Հավատալ նշանակում է ապրել

Տարբեր գույներով գծագրված աշխարհը լեցուն է զանազան խնդիրներով: Այս աշխարհում չկա մի մարդ, որ զերծ լինի դժվարություններից ու խնդիրներից, ինչպիսի հնարավորություն էլ ունենա կամ հաջողակ լինի: Այդպիսի գոյաբանությունը բնական է համարվում երկրային կյանքի համատեքստում: Այնուամենայնիվ, մարդու ձգտումը` լինել հարատև երջանիկ ու ապրել մշտապես տառապանքից զերծ կյանքով, այս աշխարհում հնարավոր չէ: Եվ ամեն ինչ ունենում է իր սկիզբը և ավարտը, որից խուսափելն անհնար է: Մատերիալիզմին և աթեիզմին հետևող անհատի համար կյանքի այս մարտահրավերների պատասխանները բնորոշվում են հիմնականում էվոլյուցիայի տեսությամբ և գոյաբանական ավարտով: Եվ նյութական արժեքների վրա կենտրոնացած մարդու համար անհասկանալի են դառնում հոգևոր կյանքի կարևորությունն ու կեցությունը, քանի որ նա առաջնորդվում է անսահման տիեզերքի մեջ տրամաբանական սահմանափակության դոգմաներով ու զգայական փորձի, գիտելիքի առկայությամբ, որոնք թույլ չեն տալիս տվյալ անձին նայել իր հոգուց ներս և տեսնել հոգևոր հաղորդակցությունից զուրկ իր նվաղած հոգին: Ի՞նչն է ապացույցը, որ մատերիալիզմն ու աթեիզմը չեն կարող երջանկացնել մարդուն: Առաջին անհերքելի փաստն այն է, որ նյութականը քայքայվում, ոչնչանում, փոշիանում, փոխակերպվում է: Այն սիրելի առարկան, իրը կամ գոյը, որն ունի մեծ իմաստ անհատի համար, ժամանակի ընթացքում փոշիանում է: Մարդը կորցնում է իր սիրելի առարկան, իրը: Այն վայելելու ուրախությունը սոսկ ժամանակավոր է, սակայն ոչ բավարար, որպեսզի մարդուն պարգևի հարատև երջանկություն և ներքին խաղաղություն: Ընդհակառակը՝ դրա կորստի զգացումը հաճախ նրան պահում է անհանգստության և հոգեկան լարվածության մեջ և ավելացնում առօրեական խնդիրների շարքը: Այս առումով Աստվածաշնչի «Ժողովող» գիրքը տարբեր դիտանկյուններից լավագույնս անդրադառնում և սահմանում է. «Ամենայն ինչ ունայն է» (Ժող. 1.1): 
Մյուս կողմից` ի՞նչն է այդպես գայթակղում մարդուն, որ ձգտում է հեռանալ հավատի կեցությունից հանուն ոչ աստվածահաճո ազատության: Այդ ազատության կեցությունն ու հասկացությունը, որը աշխարհում ներկայացվում է որպես մարդկության բարօրության և երջանկության ուղի, իսկության մեջ մարդկային թուլության դրևսորում է՝ անհատին ուղղելով երկնայինից դեպի երկրային ու բնազդային ենթակայության և մարդուն անտեսանելի վանդակի մեջ պահելու սկզբունքայնության: Նման ազատության հետևորդներն արդյո՞ք երբևէ փորձ կատարել են դուրս գալ այդ «վանդակից»: Այդժամ է, որ նրանք կարող են զգալ իրենց ազատության սահմանափակությունն ու անկարողությունը և խավարի իշխանի գերիշխանության դիմադրությունն իրենց նկատմամբ: Անշուշտ, այդօրինակ ազատության ձգտող երիտասարդի համար այս մտքերը հասկանալի են դառնում հասուն տարիքում, բայց այնժամ իրական երջանկության բազմաթիվ դրվագներ արդեն իսկ կորսված են լինում: Համենայն դեպս ամբողջ հարցն այն է, որ առանց հավատի մարդը չի կարող ապրել: Եթե նա չի հավատում Աստծուն, ապա հավատում է որևէ գաղափարի, իրողության, իր երազանքների ու ծրագրերի իրականացման, կյանքն ապրելու ձգտմանը, իր պատկերացրած ազատությանը և այլն: Արդյոք կարո՞ղ ենք մերժել այս իրողությունը: Անշուշտ՝ ոչ, քանի որ ինքներս մեզ կխաբենք: Նույնը և գործունեության դաշտում. եթե որևէ գործ իրականացնում ես, հավատում ես դրան, ուստի և գործում ես: 
Արդ, հավատը մղիչ ուժ է՝ անկախ նրանից, թե ում կամ ինչին ես հավատում: Իսկ որտե՞ղից է բխում այդ ուժը կամ, ժամանակի լեզվով ասած, էներգիան, մի՞թե նյութականից։ Բնավ ոչ, քանի որ նյութականն ինքը կարիք ունի էներգիայի, որպեսզի ապրի, այլ այն բխում է հոգուց և վերստին լցվում Արարչի հետ հաղորդակցությունից: Մարդն ազատ է ընտրության մեջ, թե ում կամ ինչին հավատալ՝ Աստծո՞ւն, թե՞ սեփական ուժերին կամ այլ իրողությունների, երևույթների և այլն: Բայց մեկ անհերքելի փաստ է մնում, որը մարդն անկարող է լուծել, այսինքն՝ ամենայն ինչ անսպառ չէ և նրան չի տալիս կատարյալ երջանկության ու կյանքի իմաստի բովանդակություն, այլ միայն Նա, ով արարել է աշխարհը, կարգավորել և համաչափ շարժման մեջ դրել տիեզերքի ընթացքը: Մարդկությունը նրան տեսավ Հիսուս Քրիստոս անձի միջոցով: Հիշարժան է այստեղ Փիլիպոս առաքյալի խոսքը. «Տե՛ր, Հորը մեզ ցույց տուր, և այդ բավական է մեզ համար»: Հիսուս նրան ասաց. «Այսքան ժամանակ ձեզ հետ եմ, Փիլիպո՛ս, և ինձ չճանաչեցի՞ր. ով ինձ տեսավ, տեսավ Հորը...» (Հովհ.14.8-9): 
Անհերքելի Նրա աստվածային էության մեծագույն փաստը աշխարհի պատմության մեջ արձանագրվեց Նրա հարությամբ: Ի՞նչ է տալիս այս հավատը բացի նրանից, որ անհատը փրկվում է Քրիստոսով: Թեև դա մեծագույն պարգևն է մարդու համար, սակայն իրավիճակային ու առարկայական հոգեբանությամբ ապրող մարդը ձգտում է հենց տվյալ պահին պտուղներ ստանալ տվյալ հավատից: Սա անհատի ոչ խորաթափանցության թերություններից մեկն է, որը կտրում է իմաստության թելը և իրավիճակը չափում տվյալ կարճ ու կտրված ժամանակի չափման մեջ: Դրա համար էլ Ավետարանն ասում է՝ երանի նրանց, ովքեր չեն տեսել, բայց կհավատան (Հովհ. 20.29): Քրիստոսի հանդեպ հավատն է, որ մարդուն փոխանցում է խաղաղություն, ներդաշնակություն և մշտապես բարին կերտելու ունակություն: Քրիստոնեական առաքինություններով ապրող անհատներից ձևավորված հավաքականությունը դառնում է առողջ ու բարգավաճող հասարակություն, ուր տեսանելի են ապագայի լուսավոր հեռանկարները: Այդ հավատը բուժում է մարդու հոգին ու մարմինը, ավելացնում անհատի իմաստությունն ու խորագիտությունը, հաղորդում զորություն, պարգևում հարատև հոգևոր ուրախություն, դրական ու լուսավոր տրամադրություն նույնիսկ ամենագորշ ու մռայլ եղանակների ներքո ու ժամանակներում, հղկում մարդու էությունը թերություններից, նրան դարձնում իսկապես ազատ և ինքնուրույն: Տալիս է գիտելիք կյանքը երջանիկ ապրելու ու ստեղծագործելու համար և ամենակարևորը` հավատի, հույսի հետ միասին մարդու կյանքը զարդարում աստվածային սիրո անսպառ բերկրանքով: Այս հավատը աշխարհայացքային փոփոխություն է, դարձ դեպի այն ուղին, որը մարդու կյանքը հաղորդակից է դարձնում Արարչի պարգևած կեցության անկրկնելի արվեստի բացահայտմանը, թե ինչ է կյանքն իսկության մեջ և ինչպես այն ապրել: 
Արդ, քրիստոնեությունը կյանքն ապրելու արվեստն է: Այստեղ են գտնվում երջանկության ու ազատության բանալիները, որովհետև այն ուղղորդում է մարդուն դեպի աստվածանմանություն՝ շաղախված լուսասփյուռ աստվածային սիրո սկզբունքով: ՈՒստի, հավատալ, վստահել Քրիստոսին նշանակում է ապրել կյանքը՝ լեցուն երփներանգ գույներով և իմաստավորված ու բովանդակալից ուղիով, որովհետև ամենայն ինչ Իր ձեռքերում է, և Նրա հետ հաղորդակցությունն է անհատին տալիս այն բաղձալի բարի նպատակի իրականացումն ու կյանքն ապրելու ձգտումը, որին շարունակաբար շատ մարդիկ փորձում են ինքնուրույն հասնել և ի վերջո ձախողվում՝ կորցնելով ամեն ինչ մահվան առջև:

 

Հովհաննես սրկ. Մանուկյան

 
26.06.15
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․