21 Դեկտեմբեր, Շբ
Ամեն տարի գարնանը, երբ ողջ բնությունը զարթոնք է ապրում, Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին տոնախմբում և փառաբանում է Աստվածորդու՝ Հիսուս Քրիստոսի Հարության հրաշքը: Ապրիլի 21-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում Զատկական տոնական Ս. Պատարագը մատուցեց եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը: Հընթացս Ս. Պատարագի Տեր Վահան քահանա Առաքելյանն ընթերցեց Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Հայրապետի Սուրբ Հարության պատգամը: Եկեղեցին մարդաշատ լինելու պատճառով շատերը եկեղեցու բակում կանգնած էին Սուրբ Պատարագին ունկնդիր և մասնակից լինում: Ս. Պատարագի ավարտին խորանից վերստին հնչեց Հարության ավետիսը՝ «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց: Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի: Ձեզ և մեզ մեծ Աւետիս»: Ամեն տարի միշտ նույն ցնծությամբ ավետվող Հարության ավետիսը պատմական իրողություն լինելուց բացի, հայ քրիստոնյայի համար կենդանի ապրում է:
Եկեղեցու բակում Սուրբ Հարության ուրախարար ավետիսը կրկին անգամ ազդարարվեց Հայ Մարմնամարզական միության (ՀՄՄ) նվագախմբի խրոխտ հնչյունների ներքո: Գարնանային վերազարթոնքի գեղեցիկ շնչով հագեցած կյանքի հաղթանակի տոնը լուսավոր ուրախությամբ էր համակել միջոցառման մասնակիցներին, զի «յարեաւ Քրիստոս ի մեռելոց և մեզ զկեանս պարգևեաց»:
Զատկի տոնին ընդունված է եղել միմյանց շնորհավորելու հետ մեկտեղ օրհնել տալ ձվերը և դրանք մեկմեկու նվիրել, իսկ երեխաների համար ամենասպասված և սիրելի խաղերից մեկը ձվակռիվն է եղել: Զատկական համերգի ընթացքում Տեր Գրիգորը երեխաներին բաժանեց Սուրբ Զատկի՝ կյանքի և հարության խորհրդանիշը համարվող կարմիր ներկված ձվեր և խաչեր: Եվ երեխաներն անմիջապես անցան իրենց սիրելի խաղին, նրանք մեծ ուրախությամբ ձվակռիվ էին խաղում Տեր Գրիգորի և միմյանց հետ:
Սուրբ Հարության տոնը հայի համար հավատի, փրկության և կյանքի հաղթանակի տոնն է, որը միաժամանակ յուրաքանչյուր քրիստոնյայի համար իր ապրած կյանքի և նպատակի մասին խորհրդածելու լավագույն առիթ է: Քրիստոսի հաշափառ Հարությամբ «մահը կլանվեց, հաղթանակը նվաճվեց: Ո՞ւր է, մա՛հ քո հաղթանակը, ո՞ւր է, մա՛հ, քո խայթոցը» (Ա Կորնթ. 15:55):
Կարինե Սուգիկյան