Երկու հայրեր աղաչեցին Աստծուն, որ ցույց տա իրենց, թե ո՛ր չափին են հասել առաքինության մեջ: Եվ ձայն եկավ երկնքից և ասաց նրանց. «Եգիպտոսի այսինչ գյուղում Քրիստոսատուր անունով մի աշխարհական կա, կնոջ անունն էլ` Մարիամ` ձեզանից լավն են»: Լսելով այս` զարմացան հայրերը և վեր կենալով գնացին այն գյուղը և հարցնելով գտան նրանց տունը: Երբ հարցրին կնոջը, թե ուր է նրա ամուսինը, կինն ասաց. «Հովիվ է և ոչխարներ է արածեցնում»: Եվ նրանց տուն հրավիրեց, իսկ երեկոյան եկավ նրա ամուսինը և ուրախացավ` տեսնելով հայրերին, և լվաց նրանց ոտքերը: Հայրերն ասացին. «Այստեղ հաց չենք ուտի, եթե չհայտնես մեզ քո գործերը»: Իսկ նա ուզում էր թաքցնել, սակայն հայրերն ասացին. «Աստվա՛ծ մեզ ուղարկեց քեզ մոտ»: Եվ նա զարհուրած ասաց. «Այս ոչխարները, որ ունենք, մեր ծնողներն են թողել, և ինչ որ Աստված մեզ հաջողեցնում է դրանց գնից` երեք մասի ենք բաժանում. մի մասը աղքատասիրության, մի մասը օտարասիրության և մի մասը մեր կարիքների համար: Երբ առա այս կնոջս, մեզանից ոչ մեկը չապականվեց մարմնական ցանկություններով, և երկուսս էլ կույս ենք, և մեզնից յուրաքանչյուրը առանձին է քնում. գիշերը քուրձ ենք հագնում, իսկ ցերեկը` յուրաքանչյուրս իր հանդերձները, և մարդկանցից ոչ ոք չգիտե այս բանը՝ մինչև այսօր»: Լսելով այս` սքանչացան երկու ծերերը, փառավորեցին Աստծուն և վերադարձան իրենց տեղերը:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016