Քրիստոնյայի ողջ կյանքը Տիրոջ հետևյալ խոսքի արձագանքն է՝ հետևիր Ինձ (Մատթ. 9:9): Տիրոջը հետևող քրիստոնյան հարատև աղոթքի՝ Տիրոջ հետ հաղորդակցության մեջ է, ինչը շատ հաճախ դրսևորվում է ուխտագնացություններով և միասնական աղոթքներով: Օգոստոսի 30-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը ուխտի մեկնեց Գուգարաց թեմի սրբավայրեր: Ճանապարհին ուխտավորներն ունկնդրեցին սբ. Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» հոգենորոգ աղոթքները, որ բժշկություն, մխիթարություն ու քաջալերանք է յուրաքանչյուր քրիստոնյայի համար:
Հոգևոր ճամփորդությունն ուխտավորներին միասնական աղոթքի շուրջ համախմբեց նախ Ախթալայի վանական համալիրում (10-րդ դ.), որ Աստվածամոր անունն է կրում և հարուստ է 13-րդ դարի որմնանկարներով: Համայնքն այս սրբավայրում Աստվածամոր և օրվա հիշատակելի սրբերի՝ սբ. Թովմասի, Հակոբոս և Շմավոն առաքյալների բարեխոսությունը հայցեց՝ Հայոց ազգի, եկեղեցու և բանակի համար: Այնուհետև ուխտավորները համախմբվեցին սիրո ճաշի և հոգեշահ զրույցի շուրջ: Համայնքի երիտասարդ անդամների մի շարք հարցերին սիրով պատասխանում էին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում սպասավորող դպիրներն ու տիկնանց միության անդամները:
Հաջորդ սրբավայրում՝ Հաղպատի վանական համալիրում (10-13-րդ դդ.), ուխտավորները մասնակից եղան Արևագալի ժամերգությանը: Օրվա վերջին սրբավայրը, որով եզրափակվեց համայնքի հոգևոր ճամփորդությունը, Սանահինի վանական համալիրն էր (10-րդ դ.), ուր համայնքը գոհաբանական աղոթք հղեց առ Տեր՝ հոգենորոգ օր ապրելու համար: Վանքի հոգևոր հովիվ Տեր Մասիս քահանա Առաքելյանն ողջունեց ուխտավորներին և մաղթեց, որ Տերն ի կատար ածի նրանց ուխտը:
Պողոս առաքյալն իր նամակներից մեկում հստակ ասում է, որ Աստծո կամքը յուրաքանչյուր քրիստոնյայի համար հետևյալն է. «Միշտ ուրախ եղե՛ք, անդադար աղոթեցեք: Ամեն բանի համար շնորհակալ եղե՛ք, որովհետև Աստված այդ է սպասում ձեզնից, որ միացած եք Հիսուս Քրիստոսին» (Ա Թեսաղ. 5:16-19)։ Քրիստոնյան ուրախ է, որ Աստծու զավակ է, որ Տերը հոգ է տանում իր համար և շրջապատում է իրեն սիրով։
Եկեղեցու հայրերից Մելքիսեդեկ վրդ. Արտյուխինն ասել է. «Գոհություն հայտնիր Աստծուն նեղությունների համար, և նեղությունները կանցնեն, գոհություն հայտնիր Աստծուն ուրախության համար, և ուրախությունը կբազմապատկվի, գոհություն հայտնիր Աստծուն ամեն ինչի համար, և թանկ գնահատիր վայրկյանը, րոպեն, օրը, որովհետև այնպիսի օր, ինչպիսին հիմա է, այլևս չի կրկնվի երբեք»:
Կարինե Սուգիկյան