12 Հոկտեմբեր, Շբ
Քրիստոնեական կրոնի ողջ էությունն ըմբռնելու համար բավական է միայն ուսումնասիրել քրիստոնեության հիմնադրի՝ Քրիստոսի կյանքը: Բոլոր մյուս կրոնների հիմնադիրները չունեն այն բացառիկ նշանակությունը, որ ունի Քրիստոս քրիստոնեության մեջ: Եթե մյուս կրոնների հիմնադիրներն ուսուցիչներ են, ավետաբերներ, ապա Քրիստոս Աստվածորդի է և Փրկիչ, Ով Իր կյանքը զոհեց հանուն մարդկության փրկության: Նա Իր խաչելությամբ և հարությամբ մարդկային անկյալ բնությանը վերածնվելու, Աստծու պատկերն իր մեջ վերականգնելու և փրկվելու հնարավորություն տվեց: Նրա շուրթերից հնչած սիրո պատգամը, թե՝ սիրեք միմյանց, և մեծագույն սերն այն սերն է, որով մարդ ինքն իրեն զոհում է իր բարեկամներին համար (Հովհ. 15:12-13), Իր կյանքով վկայեց: Քրիստոսի հետևորդների մեջ քիչ չեն նրանք, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն մերձավորի: Ս. Հովհան Ոսկեբերանն ասել է. «Սերը, որի հիմքում Քրիստոս է, հաստատուն է, մնայուն և անպարտելի. ոչինչ՝ ո՛չ վտանգը, ո՛չ մահը, ո՛չ զրպարտությունը և ո՛չ այլ բան չեն կարող այն սպառել: Իսկ ով սիրում է նրա համար, որ սիրում են իրեն, ապա դժվարության կամ փորձության դեպքում կհրաժարվի այդ սիրուց: Իսկ նա, ով միավորված է աստվածային սիրուն, երբեք չի լքի այն: Այդ պատճառով է Պողոս առաքյալն ասել՝ սերն անվախճան է (Ա Կորնթ. 13:8)»:
Արցախյան վերջին պատերազմում զոհված մեր հերոսները զոհեցին ամենաթանկը՝ իրենց կյանքը՝ հանուն հայրենիքի և հանուն մերձավորի: Հուլիսի 6-ին Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանը, ՀՀ ԶՈՒ հոգևոր առաջնորդ Տ․ Մովսես վրդ․ Սարգսյանի միջնորդությամբ, որպես սիրո և երախտագիտության արտահայտություն, Ոսկանյան Լուսինեին (48 տ.) փոխանցեց 100 000 դրամ, որ տրամադրել էր ամերիկաբնակ Կարինե Ավագյանը: Լուսինեն իր երկու անչափահաս զավակների հետ բնակվում է ք. Հրազդանի 69 շ. 33 բն. հասցեում: Լուսինեի ամուսինը՝ Հարությունյան Մհերը՝ որպես Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար, մասնակցել է արցախյան վերջին պատերազմին և հոկտեմբերի 6-ին Մատաղիսում զոհվել է՝ փրկելով զինվորների կյանքը: Զոհված հերոսի կինն իր երախտագիտությունը հայտնեց աջակից անձին:
Կարինե Սուգիկյան