22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
«Գիտությունը չի կարող ամբողջովին լցնել մարդու հոգին. այնտեղ հավատի համար միշտ էլ տեղ կգտնվի». Վազգեն Ա
Ի՞նչ է հավատը. լիակատար վստահություն, համոզմունք ինչ-որ բանի ստուգության, ճշմարտության կամ անձի, իսկ կրոնական իմաստով` Աստծու և տվյալ կրոնի ուսմունքի նկատմամբ: Ամերիկացի հոգեբան Պոլ Ջոնսոնն իր «Կրոնի հոգեբանություն» աշխատության մեջ նշում է, որ «հավատը մարդկանց համար նույնքան կարևոր է և անհրաժեշտ, որքան սնունդը... բոլոր մարդիկ կարիք ունեն հավատալու, և անօգուտ է մտածել, որ մեզանից ինչ-որ մեկը կարող է երջանիկ լինել` լինելով կասկածամիտ»: Հոգեբանական գիտությունների թեկնածու Հրաչ Հովհաննիսյանի խոսքով` «հավատն անորոշության, հետևաբար նաև հոգեկան լարվածության ու տագնապների հաղթահարման կարևորագույն պայման է»:
Հոգեբանական տեսանկյունից կարելի է առանձնացնել հավատքի մի քանի «գործառույթներ»` այն բավարարում է մտքի պահանջմունքները (տալիս է անպատասխան հարցերի պատասխանները), բերում է հույս, հոգու հանգստություն, ուրախություն և այլն: Հավատի շնորհիվ ձեռք բերված վստահությունը, խաղաղությունն ու ներդաշնակությունը հոգեկան կայունության գրավական են դառնում: Կրոնա-բարոյագիտական տեսանկյունից` հավատը խոստանում է փրկություն, հավիտենական կյանք և բարոյական կատարելագործման ճանապարհ է, քանի որ «հստակ տեսողությունը, կատարյալ իմաստությունը, մտերմությունն Աստուծու հետ և բարձրյալին ծանոթ լինելը հավատքի մասն են» (ԲԱՆ Ժ):
«Մարդկային բնությանը հատուկ է ձգտումը դեպի գեղեցիկը, Բարին, կատարյալը, դեպի Նա, ում պատկերն է մարդն ինքը: Մարդկային բանականությունը (անգամ չճանաչելով Աստծուն) փորձում է հասնել այն բարուն, որը գտնվում է Աստծու մոտ և աստվածային ծագում ունի, չէ՞ որ կատարյալ Բարին հենց Ինքն Աստված է»,- նշում է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Գագիկ սարկավագ Հովհաննիսյանը: Այսպիսով,Աստծու նկատմամբ հավատքը բացարձակ բարու և կատարյալի ձգտումն է:
Հոգևորականի խոսքով` մարդու համար հոգեկան կայուն վիճակ կարող է ապահովվել այն պարագային, երբ նա գտնվում է Աստծու հետ հարաբերության, շարունակական շփման և մեղքերից լիակատար ազատության մեջ: Մարդը երբեք հավատի բացակայություն չի ունեցել, այն պարզապես լռեցվել է մեղքերի պատճառով: «Սուրբ Հոգին մեր ներսում է, ուզենք մենք այդ, թե ոչ: Խնդիրն այն է, թե այդ հոգին մենք որքանով ենք պահում և կրողը դառնում, թույլ տալիս, որպեսզի առաջնորդի մեզ»:
Տերն Ինքն է բնակվում մեր մեջ, և յուրաքանչյուրս հոգու խորքում կարող ենք բացահայտել Աստծու թաքնված գոյությունը: Միաժամանակ, ինչպես նշում է սբ. Գրիգոր Նյուսացին, Աստվածճանաչողությանը միայն ինքնաճանաչողությամբ կարելի է հասնել, քանի որ այն կատարվում է Աստծու պատկերը կրող հոգու միջոցով: Չէ՞ որ մարդն առանց որևէ ջանք թափելու ձեռք է բերել սիրելու ունակություն, դիմացինին օգնության հասնելը, բարու արարումը ևս մարդուն տրված են ի սկզբանե: Անբացատրելի են այն պահերը, որոնք առաջանում են մարդու հոգում` դիմացինի համար որևէ լավ գործ կատարելիս: Եվ, ի վերջո, բնական բարոյական օրենքը ևս տվել է Աստված` «իբրև ժառանգություն բոլոր մարդկանց»,- կարդում ենք ռուս հայրերից մեկի` Պլատոն վարդապետի գրքում:
Ճշմարիտ հավատը սերտորեն կապված է բանականության հետ: Իսկ բանականությունն ինքնին Աստծու պարգևն է, որը կապում է մեզ Տիրոջ հետ և նմանեցնում Նրան, հնարավորություն տալիս զանազանելու իրականությունն ու ճշմարտությունը` կեղծ երևույթներից, կյանքը` մահից, հավիտենականը` անցողիկից և այլն: Միևնույն ժամանակ, «բանականությունն ի զորու չէ, որ մենք լիովին ըմբռնենք Աստծուն» (Գարեգին Ա), այսինքն` իրական Աստվածճանաչողությունը բխում է հավատի և բանականության միասնությունից:
Մեզ` հավատացյալներիս համար հավատը դուռ է բացում դեպի Աստված, ցույց տալիս ճանապարհը` հասնելու այն իրականությանը, որից զրկվել ենք ադամական մեղքի պատճառով: Եվ «այն ճշմարտությունները, որոնք ուղղակի կապ ունեն մարդու հոգեկան փրկության ու պայծառացման հետ, ճանաչելի են միայն հավատով. օրինակ` Աստծու գոյությունը, Սուրբ Երրորդության խորհուրդը, Քրիստոսի մարդեղությունը, հավիտենական կյանքը և այլն»,- նշում է Գագիկ սարկավագը:
Սակայն որքանո՞վ է օգտակար մեր հոգուն, երբ հավատում ենք, որ Աստված ճշմարիտ է ու ճշմարտություն, բայց մեր կյանքն ու գործն անհունորեն հեռու են ճշմարիտից: «Հավատքն առանց գործերի մեռած է» (Հակ. 2․26). այս խոսքերը ցույց են տալիս, որ առ Աստված չենք կարող բարձրանալ մեկ թևով` հավատքով. մեզ պետք է նաև երկրորդը` գործերը:
Իհարկե, հավատքի նավարկությունը զերծ չէ վտանգներից և պատահարներից, ծանր ու դժվարին պահերից, բայց չէ՞ որ ունենք այդ բոլորին հաղթելու հույսն ու միջոցը, որ Աստված Ինքն է, և «արդ, հիշե՛նք Տիրոջ պաշտելի խոսքը խրախուսիչ, թե` «Ամենայն ինչ հնարավոր է նրան, ով հավատում է» (ԲԱՆ Ժ):
Մարիամ Ավետիսյան