Դեկտեմբերի 23-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, աջակից եղավ Սարգսյան բազմազավակ ընտանիքին: Հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը ընտանիքի զավակին՝ 2.5-ամյա Էմանուելին, և նրա մորը՝ Մարիամ Ղազարյանին (36 տ.), տեղափոխեց Սուրբ Աստվածածին բժշկական կենտրոն, որպեսզի երեխան անցնի ԷԷԳ (էլեկտրոէնցեֆալոգրաֆիա) հետազոտությունը: Վեց անչափահաս զավակների մայրը նշեց, որ իր փոքրիկն ութ ամսեկանից առ այսօր տասը ցնցումների մեջ է ընկնել: «Երեխաս անցել է մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիա (MTR, յամեր), բայց հերթական հետազոտության համար չունեինք անհրաժեշտ գումարը: Ըստ տոմոգրաֆիայի արդյունքի՝ երեխայիս մոտ ցնցումների պատճառով ուղեղի ձախ կիսագնդի սնուցումը վատացել է: Շնորհակալ եմ Տեր Գրիգորից, ով անմիջապես արձագանքեց խնդրանքիս և աջակից եղավ մեր ընտանիքին»,- ասաց Մարիամը:
Սարգսյան ընտանիքը բնակվում է Շերամի 87/28 հասցեում: Ընտանիքի հայրը պայմանագրային զինծառայող է և աշխատում է ՀՀ ՊՆ մարշալ Ա. Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն ինստիտուտում: Սոցիալապես անապահով ընտանիքն իր նվազագույն կարիքները փորձում է հոգալ ընտանեկան նպաստի և ընտանիքի հոր աշխատավարձի գումարներով:
Տեր Գրիգորը Մարիամ Ղազարյանին հանձնեց դրամական օգնություն (40 000 դրամ), որը ինչպես և բուժստուգման գումարը տրամադրել էր Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու խաչքավոր Գեղամ Ղուկասյանը:
«Բացի սեփական կամքից, ոչ մի ուրիշ բան չի կարող մարդուն ետ պահել ողորմություն տալուց՝ ո՛չ ժամանակը, ո՛չ չքավորությունը, ո՛չ այլ խանգարող հանգամանք: Եթե ոսկի չունես ողորմելու, սակայն ձեռքեր ունես, որոնցով կարող ես կարոտյալներին օգնել, հաց չունես, որպեսզի աղքատին կերակրես, սակայն լեզու ունես, որով Կենաց Հացը կարող ես տալ և հասարակության օգուտի համար աղոթք կարող ես մատուցել: Հիվանդին դարմանելու կարողություն չունես, սակայն ոչ մի բան քեզ չի արգելում հիվանդատես գնալ: Բանտարկյալին ազատելու կարողություն չունես, սակայն ոտք ունես՝ նրա մոտ գնալու և նրան տեսնելու, քաջալերելու, մխիթարելու և նրան ցավակցելու, հառաչելու և Աստծուն աղաչելու, վշտակից լինելու նրա վշտերին և արձակիչ՝ կապանքներին» (Սարգիս Շնորհալի):
Կարինե Սուգիկյան