22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Հայոց տոների շարքում Համբարձման տոնը սիրելի տոներից մեկն է: Այս տոնի հետ կապված հայերն ունեցել են շատ գեղեցիկ սովորություններ: Այն ժողովուրդը միշտ նշել է բնության գրկում, մայիսյան ծաղկունքի մեջ և ուղեկցվել է ժողովրդական հանդիսություններով: Հայաստանի տարբեր շրջաններում տոնը հայտնի էր «Ծաղկամոր տոն», «Ճակատագրի տոն», «Վիճակի օր», «Ջանգյուլումի օր», «Կաթնապրի օր» անվանումներով, քանի որ Համբարձումը բնորոշվում է ծաղիկների առատությամբ, խաղիկներով վիճակահանմամբ, մասնակիցների ճակատագրի գուշակությամբ և որպես մատաղ՝ կաթնով բաժանելով:
Համբարձման տոնին կատարվող «Վիճակ-ջանգյուլումը» ամենասիրված և ուրախ հանդիսավորությամբ կատարվող տոնախմբությունն էր: Այն համարվել է աղջիկների տոն: Դեռատի աղջիկները Համբարձման նախընթաց՝ չորեքշաբթի օրը, վաղ առավոտյան, դեռ արեգակը չծագած, գույնզգույն զգեստ հագած, հատկապես կարմիր ու կանաչ, լուռումունջ գնում էին դաշտերը կամ սարերը և կճուճի մեջ լցնում յոթ աղբյուրի ջուր, յոթական քար, ծաղկի թերթեր կամ ծառի տերևներ: Յոթ ծաղկից փնջեր էին կապում, պսակներ հյուսում և վիճակ գցում, թե ում ինչ բախտ է սպասում: Նրանց երբեմն հետապնդում էին տղաների խմբերը, որոնք փորձում էին խոսեցնել, կատակներով խանգարել աղջիկներին: «Ծաղիկները գովելով»՝ աղջիկները մի մեծ փունջ էին կապում ու դնում կճուճի բերանին և կարմիր շորով ծածկում այն: Երեկոյան վիճակի կճուճը թաքցնում էին հանդերում, իսկ երբեմն էլ պահում աղջիկներից մեկի տանը: Գիշերվա ընթացքում հսկում էին կճուճը, որպեսզի տղաները չգողանան և փոխարենը՝ փրկագին չպահաջեն:
Վիճակահանությունը, որի ընթացքում պարզում էին, թե տվյալ տարում որ աղջիկն է ամուսնանալու, կատարում էին հինգշաբթի օրը: Վիճակահանության մասնակից բոլոր աղջիկները կժերով և ծաղիկներով շրջում էին տնետուն, խաղիկներ երգում, ծաղկեփնջեր նվիրում, իսկ մարդիկ զանազան նշաններ (կոճակ, մատանի, ասեղ և այլն) գցելով վիճակի ամանի մեջ, դրամով կամ բնամթերքով (ձու, յուղ, պանիր, բրինձ և այլն) նրանց նվերներ էին մատուցում: Ծաղկեփնջերը բաժանելուց հետո, կճուճի մեջ դրված խաչաձև փունջը, որը Ծաղկամեր էր կոչվում, նվիրում էին եկեղեցուն: Վիճակը հանում էին կեսօրին, երբ աղջիկները շրջան կազմած տեղավորվում էին վիճակի ամանի շուրջ: Նախապես ընտրված Համբարձման հարսը, որը նորահարսի գեղեցիկ զգեստ հագած, քողը երեսին մի փոքրիկ աղջնակ էր, կճուճից հանում էր որևէ նշան: Խումբն այդ պահին մի քառատող էր երգում, որի բովանդակությունից էր կանխորոշվում էր նշանի տիրոջ «վիճակը» կամ բախտը:
Համբարձումը կոչվում է Վիճակի օր, որովհետև «Վիճակը» կապված էր Քրիստոսի համբարձվելուց հետո առաքյալների կողմից Հուդայի փոխարեն վիճակահանությամբ նոր աշակերտ ընտրելու ավանդության հետ (Գործք Առաքելոց 1:26):
Ժողովուրդը Համբարձման տոնին դուրս էր գալիս դաշտերը, ծաղկազարդ վայրերում կազմակերպում էին զբոսանք, երգ ու պարով, ուրախությամբ նշում Համբարձման տոնը:
Այդ օրը ծաղիկներով զարդարում էին գառան, կաթնատու կովի, եզան պարանոցը և պտտեցնում գյուղում: Իսկ իբրև մատաղ և տոնական ուտեստ՝ կաթնով ու բանջար էր եփվում: Կաթնովը բաժանվում էր հարևաններին, բարեկամներին, անցորդներին, այն շաղ էին տալիս արտերում ու այգիներում, որ հունձը բարեհաջող լինի, բերքը՝ առատ: Զատկից մինչև Համբարձումն ընկած ժամանակահատվածում արգելված էր կաթնապուրի գործածությունը, հակառակ դեպքում կպակասեր կովերի կաթնատվությունը: Այդ օրը, սակայն, յուրաքանչյուր տան համար կաթնապուր եփելը պարտադիր էր:
Զատկից մինչև Համբարձում, երեկոյան ժամերին կանայք կար չէին անում, որպեսզի «հավկուր» չլինեն (հավի պես չկուրանան):
Համբարձման տոնի անբաժան մաս էին կազմում ուխտագնացությունները: Յուրաքանչյուր բնակավայր ուներ Համբարձման իր ուխտավայրը: Իրենց համաժողովրդական նշանակությամբ առանձնանում էին «Արքայության աղբյուր» մատուռը (գտնվում էր Տիգրիս գետի ակունքներում), Գողթնի «Խաչքարը» (գտնվում էր Վերին գետից դեպի հյուսիս), Արծվանիկի և Զվարի` Սուրբ Ստեփանոս, Ղարադաղի` Սիլյան սար և Խանագա գյուղի Երեփիր և այլն:
Համբարձման օրը շատերը ուխտի են գնում Ծաղկեվանք (գտնվում է Կոտայքի մարզում, Արա լեռան վրա), ուր ըստ ավանդության գտնվում է Վառվառա կույսի գերեզմանը:
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ 2011թ-ից Համբարձման տոնը հաստատվել է Գեղարդավանքի ուխտի օր: Տոնակատարության ընթացքում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի թանգարանում պահվող Գեղարդը, որով խոցել էին խաչին գամված Հիսուսին` պարզելու, արդյոք ողջ է, թե մեռած, հանդիսավոր արարողությամբ բերվում է Գեղարդավանք: Ուխտավոր հավատացյալները հնարավորություն ունեն տեսնելու և համբուրելու այն:
Կազմեց Կարինե Սուգիկյանը