Աբբա Պամբոնի հորդորով մի անգամ աբբա Մակարիոսը եկավ Նիտրա լեռը: Եվ ծերերը նրան ասացին. «Եղբայրներին խո՛սք ասա, հա՛յր»: Նա ասաց. «Ես երբեք մենակյաց չեմ եղել, սակայն տեսել եմ մենակյացների, երբ նստում էի անապատում՝ Սկյութիայի իմ խցում: Բռնադատում էին ինձ իմ մտածմունքներն և ասում էին, թե` գնա՛ այսինչ անապատը և տե՛ս, թե ինչ կտեսնես այնտեղ: Եվ այս մտածումներից բռնադատված` հինգ տարի համբերեցի, կարծելով, թե դևերից է: Եվ երբ այս մտածումները դադարեցին, գնացի այդ անապատը և այնտեղ գտա մի լիճ՝ մեջտեղում կղզի. անապատի անասունները գալիս և խմում էին այդ լճից: Եվ ահա անասունների մեջ երկու մերկ մարդու տեսա, և ինքս իմ մեջ զարհուրելով՝ կարծում էի, թե դիվական ոգիներ են: Երբ նրանք ինձ տեսան զարհուրած, խոսեցին և ասացին. «Մի՛ երկնչի՛ր, մենք ևս մարդիկ ենք»: Ես նրանց հարցրի. «Որտեղի՞ց եկաք այս անապատը»: Նրանք ասացին. «Միաբանությունից ենք. մեզ ձայն եկավ ազդմամբ, և եկանք այստեղ և ահա արդեն քառասուն տարի այստեղ ենք. մեկս եգիպտացի է, մյուսս` լիբիացի»: Եվ ինձ հարցրին ու ասացին. «Ինչպե՞ս է ապրում աշխարհը. ջուրը գալի՞ս է իր ժամին, և ունի՞ աշխարհն իր առատությունը»: Ես նրանց ասացի` այո՛ և հարցրի. «Ինչպե՞ս կարող եմ դառնալ մենակյաց»: Եվ նրանք ասացին. «Եթե չհրաժարվես բովանդակ աշխարհից, չես կարող մենակյաց դառնալ»: Ես ասացի. «Տկար եմ և չեմ կարող ձեզ նման լինել»: Նրանք ասացին. «Եթե չես կարող մեզ նման լինել, հանդարտվի՛ր քո սենյակում և լա՛ց եղիր քո մեղքերի վրա»: Հարցրի նրանց. «Եթե ձմեռ է լինում, չե՞ք մրսում, և երբ տոթ է լինում, խորշակահար չե՞ն լինում ձեր մարմինները»: Եվ նրանք ասացին. «Աստված իր տնօրինությամբ այնպես արեց, որ ո՛չ մրսում ենք և ո՛չ էլ տոթակիզվում»: Արդ, նրա համար պատմեցի ձեզ սա, որ իմանաք` մենակյաց չեմ ամենևին. թողությո՛ւն տվեք ինձ»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016