Հարության հավատքով լուսավորված ուխտավորների ուղին

Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին թևակոխել է Սուրբ Հարության տոնին հաջորդող Հինանց շրջանը, որը հայ քրիստոնյայի համար հարության լույսով հավատի նորոգության և ուրախության մի շրջան է, քանի որ առանց հարուցյալ հավատքի հայը չէր գոյատևի որպես հայ քրիստոնյա, առանց հարուցյալ հավատքի Հայոց ազգը չէր ապրի ազգային զարթոնք, չէր ունենա ո՛չ փառապանծ ոսկեդարը, ո՛չ Հայոց եկեղեցին, ո՛չ Հայոց գիրն ու մշակույթը և ո՛չ էլ ազատ ու անկախ Հայաստանը: Հարության լուսապայծառ ուրախությամբ և առ Աստված ունեցած երախտագիտության մեծ զգացումով Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու համայնքը մայիսի 1-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ և եկեղեցու սպասավոր Վաչագան սրկ. Դոխոլյանի ուղեկցությամբ, ուխտագնացության մեկնեց Ղալթաղչիի Ս. Հովհաննես մատուռ և Սպիտակի Ս. Հարություն եկեղեցի: Արևագալի ժամերգության աղոթքներով, մաղթանքներով և շարականներով անցավ ուխտավորների աղոթքի ուղին: Ժամանելով Լոռու մարզի Հարթագյուղ, որ նախկինում Արտագյուղ և Ղալթաղչի է կոչվել, ուխտավորները շարունակեցին իրենց աղոթքի ուղին՝ հաղթահարելով Ղալթաղչիի Ս. Հովհաննես մատուռը տանող Փամբակի լեռնաշղթայի դժվարամատչելի բարձունքներից (1730 մ) մեկը: Ուխտավորների միասնական աղոթքը միախառնվեց մի սրբավայրի աղոթքներին, որ Խորհրդային իշխանության տարիներին՝ 1970-ականներին, տեղական իշխանությունների կողմից պայթեցվել է, որպեսզի ժողովուրդն աղոթատեղի չունենա, սակայն հայ քրիստոնյան, գիշերով շինանյութը լեռ բարձրացնելով, վերականգնել է իր աղոթատեղին: Բարձրաբերձ լեռան գագաթին կրկին անգամ հավատքով վերահաստատված սրբավայրում ուխտավորները մասնակից եղան Խաղաղական ժամերգությանը:

Մեր հայրերը Սուրբ Հոգու ներշնչմամբ Հայոց լեռները զարդարել են հավատքի տաճարներով, քանի որ լեռը խորհրդանշում է Աստծու բնակությունը, Աստծու ներկայությունը. «Աչքերս դեպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնություն պիտի գա: Ինձ օգնություն պիտի գա Տիրոջից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը» (Սաղմոս 120:1-2): Միասնական աղոթքից հետո ուխտավորները սիրո ճաշ ունեցան և Փամբակի լեռնաշղթայի բարձունքից վայելեցին Հայոց լեռնաշխարհի հրաշագեղ բնությունը:

Հաջորդ սրբավայրում՝ Սպիտակ քաղաքի Ս. Հարություն եկեղեցում, ուխտավորները մասնակցեցին Հանգստյան ժամերգությանը:

Ուխտագնացության ընթացքում Վաչագան սարկավագը ուխտավորների հետ զրույց ունեցավ աղոթքի վերաբերյալ: Հերթական ուխտագնացությունը, ըստ բարեշնորհ սարկավագի, աղոթական փորձառությամբ կյանքը կենդանի աղոթքի վերածելն է:

Հարության հավատքով լուսավորված ուխտավորների աղոթքի ուղին ավարտվեց՝ կրկին անգամ վկայակոչելով Հավատքի մեծ տոնը, մի հավատքի, առանց որի անհնար կլիներ նշել Կյանքի և Լույսի հաղթանակը՝ ընդդեմ մահվան և խավարի:

 

Կարինե Սուգիկյան

01.05.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․