25 Նոյեմբեր, Բշ
Երկու արյունակից եղբայրներ ուխտեցին կրոնավոր դառնալ: Երբ ելան աշխարհից, բնակվեցին միասին և բարվոք ճգնեցին, ապա որոշեցին առանձին խցեր շինել` միմյանցից հեռու, և բնակվել որպես մենակյացներ. այդպես էլ արեցին, և բազում տարիներ երբեք դուրս չեկան խցերից ու միմյանց չտեսան: Նրանցից մեկը հիվանդացավ, և եղբայրներն եկան տեսնելու նրան, քանզի վախճանը մոտ էր: Երբ նստած էին նրա շուրջը, նա նվաղելով` ավանդեց հոգին: Երբ շատ ժամեր անցան, հոգին դարձյալ վերադարձավ անդրաշխարհից, և հայրերը հարցրին, թե` ի՞նչ տեսար: Իսկ նա ասաց. «Տեսա Աստծո հրեշտակներին, որ եկել տանում էին ինձ ու իմ եղբորը և երկինք էին հանում. և օդում մեզ հանդիպեցին դևերի բանակները և ուզեցին արգելել, սակայն մեր բարձրանալը չկարողացան խափանել, և երբ վեր բարձրացանք նրանցից, սկսեցին գոչել. «Մեծ է սրբության և համբերության համարձակությունը»: Երբ այս ասաց, նույն պահին դարձյալ ննջեց: Երբ հայրերն այս տեսան, մարդ ուղարկեցին մյուս եղբոր մոտ՝ նրան տեղեկացնելու, որ գա այնտեղ: Երբ ուղարկվածները մտան, տեսան, որ նա ևս նույն ժամին փոխվել էր առ Աստված, սաստիկ զարմացան և այս կատարված հրաշքի համար փառավորեցին Աստծուն:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016