23 Դեկտեմբեր, Բշ
16. Խոստովա՛ն եղերուք միմեանց զմեղս, և աղօ՛թս արարէք ի վերայ միմեանց, որպէս զի բժշկեսջիք:
Ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք:
Երբ խոսեց մարմնավոր ցավերը երեցների խնդրվածքների միջոցով բժշկելու մասին, միաժամանակ հայտնեց նաև այդ մեղքերի թողության միջոցով հոգու փրկության մասին: Ապա ուղղվելու համար մեկ այլ ճանապարհ էլ է ցույց տալիս՝ մեղքերի խոստովանություն, որ մայրն է բոլոր բարիքների, և նավահանգիստ բոլոր՝ մեղքերով նավաբեկվածների համար: Որ կորուսյալներին գտնողն է, և մոլորվածներին դարձի բերողը, որ սպեղանի է վիրավորների համար և քաղցր դեղ՝ հիվանդների, որ հույս է անհույսների համար և մխիթարող բոլոր վշտացածների, որ ձեռքում պատրաստ պահած զենք է մեղքի դեմ և բանսարկուին անխնա խոցող, որ օգնական է անօգնական ընկածների համար, և գավազան՝ գլորվածների համար, որ Աստծուն մարդկանց հետ հաշտեցնող է և մեղքերի պատերազմը դադարեցնող, որ սկզբից ամեն ինչին գերազանցեց և հասակակից է մարդկությանը:
Ուստի այնտեղ՝ աշխարհի սկզբում հաստատվեց սա, որովհետև, երբ պատվիրանազանցությունը պարդկային կյանք ներխուժեց և ի հայտ եկան մեղքերը, դրա հետ մեկտեղ երևաց նաև Աստծու մարդասիրությունը՝ Ադամին քաղցրությամբ կանչելով մեղքերի խոստովանության և ասելով. ո՞ւր ես: Մեղանչելուց հետո Աստված այդպես հարցնելով նրան ի՞նչ էր ցանկանում ցույց տալ ամենատես բնությունը, եթե ոչ նրան խոստովանության կանչել, որին չհնազանդվելով՝ դատապարտվեց: Քանզի ամեն տեղ մարդկանցից նա, ով ասաց իր մեղքերի մասին և խոստովանեց, քավություն գտավ, իսկ ով ոչ՝ դատապարտվեց:
Նայի՛ր Կայենին և Ղամեքին և նրանցից սովորի՛ր, թե ինչն է ճշմարիտ, որովհետև նրանցից յուրաքանչյուրն էլ մեկ մեղք գործեցին՝ սպանություն, և որ հատկապես Ղամեքինը սաստիկ էր և մեծ, քանզի կրկնվում էր և իր առջև օրինակ ուներ, իսկ Կայենինը՝ առաջինն էր և առանց օրինակի: Քանի որ Ղամեքը վախեցավ Աստծու դատաստանից (որովհետև Կայենին ուներ իր առջև), դատապարտեց իր անձը և ավելի մեծ դատապարտության տակ մտավ, քան Կայենը, և այդ պատճառով խոստովանեց իր կանանց և ասաց. «Ով կանայք, ես մի երիտասարդ մարդ սպանեցի, որովհետև նա ինձ վիրավորել և հարվածել էր: Եթե սպանության համար Կայենից յոթ անգամ վրեժ է պահանջվում, ապա Ղամեքից՝ յոթանասունյոթ անգամ» (Ծննդ. 4:23-24): Այսպես ասելով և խոստովանելով գաղտնի գործած մեղքը՝ անցկացրեց իր վրայից Աստծու բարկությունը: Իսկ Կայենն այդպես չարեց, այլ կանչվեց խոստովանության, սակայն ըմբոստացավ և այդ պատճառով էլ դատապարտվեց, ոչ միայն չզղջալու համար, այլ առավել ևս՝ անպատկառության, քանզի Աստված քաղցրությամբ էր հարցնում, իսկ նա խստությամբ և անամոթաբար էր պատասխանում: Եվ այդ պատճառով էլ Տերն առավել ատեց անպատկառներին, քան հանցավորներին, քանզի մինչդեռ միայն հանցավոր էր, հարցնում էր նրան և խոստովանության կանչում, ու պատճառներ փնտրում մեղքերի թողություն տալու և արդարացնելու համար, իսկ երբ անպատկառություն ցուցաբերեց՝ պատժեց, և չընդունեց նրա զղջումն ու խոստովանությունը:
Տեսնո՞ւմ ես խոստովանության օրինակը, թե որտեղից է սկզբնավորվել, և որքան զորություն ունի՝ մեղավորին արդարացնելու, և դատապարտելու նրան, ով իր ժամանակին սիրով չընդունեց այն: Նման ձևով նաև Աստված մարդկանց հորդորում է խոստովանության՝ ասել մեղքերի մասին և արդարանալ: Ասա՛ դու, ասում է, քո մեղքերի մասին, որպեսզի արդարանաս, և մեղքը, որ խոստովանում է, թեթևանում է, իսկ չխոստովանված մեղքն առավել ծանր է: Այս մասին նաև Դավիթն է ասում սաղմոսում. «Կխոստովանեմ մեղքերն իմ, և դու թողություն կտաս իմ մեղքերի ամբողջ ամբարշտությանը» (Սղմ. 31:5): Եվ սրանով Աստված անսահման մարդասիրություն է ցուցաբերում, և մեր մեղքերի ծանրությունը, որ լեռների չափ են, թեթևացնել է ուզում խոստովանության միջոցով: Ուստի և բնության մեջ խոսքից առավել թեթև ի՞նչ կա. ժամանակի և ջանքի կարիք չի զգում ծնվելու համար, այլ չափազանց հեշտությամբ մտքից լեզվի վրա են ընկնում, և ճառում են, և սրտի գաղտնիքները հայտնապես պատմում է այնպես, ինչպես ցանկանում է:
Այսպիսի թեթև բան է խնդրում մեղքերի թողության համար, ասում է, ասա՛ քո մեղքերի մասին, և որևէ այլ ծանր բան չի պահանջում. ոչ սարեր կտրել-անցնել, կամ օտար աշխարհ գնալ, կամ ծովերի վրայով ընթանալ կամ երկինք թռչել, որը մեր բնության համար անհնար է: Ուստի, եթե նման բաներ սահմաներ մեղքերի թողության համար, ապա բոլորս անհույս կկորչեինք: Այլ ի՞նչ: Ասում է՝ ասա՛ և կարդարանաս: Այս մասին նաև Դավիթն ակնարկեց՝ թերևս Աստծուց ուսանելով, քանզի մեղքերը պատմելու և ամբարշտություններին և անօրինություններին թողություն տալու համար որևէ այլ բան չավելացրեց, որ աշխատանք և ջանք կպահանջեր, այլ Հոգու միջոցով մեզ հայտնեց, որ մեղքը, ինչ աստիճանի և ինչ չափի էլ լինի, խոստովանելով թողություն կգտնի, և հատկապես, որ խոստովանությունն ուղիղ մտքով լինի՝ ըստ իրադարձությունների բերման և ըստ մեղքերի տեսակի: Ոչ թե ինչ-որ պատճառներով և մարդկանց աչքին երևալու համար, և ոչ էլ կեղծավորաբար, այլ՝ ճշմարտությամբ սեփական անձն ամբաստանելով և ինչպես օտար մեկի դատապարտելով: Չամաչելով, եթե նույնիսկ գործը ամոթարար լինի, և ոչ էլ պատկառելով, ոչ այլոց դեմքով և ոչ էլ կցկտուր, այլ՝ մեղքի հանդեպ ատելությամբ, առավելագույնս պետք է ասել՝ ինչպես թշնամուն չարախոսելով: Մեղքերի մասին ասել և խորշել, և մեղքին հաղորդակից լինելուց հեռու փախչել և այնուհետև ամեն օր ջանալ ուղիղ վարքով ապրել, արդարև այսպիսի մեղքն է միայն խոստովանությամբ թողության արժանանում:
Նման ձևով նաև սա, տեսնելով խոստովանության բարիքները, հորդորում է՝ ասելով. ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք: Եվ տե՛ս, թե ինչ օրինակ է բերում. Ձեր մեղքերը միմյանց խոստովանե՛ք, ասում է, այլ ոչ թե հրապարակում և փողոցում, և ոչ էլ բազմաթիվ վկաների առաջ, այլ՝ միմյանց: Այսինքն՝ մի անկյունում, հեռու տեսնողներից և լսողներից, մեկ քահանայի առջև, ոչ թե անմիտ քահանայի, այլ շատ երկյուղած և իմաստուն, որ գիտե հմտորեն բժշկարար դեղ պատրաստել վերքերի համար, և գիտե բժշկել հոգու ցավերը: Իսկ միմյանց ասելով՝ խոստովանության համարձակություն է տալիս լսողներին: Մի՛ կարծիր, ասում է, թե պատվիրում եմ մեղքերդ հրեշտակին ասել, որի սրբության առջև դու այդքան մեղավոր լինելով վախենաս, թե մեղքերիդ համար կպատժվես նրա կողմից: Այլ ասում եմ, որ քեզ նման մեղավոր մարդու մոտ խոստովանես մեղքերդ, որ քեզ պես կարիքներ ունի, և կարող է իր տկարությամբ չափել նաև քոնը և մարդասիրությամբ ուղղել, քանզի ինքն էլ կարիք ունի Աստծու մարդասիրության, ուստի և քո հանդեպ ներողամիտ կգտնվի: Դրա համար է ասում. ձեր մեղքերը միմյանց խոստովանեցե՛ք և միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք:
Խոստովանությունից հետո քահանային հորդորում է աղոթել մեղավորի և զղջացողի վրա, որովհետև այնտեղի ամոթի մի մասն այստեղ քո առջև խոստովանությամբ է վճարում, և արժանի է կարեկցանքի: Եվ դու, ասում է, պարտավոր ես լալ լացողների հետ և սգակից լինել սգավորներին, ուստի և աղոթքով պարտավոր ես պարտքը հատուցել: Դրա համար էլ ասում է. միմյանց համար աղոթք արե՛ք որպեսզի բժշկվեք: Ոչ թե միայն մարմնավոր մեղքերից, այլև մեղքերի վերքերից, որ առավել է խոցում հոգին, քան ցանկացած մարմնի ցավ:
Քանզի յո՛յժ զօրաւոր են աղօթք արդարոց յօգնականութիւն:
Քանզի արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է:
Այսպես է ասում, որպեսզի ոչ ոք չերկմտի, ինչպես որ մարդկային սովորությունն է թերահավատ գտնվել բարձրագույն և մեծ գործերի հանդեպ, ուստի և ասում է. միմյանց համար աղո՛թք արեք, որպեսզի բժշկվեք:
Եվ որպեսզի չասեն, թե ո՞վ գիտե, որ իրոք օգտակար են մարդկային տկարությամբ կատարված աղոթքները, և մեղքի մեջ ընկածը [կարո՞ղ է] ուրիշների մեղքերին բժշկություն տալ, ապա ավելացնում է. արդարի աղոթքը շատ ազդեցիկ է և օգնում է: Թեև, ինչպես տեսնում ենք, մարդ են, և բնության կարիքների մեջ են, սակայն քանի որ քահանա են, և արդարներ ու Աստծու կողմից ընտրվածներ, ապա այդ պատճառով նրանց աղոթքներն ազդեցիկ են այսպիսի գործեր կատարելու համար: Եվ ոչ միայն ազդեցիկ, այլ՝ շատ ազդեցիկ: Այդ ասելով՝ ուսուցանում է, որ անհնարին ոչինչ չկա, քանզի այն ամենն, ինչ հավատով խնդրեն Աստծուց, իրապես կստանան: Եվ երբ սուրբ սրտով և անկեղծ հավատով աղոթք են մատուցում, շատ ազդեցիկ են՝ օգնելու յուրաքանչյուր հիվանդի. թե մեղքով հիվանդացածին, որն ավելի մեծ է, և թե մարմնավոր ցավերին:
Երանելի Սարգիս Շնորհալի հայոց վարդապետի՝ իմաստասերի և քաջ հռետորի,
Մեկնություն կաթողիկե յոթ թղթերի, Կոստանդնուպոլիս 1826-1828
Գրաբարից թարգմանեց Գայանե Թերզյանը