25 Նոյեմբեր, Բշ
- Հա՛յր, երբեմն անհրաժեշտություն եմ զգում խցում մնալու և կանոնը կարդալու, այլ ոչ թե Պատարագին գնալու:
- Այն, ինչ կատարվում է Պատարագի ժամանակ, կարո՞ղ է ուրիշ ժամանակ կատարվել: Չի՛ կարող: Իսկ այն, ինչով զբաղվելու ես խցում, կարելի է ուրիշ ժամանակ էլ անել:
- Եկեղեցում ոչ միշտ եմ զգում այն փոփոխությունը, որ խցում եմ զգում:
- Տե՛ս, անհատական աղոթքը ընդհանրականի նախապատրաստությունն է: Համատեղ աղոթքը, որակի տեսանկյունից, կարող է անհատականից ցածր լինել, որովհետև եկեղեցում քեզ ազատ չես զգում այնպես, ինչպես երբ ինքդ քեզ հետ ես մնում: Սակայն զորության տեսանկյունից այն ավելի բարձր է, որովհետև բոլորը միասին են աղոթում. մեկի աղոթքում ավելի մեծ զորություն կա, մյուսի աղոթքում՝ ավելի շատ ջերմություն և այլն: Եվ այդ երկու-երեք ժամի ընթացքում, որ Պատարագն է տևում, դու ևս պետք է եկեղեցում լինես՝ բոլորի հետ միասին աղոթելու համար: Քրիստոս ի՞նչ ասաց. «Որովհետև ուր երկու կամ երեք հոգի հավաքված լինեն իմ անունով, այնտեղ եմ ես, նրանց մեջ» (Մտթ. 18:20):
- Հա՛յր, ինձ ավելի շատ դուր է գալիս խցում լինել, որովհետև Պատարագի ընթացքում ուշադրությունս շեղվում է:
- Այն խաղաղությունը, որ այդ ժամանակ զգում ես խցում, իրական խաղաղություն չէ: Եթե ճգնես եկեղեցում և ջանաս կենտրոնանալ ու աղոթել, ահա այդ ժամանակ ճիշտ կլինի և ճշմարիտ խաղաղություն ձեռք կբերես: Փորձիր դժվարությունները դժվարությունների մեջ հաղթահարել, դա քեզ շատ կօգնի: Նույնն է, թե բանակում սովորես իսկական գնդակներով կրակել, դա մարդուն ստիպում է մտազգաստ լինել:
- Հա՛յր, ես դժվարանում եմ Պատարագի ժամանակ, որովհետև չեմ կարողանում միաժամանակ աղոթել և հետևել ընթերցվածքին ու երգեցողությանը:
- Ինչո՞ւ է դժվար: Տեսնում եմ, որ դու անհանգիստ ես: Ասում ես. «Ուզում եմ առաջադիմել մտավոր աղոթքում, ուզում եմ ունեցածս ավելացնել…» Դրանում թաքնված եսասիրություն կա, հպարտություն: Դա չի նշանակում, որ դու չես ճգնում, ես մի փոքր չափազանցում եմ: Քո տրամադրվածությունը բարի է, և Քրիստոս կօգնի քեզ: Կանգնիր մանկան պես Աստծու առջև և ոչ մի բանի մասին մի մտածիր: Պարզությամբ գործիր և կտեսնես, թե ինչպիսի շնորհ են պարգևում քեզ Քրիստոս և Աստվածամայրը: Եկեղեցի մտնելիս պատկերացրու, որ նավ ես բարձրացել, քեզ Աստծու ձեռքը հանձնիր, թող տանի՝ ուր ուզում է:
- Հա՛յր, պատարագների ժամանակ նիրհում եմ և երբեմն ընդհանրապես չեմ կարողանում կենտրոնանալ: Իսկ հետո խորհուրդն ինձ ասում է. «Հետո ինչ, որ Պատարագի ես մասնակցել, միևնույն է չես աղոթել»:
- Անգամ, երբ հորանջում ես կամ ննջում, նավը, միևնույն է, առաջ է լողում: Նավի վրա մեկը կողքերն է նայում, մյուսը հորանջում է, երրորդը քնած է, իսկ նավը, միևնույն է, լողում է դեպի նպատակակետը: Իսկ դու փորձիր չքնել:
- Եթե միտքը Պատարագի ժամանակ աղոթքով չի զբաղվում, ապա Պատարագը հոգնեցնում է:
- Այո, որովհետև նման դեպքում մարդը չի սնվում: Երբ միտքը կենտրոնացած չէ սրբազան հասկացությունների վրա, այնժամ Պատարագը դառնում է պարզ ֆիզիկական վարժանք՝ աշխատանք հանուն Աստծու սիրո: Համենայն դեպս, նա, ում քունը Պատարագի ժամանակ տանում է, սակայն նա պայքարում է դրա դեմ, ավելի մեծ վարձք ունի: Մի՞թե մարդ իր խցում մահճակալ չունի, որ քնի: Մի անգամ երկու աշխարհական են Աթոս գալիս՝ գիշերային հսկմանը մասնակցելու: Նրանք նախ քնում են և ապա գալիս են արդեն առավոտյան ժամերգության ավարտին: Հարևան նստարանի վանականը երբեմն-երբեմն նիրհում էր, սակայն փորձում էր չքնել: Աշխարհականներից մեկը, սա տեսնելով, մյուսին ասում է. «Տե՛ս, վանականները քնած են»: Իսկ մյուսը պատասխանում է խելամիտ ավազակի(1) պես. «Ինչպե՞ս չես ամաչում: Մենք այսքան ժամանակ քնած էինք և միայն այժմ ենք եկել: Ի՞նչ է, կարծում ես, նա չէ՞ր կարող գնալ իր խցում քնելու: Միգուցե ներքնակ չունենա, բայց փայտե մահճակալ հաստատ կլինի»:
- Հա՛յր, ես ժամերգություններից ուրախություն չեմ զգում:
- Մեզ պարտադիր ուրախությո՞ւն է պետք: Դու եկեղեցում ես գտնվում հանուն Քրիստոսի: Կանգնում ես ստասիդիի(2) մեջ, դեռ ձեռքերով էլ կռթնում ես արմնկակալներին ու հանգստանում: Այսպե՛ս մտածիր. «Քրիստոս Իր թևերը Խաչին է տարածել, իսկ ես կանգնել ու հանգստանում եմ»: Այդպես կխաղաղվես:
- Հա՛յր, իսկ կարելի՞ է նստել Պատարագի ժամանակ:
- Ում համար դժվար է, կարող է մի փոքր նստել: Սակայն ով ուժ ունի, ավելի լավ է կանգնել: Սակայն դա պետք է զգալ և ի սրտե ցանկանալ այդպես անել: Չասել. «Ահա հիմա եկեղեցի կգնանք, կկանգնենք, գլուխներս կհակենք ու անշարժ կմնանք»: Այդ ամենը արտաքին բաներ են, ձևականություն:
- Հաճախ եկեղեցում չեմ կարողանում կենտրոնանալ, որովհետև երկար կանգնելուց ոտքերս սկսում են ցավել: Ի՞նչ անեմ:
- Հիշիր փայտե ոտնակոճղերը, որոնց մեխեցին Քրիստոսի ոտքերը և ասա. «Փա՜ռք Աստծու, որ ոտքերս ցավում են»: Այդժամ կմոռանաս սեփական ցավդ, սիրտդ քաղցրությամբ կլցվի և աղոթքդ կդառնա սրտանց:
1. Նկատի ունի Քրիստոսի կողքին խաչված ավազակներից մեկին, որ ասաց. «Աստծուց չե՞ս վախենում, դու, որ նույն պատիժն ես կրում: Եվ մենք իրավացիորեն արժանի հատուցումն ենք ստանում այն գործերի համար, որ կատարեցինք, իսկ սա որևէ վատ բան չի արել» (Ղուկ. 23:40, 41):
2. Փակվող նստատեղով նստարան ուղղափառ եկեղեցիներում, որի մեջ կարելի է նաև կանգնել:
Պաիսիոս Աթոսացի
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը