Հարության հաղթանակով տոգորված արդարության պահանջատերերը

Հինանց շրջան է՝ հարության, ուրախության և հույսի օրեր: Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը բեմադրելու մեծ ցանկությունը համախմբել էր Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու համայնքի անդամների հինգից մինչև տասնհինգ տարեկան երեխաներին, երիտասարդներին, դպիրներին: Օրեր շարունակ նրանք մեծ նախանձախնդրությամբ պատրաստվել էին ներկայացմանը:

Պայքար և հաղթանակ խորհրդանշող Կարմիր կիրակի օրը՝ ապրիլի 26-ին, Երևանի Մուշեղ Իշխանի անվան N 5 հիմնական դպրոցի դահլիճում բեմադրվեց «Հիսուս՝ աշխարհի Լույսը» ներկայացումը:

Ներկաները Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գիրգորյանի գլխավորությամբ «Տերունական աղոթք»-ն ասացին, ապա սկսվեց ներկայացումը:

Հանդիսատեսը ուղղակի չէր դիտում և լսում, այլ վերապրում էր իրար հաջորդող ավետարանական իրադարձությունները:

Աղոթելուց հետո Քրիստոս կանչեց Իր աշակերտներին և ընտրեց նրանցից տասներկուսին, որոնց և առաքյալներ անվանեց: Հանդիսատեսի առջև Քրիստոսն էր Իր տասներկու առաքյալների՝ Սիմոն Պետրոսի, Անդրեասի, Հակոբոսի, Հովհաննեսի, Փիլիպպոսի, Բարդուղիմեոսի, Թադեոսի, Թովմասի, Մատթեոսի, Հակոբոս Ալփյանի, Սիմոն Կանանացու, Հուդա Իսկարիովտացու հետ: «Դու ձկնորս ես, բայց այսուհետև մարդկանց որսորդ կլինես»,- ասաց Հիսուսը Սիմոն Պետրոսին:

Ապա Քրիստոս Իր օգնականների՝ առաքյալների հետ, շրջում էր ամենուր և քարոզում: Մի օր էլ բարձրացավ լեռը և ուսուցանեց «Լեռան քարոզը»: Առաքյալների և ժողովրդի առջև Քրիստոս երանի տվեց հոգով աղքատներին, սգավորներին, հեզերին, արդարություն սիրողներին, մաքուր սիրտ ունեցողներին, խաղաղարարներին և արդարության համար հալածվածներին՝ ցույց տալով, որ Իր համար կարևոր են ներքին ձիրքերը՝առաքինությունները և ոչ թե արտաքինն ու աշխարհայինը:

Առաքյալների համար կարևոր էր իմանալ, թե ի՞նչ անեն, երբ մարդիկ մերժեն, ատեն կամ ապտակեն իրենց, կամ գողանան իրենց շապիկը, արդյո՞ք սիրեն, բարիք գործեն միայն իրենց սիրողներին, բարիք գործողներին:

Նրանց հարցերին Քրիստոս պատախանում էր և ուսուցանում, որ ուրախ լինեն, սիրեն, բարին գործեն, օրհնեն իրենց անիծողներին, աղոթեն իրենց նեղություն տվողների համար, չարին չարով չպատասխանեն, շապիկի փոխարեն հագուստն էլ տան:

Փարիսեցի Սիմոնը տանը Հիսուս հրավիրվել էր ճաշի: Մի մեղավոր կին, ոչ ոքի ուշադություն չդարձնելով, մտնում է Սիմոնի տուն, արցունքով թրջում է Հիսուսի ոտքերը, մազերով սրբում, համբուրում և յուղով օծում է՝ ակնկալելով ներում: Քրիստոս նրա օրինակով ասում է. «Նա շատ սիրեց Ինձ, իր բազմաթիվ մեղքերը ներված են», և կինը փրկվեց իր հավատքով (Ղուկաս 7:36-50):

Մեր Տերը հորդորում է Իրեն հետևողներին, խաչը վերցնել և գալ Իր հետևից, քանի որ «Ով իր խաչը չի վերցնում ու Ինձ չի հետևում, արժանի չէ Ինձ» (Մատթեոս 10:38):

Հիսուս ոչ միայն հոգևոր, այլև նյութական սնունդն էր հոգում մարդկանց՝ հինգ հացով և երկու ձկով կերակրելով հինգ հազարից ավել մարդու:

Քրիստոս Իր մասին ասում էր, որ Մարդու Որդին պիտի մատնվի, խաչվի, բայց երեք օր հետո հարություն պիտի առնի: Հետո աղոթքների աղոթքը՝ «Հայր մեր»-ը, սովորեցրեց: Ապա պատգամեց. «Խնդրեցե՛ք Աստծուց, և նա կտա ձեզ, փնտրեցե՛ք և կգտնե՛ք, բախեցե՛ք, և կբացվի ձեր առաջ. որովհետև խնդրողը պիտի ստանա, փնտրողը պիտի գտնի, և բախողի առջև պիտի բացվի դուռը» (Մատթեոս 7:7):

Դահլիճը համակ ուշադրությամբ հետևում էր Քրիստոսի բոլոր ուսուցումներին ու պատգամներին: «Բարի սամարացու առակ»-ով ուսուցանում էր՝ Աստծուն ողջ սրտով, հոգով, զորությամբ սիրելու հետ միասին, սիրել ընկերոջն անձի պես:

Ծնողները երեխաներին Քրիստոսի մոտ էին բերում, որպեսզի օրհնի և աղոթի նրանց համար, բայց առաքյալները սաստում էին բերողներին: Քրիստոս բարկացավ նրանց վրա՝ ասելով. «Թո՛ւյլ տվեք այդ մանուկներին, որ Ինձ մոտ գան, մի՛ արգելեք նրանց, որովհետև այդպիսիներինն է Երկնքի Արքայությունը» (Մատթեոս 19:13-15): Հիսուս, Զակքեոս մաքսապետի տանը հյուրընկալվելով, մեծ ուրախություն ապրեց նրա դարձով (Ղուկաս 19:1-9):

Բեմը հաղթական տրամադրության մեջ հայտնվեց. Ծաղկազարդն էր՝ Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ: Ապա այդ տրամադրությունը փոխվեց բարկության. Հիսուս, տաճար մտնելով, բարկացավ և վռնդեց բոլոր նրանց, որ առուծախ էին անում՝ ասելով, որ այն աղոթքի տուն է և ոչ ավազակների որջ:

Վերջին ընթրիքին Հիսուս Սուրբ Հաղորդության խորհուրդը հաստատեց, խոնարհության դաս տվեց, առաքյալների ոտքերը լվանալով, ապա՝ Նրան մատնեցին, ձերբակալեցին, խաչեցին և երեք օր հետո հարություն առավ՝ կյանքի ավետիսն ազդարարելով: Քառասուն օր շրջեց երկրի վրա, մինչ համբարձումը առաքյալներին պատվիրեց. «Գնացե՛ք, ուրեմն, և բոլոր ժողովուրդներին Իմ աշակերտնե՛րը դարձրեք: Մկրտեցե՛ք նրանց Հոր, Որդու և Սուրբ Հոգու անունով: Սովորեցրե՛ք նրանց այն բոլոր պատվիրանները, որ տվեցի ձեզ: Եվ ահա Ես ձեզ հետ կլինեմ միշտ՝ մինչև աշխարհի վախճանը» (Մատթեոս 28:19-20):

Եզրափակելով ներկայացումը՝ մասնակիցները, տոնի խորհուրդը վերապրելով, պայքարի և հաղթանակի ոգով լցված, որպես պահանջատեր, պահանջում են ողջ աշխարհին դատապարտել հայ ժողովրդի ողբերգական անցյալը՝ Մեծ Եղեռնը:

Հանդիսատեսի երկար ծափողջյունները խոսում էր այն խանդավառության մասին, որ բեմից փոխանցվել էր իրենց:

Ներկայացման ավարտին Տեր Գրիգորը ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տեր Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանի օրհնությունը փոխանցեց ներկաներին և իր երախտագիտությունը հայտնեց ներկայացմանը մասնակից երեխաներին: Տեր Հայրն իր շնորհակալությունը հայտնեց դպրոցի տնօրեն՝ Անահիտ Սարգսյանին, փոխտնօրեն՝ Ալլա Մուրադյանին, ընդառաջելու և դպրոցի դահլիճը տրամադրելու համար, ինչպես նաև տիկնանց միության անդամներին, որոնց ջանքերի և եռանդի շնորհիվ ներկայացումը բեմադրվեց: Իր ուրախությունը հայտնեց, որ Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում երեխաների և պատանիների խումբ է ձևավորվել, ովքեր միայն միջոցառումից միջոցառում չեն համախմբվում: «Տարբեր հուզումնային պահեր ապրեցինք. և՛ ուրախության, և՛ ցավի: Հինանց շրջանին լավ առիթ էր նորից վերապրելու Նոր Կտակարանի այն պատմությունները, որոնք ուղեկցեցին մեզ դեպի Քրիստոսի Հրաշափառ Հարությունը»,- ասաց Տեր Գրիգորը:

Հիսուս Քրիստոսի դերակատարը 15-ամյա Համլետ Չալդրանյանն էր, ով արդեն ինը տարի Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցում որպես դպիր է ծառայում: «Սկզբից դժվար էր, չէի ցանկանում այդ խորհրդավոր կերպարի դերակատարը լինեի, դժգոհ էի ինձանից, բայց դա հաղթահարեցի: Եղել են փորձեր, որ հուզել են բոլորիս: Բառերով դժվար է նկարագրել այն զգացումները, որ ապրեցինք բոլորս»,- ասաց Համլետը:

Աստվածամոր դերում կրկին Սիրանուշ Սիմոնյանն էր. «Աստվածամոր կերպարը հեղաշրջել է իմ կյանքը. հավատքս աճել է, շատ հարցերի սկսել եմ այլ կերպ նայել: Իմ մեծ ցանկությունն է Աստծո օգնությամբ նմանվել Աստվածամորը, լինել այնպիսի մայր, ինչպիսին նա էր»:

Տիկնանց միության ատենապետուհի՝ Սաթենիկ Սիմոնյանի և տիկնանց միության մի շարք անդամների՝ Սիրանուշ Գյումրույանի, Տաթևիկ Պետրոսյանի, Մարգարիտ Հովհաննիսյանի, Գայանե Քոլոզյանի, Անահիտ Մարգարյանի ու այլոց ջանադիր աշխատանքը՝ հագուստներ կարելը, բեմը ձևավորելը իր արժանի պտուղը տվեց: Սցենարի հեղինակ՝ Սիրանուշ Գյումրույանը, օգտվել էր չորս Ավետարաններից, Պերճ Զեյթունցյանի «Հիսուս Նազովրեցին և իմ երկրորդ աշակերտը» պիեսից:

Տիկին Սաթենիկ Սիմոնյանը նշեց, որ ներկայացման խորությունը, մեծ թվով երեխաների մասնակցությունը, իհարկե, դժվարություն էր ստեղծում, բայց այս ամենին զուգահեռ երեխաները հոգևոր մթնոլորտում երախտագիտության զգացում ունեցան, նրանք միայն դեր չխաղացին, այլ իրապես ապրեցին Աստծո ներկայությունը: «Կարևորում ենք բեմադրությունների անհրաժեշտությունը, հաճախականությունը. երեխաները սիրով են մասնակցում փորձերին, միմյանց հետ ծանոթանում են, ընկերանում, հոգևոր աճ են ունենում: Հոգևոր շեշտադրումով թատրոնի ժանրը դաստիարակում է և մեր ցանկությունն է, որ այն զարգացում ապրի»:

«Ինչպես ամեն մի գարուն մի հրավեր է, որ նոր լույսով, նոր ջերմությամբ կրկին ծլեն ու ծաղկեն դաշտերն ու հովիտները մայր բնության, այնպես էլ Սուրբ Հարության ավետիսը մի ոգեղեն հրավեր է ուղղյալ մարդկային աշխարհին՝ հոգեպես վերանորոգվելու, պայծառանալու և ուրախանալու՝ կյանքի ու արդարության ուժերի հաղթությամբ ընդդեմ մահվան ու չարիքի ճիրանների» (Վազգեն Ա):

 

Կարինե Սուգիկյան

26.04.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․