Մայիսի 10-ին՝ Համբարձման տոնակատարության երկրորդ օրը, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու սիրիահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց օժանդակ միությունը, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և Տեր Խորեն քահանա Պերթիզլյանի առաջնորդությամբ, ուխտի մեկնեց Մուղնիի Ս. Գևորգ եկեղեցին: Ուխտավորների ուղին հագեցած էր աղոթքով և շարականներով: Հասնելով Հայաստանի նշանավոր սրբավայրը՝ նրանք միասնական աղոթքի շուրջ համախմբվեցին և Տիրոջ ողորմությունը հայցեցին Հայոց աշխարհի համար: Ս. Գևորգ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Եղիշե քահանա Բարսեղյանը, ողջունելով ուխտավորներին, մաղթեց, որ Տերն ի կատար ածի նրանց ուխտը, ապա ներկայացրեց սբ. Գևորգ զորավարի վարքագրությունը: Իսկ Տեր Խորենը ուխտավորների հետ զրուցեց Համբարձման տոնի խորհրդի շուրջ:
Այնուհետև սիրահայ համայնքը համախմբվեց սիրո սեղանի շուրջ և մասնակից եղավ Համբարձման տոնի ժողովրդական սովորությանը: Սիրահայ համայնքի «Հույսի միավոր» տիկնանց միության ատենապետուհի Քնարիկ Ղազարյանն ուխտավորներին հիշեցրեց, թե ինչու է Համբարձման տոնը կոչվում նաև «Վիճակի օր», ապա ներկաներին բաժանվեց վիճակներ: Իսկ համայնքի փոքրիկ անդամները հանդես եկան տոնին նվիրված փոքրիկ ներկայացմամբ:
Քրիստոնյան Փրկչի փրկարար անունը ջանում է միշտ իր մտքում և սրտում պահել, քանի որ իր Փրկչին միավորվել ու միավորվում է մկրտությամբ և Հաղորդությամբ, միավորվել է ինչպես ծառի ճյուղն իր ծառին՝ իր մտքում պահելով Տիրոջ այն խոստումը, որ տվեց համբարձումից առաջ՝ Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը (Մատթ. 28:20): Տիրոջ այս խոսքերը վկայում են, որ Աստվածորդին լիարժեքորեն ներկա է Իր Եկեղեցում՝ Իր Մարմնում: Եվ ինչպես սբ. Հովհան Ոսկեբերանն է ասում՝ Տերը, դիմելով Իր հետևորդներին՝ որպես մեկ Մարմնի, ասում է՝ մի ասեք Ինձ խոչընդոտների և դժվարությունների մասին. Ես ձեզ հետ եմ և Իմ լուծը տանելի է, և Իմ բեռը՝ թեթև» (Մատթ. 11:28-30):
Կարինե Սուգիկյան