Հարգենք ուրիշների լռությունը

Եթե աղմուկի պատճառն ինքներս չենք, ապա սարսափելի չէ, Աստված ամեն ինչ տեսնում է: Բայց վատ է, եթե աղմուկը մեր պատճառով է առաջանում: Այդ պատճառով էլ պետք է մշտապես ուշադիր լինենք, որպեսզի չանհանգստացնենք ուրիշներին: Եթե որևէ մեկը չի ուզում աղոթել, ապա թող գոնե ուրիշների համար էլ խոչընդոտներ չստեղծի: Դուք շատ ուշադիր կլինեիք, եթե հասկանայիք, թե ձեր աղմուկն ինչ հսկայական վնաս է պատճառում աղոթող մարդուն: Որովհետև, եթե չգիտակցես, որ լռությունը և՛ անձամբ քեզ է անհրաժեշտ, և՛ ընդհանրապես բոլորին է օգնում, ընդ որում այն պետք է ի սրտե, սիրուց մղված պահպանել, այլ ոչ թե՝ ստիպողաբար, ապա լռությունը լավ արդյունք չի տա: Եթե մարդը կարգապահության կանոններին ենթարկվելով ու լարված է լռություն պահպանում, եթե ինքն իրեն ասում է. «Այժմ պետք է այնպես անցնեմ, որ ոչ-ոքի չխանգարեմ, իսկ այժմ ոտնաթաթերի վրա, գաղտագողի…», ապա դա իսկական տանջանք է: Նպատակն այն է, որպեսզի սրտանց դա անես, ուրախությամբ, լռություն պահպանես, որովհետև ինչ-որ մեկն աղոթում է, ինչ-որ մեկն Աստծո հետ շփման մեջ է: Լռության պահպանման ինչպիսի՜ տարբերություն կա առաջին և երկրորդ դեպքերի միջև: Մարդուն ուրախացնում և օգնում է այն, ինչ սրտանց է անում: Եթե գիտակցես, որ լռությունն անհրաժեշտություն է և հարգանքով վերաբերվես նրան, ով այդ պահին աղոթում է, ապա հետո սիրտդ կթրթռա: Ուրիշին հարգելով՝ մարդն ինքն իրեն է հարգում և այդ ժամանակ իրեն հաշվի չի առնում, որովհետև ինքնասիրությամբ չի տառապում, այլ բարեպաշտություն ունի: Պետք է քեզ ուրիշի տեղը դնես, պետք է այսպես մտածես. «Եթե ես լինեի այս մարդու փոխարեն, ապա ինչպիսի՞ վերաբերմունք կուզենայի ստանալ: Եթե ես հոգնած լինեի կամ աղոթեի, մի՞թե ինձ դուր կգար, որ դուռն այդպիսի աղմուկով ծածկեին»: Եթե քեզ այլոց տեղը դնես, ապա շատ բան կփոխվի:

Առաջ ի՜նչ հրաշալի էր համակեցական մենաստաններում… Լռությո՜ւն: Յուրաքանչյուր քառորդ ժամը մեկ ժամացույցը զանգում էր, որպեսզի բոլոր վանականները հիշեին Հիսուսի աղոթքն անելու անհրաժեշտության մասին: Եթե որևէ մեկը շեղվում էր աղոթքից, ապա տասնհինգ րոպեն մեկ ժամացույցի զանգերը լսելով՝ կրկին դրան էր դառնում: Շատ մեծ օգուտ կար ժամացույցի զանգերից: Հայրերն աղոթք էին անում, և վանքում խորը լռություն էր տիրում: Սուրբ լեռան այն վանքում, որտեղ մի ժամանակ ապրում էի, վաթսուն վանական էր ճգնում: Իսկ այնպիսի տպավորություն էր, որ մենաստանում ընդամենը մեկ լռակյաց է բնակվում: Բոլորը Հիսուսի աղոթքն էին անում: Եվ տաճարում էլ մեծամասնությունը մտովի էր աղոթում, քչերն էին երգում: Հանձնարարված աշխատանքի ժամանակ էլ էր նույնը: Ամենուրեք լռություն էր: Ոչ ոք բարձր չէր խոսում, չէր բղավում, յուրաքանչյուրն իրեն հանձնարարված աշխատանքով էր զբաղված: Բոլորն անաղմուկ էին շարժվում, կարծես գառնուկներ լինեին: Ինչ էլ, որ վանքում արվեր՝ անաղմուկ էր արվում: Այն ամենը չկար, ինչ հիմա հորինել են վանքերում՝ «հանձնարարության ժամ», «լռության ժամ»… Մնում է «հանգստի ժամ» մտցնեն: Առաջ յուրաքանչյուրն իր ժամանակը բաշխում էր՝ ըստ իրեն հանձնարարված աշխատանքի:

Եթե ցանկանում ենք, որպեսզի օրհնյալ անապատն, իր սուրբ ամայությամբ ու քաղցր հանգստով, օգնի մեզ, որպեսզի մենք էլ խաղաղվենք, կրքերից ազատվենք ու Աստծուն մոտենանք, ապա մենք էլ պիտի սիրենք այն ու ակնածանքով վերաբերվենք դրան: Անհրաժեշտ է ուշադիր լինել, որպեսզի սուրբ անապատը կրքերով լեցուն »ես»-իդ չհարմարեցնես: Դա մեծագույն անարգանք է, նույնն է, թե էստրադային երգեր երգելով գնաս Սուրբ Գողգոթային խոնարհվելու:

 

 

Հայր Պաիսիոս Աթոսացու «Ցավով և սիրով՝ ժամանակակից մարդու մասին» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

24.02.17
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․