Հակոբոս 4.7-8

7. Հնազանդեցարո՛ւք այսուհետև Աստուծոյ, և կացէք հակառակ չարախօսին, և լիցի փախստական առ ի ձէնջ:

Հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն և դիմադրեցե՛ք սատանային, ու նա կփախչի ձեզանից:

Երբ ամբարտավանին անհույս թողեց Աստծու շնորհներից, և առավելագույն շնորհներ խոստացավ իրեն սիրողներին և խոնարհներին, ապա օրինակ է բերում և խրատները շատացնում, որպեսզի ոչ ոք տարակուսանքով խոնարհության օրինակ չխնդրի: Այդ պատճառով էլ ասաց. հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն և դիմադրեցե՛ք սատանային, ու նա կփախչի ձեզանից: Մի՛ նմանվեք, ասում է, ձեր նախահորը՝ Ադամին, որ այդքան պատվի արժանանալով Աստծու կողմից, անհնազանդ գտնվեց նրա պատվիրանների հանդեպ, որ ասաց նրան, թե չուտես այդ ծառի պտղից, որպեսզի չմահանաս, սակայն նա չարախոսի խրատը բարու տեղ ընդունեց, որ չարախոսեց Աստծուն՝ նրան նախանձ և անմարդասեր ցույց տալով և ասելով. «Որովհետև Աստված գիտեր, որ այն օրը, երբ դրանից ուտեք, կբացվեն ձեր աչքերը, և դուք կլինեք աստվածների նման՝ կիմանաք բարին ու չարը» (Ծննդ. 3:4), բայց նա չարախոսին չընդդիմացավ, այլ՝ հավատաց և հնազանդվեց նրան, կերավ պտղից, սակայն իր բաղձանքին չհասավ, այլ միայն՝ մերկանալով փառքից հանդիմանեց սուտ խրատի համար:

Արդ, դուք էլ, ասում է, նրանց դիմադրելով՝ հակառակը գործեք, հնազանդ եղե՛ք Աստծուն, նրան, ով որպես կյանքի պտուղ՝ խոնարհությունը ցույց տվեց ձեզ, և որպես բարու ու չարի գիտության պտուղը ցույց տվեց ամբարտավանությունը և այս աշխարհի հանդեպ սերը:

Իսկ եթե բանսարկուն քո առջև բերի այս աշխարհի հարստությունը, փառքը և ամբարտավանությունը, ինչպես որ այն ժամանակ՝ ծառի պտուղը՝ որպես աստվածանալու պատճառ, ապա հավանություն մի՛ տուր նրան, այլ՝ դիմադրիր: Խոնարհությամբ ասա նրան. «Այսուհետև չեմ խաբվի, ով բանսարկու, և չեմ հնազանդվի քո դավադրություններին, չեմ ընկնի քո որոգայթի մեջ, այլ՝ Աստծու պատվիրաններին եմ հնազանդվել և Քրիստոսի խոնարհությամբ զգեստավորվել: Աղքատությունը (նեղությունները), նախատինքները և հալածանքները հանուն Քրիստոսի, ավելի լավ եմ համարում, քան աշխարհի ամբողջ հարստությունը և փառքը»: Եվ նա չի կարող համբերությամբ լսել այս խոսքերը և հանդուրժել, այլ հեռու կփախչի ինչպես կայծակից:

8. Մերձեցարուք առ Աստուած, և մերձեսցի՛ առ ձեզ:

Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ:

Աստված ինքն ասաց մարգարեների միջոցով. «Ես մերձավոր Աստված եմ և ոչ թե հեռավոր Աստված» (Երեմ. 23:23), սակայն «ձեր մեղքերն են պատնեշ դարձել ձեր և Աստծու միջև» (Ես. 59:2):

Արդ, այս ամենից իրապես երևում է, որ մարդիկ տարաբնույթ մեղքերի պատճառով բաժանվել են Աստծուց, առավել ևս՝ ամբարտավանությամբ, հետևաբար խրատ է տալիս և Աստծուն մոտենալու օրինակներ սովորեցնում:

Եվ ինչու սկզբում ասաց. հնազանդվեցե՛ք ուրեմն Աստծուն և դիմադրեցե՛ք սատանային, ու նա կփախչի ձեզանից, ապա շարունակելով՝ ասում է. մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ: Այսինքն՝ խոնարհությամբ և հեզությամբ մոտեցե՛ք Աստծուն, և նա գթությամբ և մարդասիրությամբ կմերձենա ձեզ: Ուստի, թեև շատ են այն առաքինությունները, որոնք մոտեցնում են մարդուն Աստծուն, սակայն որ ամբողջովին մերձեցնի հոգին Աստծու հետ և անկրելի բնությունն ու անճառելին իր մեջ բնակեցնի, խոնարհությունն է միայն և Աստծուն մոտենալը: Հետևաբար ասաց. մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ:

Երկու բնությունները, որ անսահման հեռավորությամբ անջատված են միմյանցից, խոնարհության միջոցով միավորվում են, քանզի թեև չկա որևէ տեղ, որ թափուր լինի Աստծուց, բացի ամբարտավան հոգուց, ուստի, որքան հեռու են արևելքն արևմուտքից, առավել ևս հեռու է Աստված ամբարտավան հոգուց, սակայն հեռանալով չար արմատից և խոնարհվելով անմիջապես Աստծուն մերձավոր կդառնա: Այդ պատճառով էլ սկսում է հաճախակի խրատել, և այն մեղքերը, որ հակառակ են Աստծու մերձավորությանը, մանրամասնորեն հեռացնել և զղջմամբ ու արտասուքով քավել և արժանանալ այդ շնորհներին:

Այդ պատճառով էլ ասում է.

Սրբեցէ՛ք զձեռս ձեր մե՛ղաւորք:

Մեղավորնե՛ր, մաքրեցե՛ք ձեր ձեռքերը:

Իսկ ինչո՞ւ է ձեռքերից սկսում, որովհետև ամեն ինչ ձեռքով է կատարվում թե՛ բարիք և թե՛ չարիք: Արդ, մեկը գործելու դեպքում խոչընդոտում է մյուսին, և դրանք շատ են ու բազմաթիվ, ինչպես որ չարիքի դեպքում է երևում. սպանություն, շնություն, գողություն, ագահություն, հափշտակություն, զրկանք և նմանատիպ բազում այլ բաներ կատարվում են ձեռքերի ներգործությամբ: Հետևաբար ճիշտ է ասվում, թե չթողնենք շոշափեն, քանզի դրա միջոցով են գնում չար ճանապարհով և մեղքի մեջ ընկնում: Այդ պատճառով էլ ասում է. մեղավորնե՛ր, մաքրեցե՛ք ձեր ձեռքերը:

Բայց կա նաև ձեռքերի սրբությունը՝ ողորմությունն ու աղոթքը, և այս երկուսը, ինչպես որ Պողոսն է ուսուցանում, թե աշխատեք ձեր ձեռքով բարիք արտադրել, որպեսզի կարողանաք տալ նաև կարիքի մեջ եղողին (տե՛ս Եփես. 4:28), նաև «Աղոթեն ամեն տեղ, սուրբ ձեռքերը բարձրացնեն դեպի վեր, առանց բարկության և երկմտության» (Ա Տիմ. 2:8), Տերը ևս հայտնապես ասում է. «Ողորմություն տվեք, և ահա ձեր ամեն ինչը մաքուր կլինի» (Ղուկ. 11:41), նույնն է խրատում նաև մարգարեն. «Քո մեղքերը քավի՛ր ողորմությամբ, և քո անօրինությունները՝ աղքատներին գթալով» (Դան. 5:27):

Տեսնո՞ւմ ես ձեռքերի սրբությունը, թե ինչպես է կատարվում, և համարձակություն է ստանում երկիքը՝ դեպի Աստծուն բարձրացնել և մարգարեի պես ասել. «Ձեռքերիս կարկառումն՝ իբրև երեկոյան պատարագ» (Սղմ. 140:2):

Ուղի՛ղ արարէք զսիրտս՝ երկմիտք:

Երկմիտնե՛ր, ուղղեցե՛ք ձեր սրտերը:

Ամեն առարկայի և ամեն գործի մեջ ուղղությունը կարևոր է, ինչպես քանոնը հյուսնի համար և լարը՝ պատշարության: Եվ հատկապես սիրտը պետք է ուղիղ լինի, որ շտեմարանն է բոլոր խորհուրդների, և այնտեղից են ելնում չար խորհուրդները, ըստ տերունական առակի, և պղծում մարդուն: Կա նաև սրտի շեղություն, որը Աստծու պատվիրանների հանդեպ երկմտությունն է: Հենց այդ պատճառով էլ, կարծում եմ, այստեղ կանխազգում է՝ ասելով. երկմիտներ, ուղղեցե՛ք ձեր սրտերը:

Ուստի, առաջ բերեց և հարգեց խոնարհությունը, և Աստծու շնորհներին արժանի համարեց այն, վատաբանեց ամբարտավանությունը, փառասիրությունը և աշխարհի հարստությունը և օտարացրեց Աստծուց: Եվ որպեսզի այս ամենից երկմտություն ընկնի աշխարհասերների սրտում, իբրև թե ճիշտ չէ այս դատաստանը՝ աշխարհի մեջ աղքատությամբ ապրել, սեփական քրտինքով, տառապանքով և հալածանքներով, ցրտի և մերկության մեջ, սովի և ծարավի, բոլորի առջև ծաղր ու ծանակ լինելով, բայց հանդերձյալում փոխհատուցման հույս և ակնկալիք ունենալ: Ինչ որ ձեռք ենք բերել, հրամայում է մերժել, սակայն ո՞վ գիտե հետագայում նորից նույնը կունենա՞նք:

Արդ, այս երկմտությունը տեսնելով՝ ասաց. երկմիտնե՛ր, ուղղեցե՛ք ձեր սրտերը: Եվ իսկապես սրտի ուղղությունը հետևյալն է. Աստծու պատվիրանների հանդեպ բարկությունը և երկմտությունը մերժել, և մեր մեջ ներմուծել և բնակեցնել քաղցրություն, պարզություն և հավատարմություն Աստծու սիրո հանդեպ: Քանզի, եթե այս ամենն ունենանք, ապա ոչ մի տեսակ շեղություն չի կարող բնակվել մեր սրտերում, և ուղղությունից շեղված որևէ բան՝ մեր մեջ:

 

Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,

Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828

Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը

19.09.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․