23 Դեկտեմբեր, Բշ
Հոկտեմբերի 13-ին Թարգմանչաց տոնի առթիվ ԱՀԹ երիտասարդաց միությունները առաջնորդարանի դահլիճում կազմակերպել էին զրույց-դասախոսություն հայոց գրերի կարևորության ու արժեքի մասին: Բանախոսներն էին ԱՀԹ առաջնորդական փոխանորդ գերաշնորհ Տ. Նավասարդ արքեպիսկոպոս Կճոյանը և ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանը: Հանդիպումը Տ. Նավասարդ արքեպիսկոպոսի նախագահությամբ սկսվեց Տերունական աղոթքով:
ԱՀԹ երիտասարդական կառույցների համակարգող Տ. Պետրոս ավագ քահանա Մալյանը ողջունեց ներկաներին, շնորհավորեց Թարգմանչաց տոնի առթիվ՝ հրավիրելով Սրբազան հորը ներկայացնելու մեսրոպյան ժառանգությունը:
Սրբազան հայրը խոսեց «Գրի ստեղծման կարևորությունը» թեմայի շուրջ՝ ներկայացնելով հայոց Ոսկեդարը: Անդրադարձ կատարեց հինգերորդ դարի պատմական անցքերին, սեփական գիրը չունենալու դաժան իրողությանն ու ազգի այդ օրերի երեք մեծերի՝ Վռամշապուհ արքայի, Ս. Սահակ Պարթև կաթողիկոսի ու Ս. Մեսրոպ Մաշտոց վարդապետի սխրանքին: Սրբազան հոր խոսքով՝ եթե արքան ճակատագրական այդ օրերին չաջակցեր կաթողիկոսի ու վարդապետի ձեռնարկին, այն հաջողությամբ չէր պսակվի: Պետության ու եկեղեցու հովանավորությունն ունենալով՝ Ս. Մեսրոպը հայ ազգի փրկության գիրն իր հանճարով նվիրաբերեց մեզ:
Շնորհակալություն հայտնելով կազմակերպիչներին՝ գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանն ընդգծեց, որ այս միջոցառումը բանակ-եկեղեցի ամուր կապի մասին վկայող ևս մի կարևոր առհավատչյա է: Նա շեշտեց, որ Արարատյան Հայրապետական թեմի հետ համագործակցության արդյունքում բազմաթիվ ծրագրեր են կյանքի կոչվել, և այդ ընթացքը շարունակական է լինելու: Իր խոսքում Վ. Ավետիսյանն ուշադրություն հրավիրեց այն փաստին, որ Ս. Մաշտոցը հոգևորական դառնալուց առաջ զինվորական է եղել: Գեներալը խոսքն ավարտեց՝ ընթերցելով իր ստեղծագործություններից մի քանիսը:
Միջոցառման ընթացքում ԱՀԹ առաջնորդանիստ Ս. Սարգիս եկեղեցու հոգևոր սպասավոր, միջազգային մրցույթների դափնեկիր Հովհաննես սարկավագ Ներսեսյանը կատարեց Թարգմանչաց տոնի «Որք զարդարեցին» շարականը, նվագակցում էր Գրիգոր Հարությունյանը: Թեմի երիտասարդները կարդացին Վարդան Ավետիսյանի բանաստեղծություններից:
Արարատյան Հայրապետական թեմի տեղեկատվական բաժին