազան նողկալի բաները միմյանց խառնված՝ տեսնողների համար տգեղ, գարշահոտ և նողկալի են, իսկ անցորդների համար մերժելի, այդպես էլ մարդկային աղտեղությունները զանազան գարշելի և անմահատեղելի բաներով միմյանց խառնված՝ ապականում են բնությունը:
Դրա համար ասաց. դեն գցեք ամենայն աղտեղություն: Սրա միջոցով ցույց է տալիս Աստծու կարող զորությունը, և նա, ով ընդդիմանում է նրա կամքին, ոչինչ է, քանզի ինչպես հագուստի վրայի թեթևակի փոշին է հեշտությամբ մաքրվում, այդպես էլ առավել հեշտությամբ Աստված մեր մեղքերի աղտեղությունները, որ պայքարում են մեր բնության դեմ և միավորված են նրան ոչ թե փոշու պես, այլ ձյութի, հեշտությամբ թափ տվեց, սրբեց և արդարացրեց: Այդ պատճառով էլ ասաց. դեն գցելով ամենայն աղտեղություն և չարիքի ավելցուկ:
Իսկ ի՞նչ է նշանակում. չարիքի ավելցուկ, կարծում եմ, թե առաջին պատվիրանազանցությանն է ասում չարիք և դրա ավելցուկ. սպանություն, անառակություն, կռապաշտություն, որոնք գերում են մեզ և ստրկացնում:
Արդ, առաջին չարիքը՝ անհնազանդությունը, ասում է, վերացավ մեր Փրկչի և Աստծու հնազանդությամբ, ով հնազանդվեց Հորը մահվան չափ և խաչի մահվան և մաքրեց մեր անհնազանդությունը և իր մարմնի միջոցով դատապարտեց մեղքը և խայտառակ արեց դրա հորինողին:
Արդ, այդ պատճառով է ասում չարիքի ավելցուկ, որի պատճառով աղտեղացավ մեր բնությունը, և որ պարտավոր ենք դեն գցել այն մեզանից: Ուստի, ի՞նչ օգուտ հավատքի հնազանդությունից, եթե գործով անհնազանդություն դրսևորենք, այլ մեծագույն շնորհից, Քրիստոսի պատարագվելուց, Հոր՝ արարածների հետ հաշտությունից և մեզ արդարացնելուց, սրբելուց և մաքրելուց հետո, պարտավոր ենք պարկեշտ վարք դրսևորել և ողջախոհ լինել, որպեսզի շան պես վերստին առաջին փսխածին չդառնանք և խոզի պես մաքրվելուց հետո նորից տիղմի մեջ չթավալվենք: Հետևաբար խրատում է, որպեսզի այդ պատճառները մաքրենք մեր միջից և հեռացնենք չարիքի ավելցուկը:
Եվ կամ նորից չար է ասում այն, ինչ բնությամբ ունենք, ոչ թե արարչությամբ, այլ՝ զետեղված է մեր մեջ, որը մեզ բավական է դատապարտության համար, և դրա վրա, [ասում է, այլևս] ավելցուկ մի՛ ընդունեք, որոնք մտնելով մեր մեջ սպանում են մեր հոգուն:
Հեզությամբ, ասում է, ընդունեցե՛ք ձեր մեջ սերմանված խոսքը, որ կարող է փրկել ձեր հոգիները:
Երբ խրատեց հեռացնել չարիքի ավելցուկը և մերժել մեր հոգու համար վնասակար բաները, այնուհետև, որպեսզի տեղը դատարկ չմնա և չար զորությունները նորից չպատրաստվեն ներս մտնել, որը մեզ համար ավելի չար կլինի, քան առաջինն էր, այդ պատճառով հեզությանը, որ բոլոր առաքինությունների մայրն է, ներս է մտցնում, որպեսզի լցնի այդ տեղը, ուստի և ասում է. հեզությամբ ընդունեցե՛ք ձեր մեջ սերմանված խոսքը:
Հեզությունը առաքինությունների մեջ առաջինն է, հետևաբար երանության առաջին շարքում էլ էր այն՝ աղքատության մեծագույն [շնորհի] հետ, որը մեր Տերը կարգեց: Եվ ոչ միայն խոսքով է սրան պատվում, այլև իր անձով է ցույց տալիս սրա պատիվը, այս առաքինության նախօրինակը՝ ասելով. «Սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով խոնարհ» (Մատթ. 11:29):
Նաև նրանք, ովքեր առաջնորդվել են սրանով, Սուրբ Գրքում բազմաթիվ գովությունների են արժանացել: Ընդ որում ասվում է. «Մովսեսը, սակայն, շատ ավելի հեզ էր, քան երկրի վրա ապրող բոլոր մարդիկ» (Թվեր 12:3), և նորից՝ «Տե՛ր, հիշի՛ր Դավթին և նրա ամբողջ հեզությունը» (Սաղմ. 131:1): Թեև շատ այլ առաքինություններ էլ ունեին, սակայն նրանց հատկապես հեզությունը վերագրեց: Այդ պատճառով էլ այստեղ նույն ուղղությունն է պահանջում. Հեզությամբ, ասում է, ընդունեցե՛ք ձեր մեջ սերմանված խոսքը: Այսինքն՝ քաղցրությամբ և խոնարհությամբ, ոչ պարտադրաբար, ոչ հարկադրված, ոչ մարդահաճությամբ և ոչ էլ կեղծավորությամբ, այլ՝ հեզությամբ, ասում է, ընդունեք ձեր մեջ սերմանված խոսքը: Սերմանված խոսքն իմաստությունն է, որով Աստծու սերմն արարչությամբ ընդունեցինք, և աճեց մեր մեջ գեղեցիկ և վայելուչ բնության ճյուղից, այդ պատճառով էլ սերմանված է կոչում այն:
Եվ կամ նորից խոսք է կոչում Աստծու կողմից մարգարեական գրքերում պատգամված պատվիրանները, իսկ սերմանված է ասում այն բանի համար, որ նախաստեղծ Ադամի մեջ ի սկզբանե սերմանված էր պատվիրանը, և այն հարազատ բույսը, որ կարող էր աճեցնել, նա, սակայն, խամրացրեց:
Եվ ապա աճեց այն օրենքի և մարգարեների միջոցով և իր լրումին հասավ ավետարանյան ավանդությամբ:
Այդ պատճառով էլ ավելացնում է. որ կարող է փրկել ձեր հոգիները: Ոչ միայն հեզության ընտանի պատվիրանն է պահանջում ընդունել, այլև փոխարենը վարձ է դնում [մեր] առջև, որպեսզի խոսքը հեշտությամբ ընկալվի: Չկա որևէ այլ բան, ասում է, որ այդպես կարողանա ապրեցնել մեր հոգիները, քան Աստծու պատվիրանների իմացությունը, ինչը եթե մեծագույն հոգատարությամբ պահենք մեր մեջ, ապա դրանով Աստծու ճշմարիտ կենդանությունը մեր մեջ կընդունենք, քանզի ովքեր պահեցին այդ, Աստծու կողմից մեծագույն պատվի արժանացան, իսկ ովքեր զլացան՝ խստագույնս դատապարտվեցին:
Եվ սա երևում է Ադամի ու Ենոքի օրինակով, քանզի մեկը՝ պահելով պատվիրանը, անմահների կարգին դասվեց, իսկ մյուսը զլանալով՝ դատապարտվեց մահվան և այս անեծքի երկիրն ընկավ: Այդ պատճառով էլ ասում է. որ կարող է փրկել ձեր հոգիները: Մինչդեռ մարդու հոգին մեռած էր մեղքի պատճառով, ըստ այնմ, թե. «Ով որ մեղանչի, նա էլ պիտի մեռնի» (Եզեկ. 18:4), և չկար մեկը, որ կարողանար մեղքի մեռելությունից կենդանություն պարգևել: Մինչև որ եկավ Աստծու Բանը՝ ճշմարիտ կյանքը և մեզ կենսաբեր ու կենդանարար պատվիրան տվեց՝ փրկելու մեր հոգիները: Այդ պատճառով էլ ասաց. Որ կարող է փրկել ձեր հոգիները:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի, Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը