26 Դեկտեմբեր, Եշ
Սաստիկ ճգնակյաց մի կրոնավոր կար Սկիտեի անապատում: Նա բազում տարիներ խնդրում էր Աստծուն և ասում. «Տե՛ր, հայտնի՛ր ինձ, թե արդյոք հաճո՞ եղա Քեզ»: Եվ Տիրոջ հրեշտակի ձայնը հասավ նրան, որ ասաց, թե` քաղաքի մի պարտիզպանի չափին չհասար: Իսկ ծերը զարմացած` իր մտքում ասաց. «Գնամ քաղաք՝ տեսնեմ նրան, թե ո՛րն է նրա գործը, որ առավել է, քան իմ այսքան տարիների վշտերը, տառապանքներն ու ճգնությունները»: Եվ վեր կենալով եկավ այն տեղը, որ նրան ասաց հրեշտակը, գտավ այն մարդուն, որ փողոցում նստած՝ իր բանջարեղենն էր վաճառում, և նստեց նրա մոտ մինչև օրվա ութերորդ ժամը: Երբ պարտիզպանը վերջացրեց և վեր կացավ գնալու, ծերն ասաց նրան. «Կարո՞ղ ես, եղբա՛յր, այս գիշեր հյուրընկալել ինձ քո տանը»: Իսկ նա ցնծաց և մեծ ուրախությամբ ընդունեց: Երբ տուն մտան, այդ մարդը հանգստատեղ և սեղան պատրաստեց ծերի համար: Իսկ ծերն ասաց. «Բարի՛ եղիր, եղբա՛յր, և պատմի՛ր ինձ քո ապրելակերպը, որովհետև ոչինչ չեմ ճաշակի, մինչև չպատմես, քանզի դրա համար առաքվեցի Տիրոջից»: Իսկ մարդը ոչինչ չկամեցավ ասել: Սակայն ծերը համառում էր իր աղաչանքների մեջ` ասելով. «Պատմի՛ր ինձ, քանզի բարի չէ ընդդիմանալ բարուն»: Այնժամ պարտիզպանն ասաց ծերին. «Ես, հա՛յր, մեղավոր և աղքատ մարդ եմ և բնավ բարի բան չկա ինձանում, սակայն մտքի փոքրինչ հոժարությամբ երեկոյից երեկո եմ ճաշակում իմ հացը և իմ չարչարանքի գնով եմ առնում իմ կերակուրը, իսկ ավելացածը բաշխում եմ աղքատներին կամ ծախսում եմ հյուր եկած կրոնավորների վրա և գիշեր ու ցերեկ իմ մտքում այս եմ խորհում, թե այս բովանդակ քաղաքը իրենց արդարության համար ժառանգելու են Երկնքի Արքայությունը, և միայն ես եմ դժոխք իջնելու՝ իմ մեղքերի պատճառով»: Ծերը երբ լսեց այս, ասաց. «Այս ամենը շատ բարի է, սակայն ինչո՞վ է սա առավել այսքան տարիների իմ վշտից»: Այս ասելիս՝ ծերը լսեց երգերի, թմբուկների ու պարերի ձայն նրա դրացիների կողմից և հարցրեց նրան. «Եթե կամենում ես Աստծով ապրել, եղբա՛յր, ինչպե՞ս կարող ես մշտապես այս լկտի ձայները լսել և չվրդովվել քո մտքերի մեջ»: Մարդն ասաց. «Ճշմարիտ եմ ասում քեզ, հա՛յր, այս երգերի ու պարերի ձայնից երբեք չեմ գայթակղվել և երբեք չեմ վրդովվել»: Ծերը հարցրեց. «Եվ ի՞նչ ես համարում դրանք քո մտքում, երբ լսում ես»: Իսկ նա ասաց. «Աղոթք և օրհներգություն եմ համարում այդ և ամեն մի կենդանի ձայն, և զղջումի գալով` արտասվում և գոհանում եմ Աստծուց»: Երբ այս պատասխանը լսեց ծերը, զղջաց և ասաց. «Ա՛յս է, որ առավել է, քան իմ ճգնությունները»: Եվ ասաց. «Թողությո՛ւն տուր ինձ, եղբա՛յր, ես այդ չափին չհասա»: Եվ մեկնեց այնտեղից ու գնաց իր սովորական կյանքին:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016