25 Նոյեմբեր, Բշ
Սուրբ լեռանը հավաքվեցին թվով տասներկու սուրբ, իմաստուն և հոգևոր մենակյացներ, և միմյանց հետ խոսեցին առաքինությունների մասին, որոնք ի սկզբանե կային սրբերի մեջ, և թե իրենցից ով ո՛րն էր դրանցից ստացել ճգնությամբ, և թե ինչպես են անցկացնում իրենց օրը խցում: Նրանցից առաջինը և ավագն ասաց. «Ես, եղբայրնե՛ր, երբվանից սկսեցի հանդարտությամբ նստել խցում, ամբողջովին խաչեցի իմ մարմինը` կտրելով ամեն տեսակ արտաքին գործերից և միշտ մտքումս ունեմ Սուրբ Գրքի խոսքերը, որ ասում է. «Քանդենք նրանց կապանքները և թոթափենք նրանց լուծը մեզանից (Սաղմ. Բ 3)»: Եվ ամուր պարիսպ կանգնեցրի իմ հոգու և մարմնի միջև և մտքումս ասացի. «Ինչպես միմյանց չեն տեսնում պարսպի դրսում և ներսում գտնվողները, նույնպես և դո՛ւ, մի՛տք, բնավ մի՛ տես մարմնի արտաքին գործերը, այլ միայն քե՛զ նայի՛ր և սպասի՛ր քո ելքին ու Աստծո դատաստանին: Իսկ չար խորհուրդներս այսպես եմ տեսնում՝ իբրև օձեր և իժերի ծնունդներ, և երբ զգում եմ դրանց` իմ մտքում գալը, բարկությամբ ոչնչացնում եմ դրանց և երբեք չեմ դադարում բարկանալ մարմնիս և մտքերիս վրա, որպեսզի անպատշաճ բաներ չգործեմ»: Երկրորդն ասաց. «Այն ժամանակից ի վեր, ինչ հրաժարվեցի աշխարհից, իմ անձին ասացի. «Այսօր վերստին ծնվեցիր, այսօր սկսեցիր այստեղ բնակվել և պանդխտել. ուստի բնակվի՛ր այստեղ՝ որպես օտարական` իբր վաղը գնալու ես այստեղից` թողած քո տեղը. այս խորհի՛ր օր ու գիշեր»: Երրորդն ասաց. «Ես առավոտից վեր եմ կենում՝ մտքով Տիրոջս հետ, երկրպագում եմ նրան և ընկնելով նրա առաջ` խոստովանում եմ հանցանքներս, այսպես խոնարհվում և երկրպագում եմ նրա հրեշտակներին և խնդրում նրանցից, որպեսզի աղաչեն Տիրոջը ինձ և Իր բոլոր արարածների համար: Ապա իջնում եմ անդունդը և դիտում եմ այնտեղ եղողների տանջանքները: Հիշում եմ նաև հրեաների տառապանքներն ու նրանց ողբերը` երբ բաբելոնյան գերության մեջ էին: Նույնը և ես եմ անում` մտքով անցնում եմ դժոխքի բոլոր տանջանքների միջով և իմ բոլոր անդամները տեսնում եմ տանջանքների դատապարտված և այսպես օր ու գիշեր լաց եմ լինում լաց լինողների հետ»: Չորրորդն ասաց. «Ես մտքով այսպես եմ միշտ պատկերացնում. իբր թե նստած եմ Ձիթենյաց լեռանը՝ Տիրոջ և Նրա սուրբ առաքյալների հետ, և իմ անձին ասում եմ. «Այսուհետև բնավ մարմնավոր բաների մասին չխորհես, այլ սրանց հետ կմնաս մշտապես և սրանց հետ կաղոթես և սրանց կյանքին նախանձախնդիր կլինես՝ ինչպես Մարիամը, որ նստեց Տիրոջ ոտքերի մոտ և լսեց Տիրոջ խոսքերը, որ ասում էր. «Սո՛ւրբ եղեք, քանզի Ես՝ ձեր Տեր Աստվածը, սուրբ եմ (Ղևտ. ԺԹ 2)», «Գթասի՛րտ եղեք, ինչպես որ ձեր Հայրը գթասիրտ է (Ղուկ. Զ 36), «Իմ լուծը ձեզ վրա վերցրե՛ք և սովորեցե՛ք ինձնից, որ հեզ եմ և սրտով` խոնարհ, և ձեզ համար պիտի հանգիստ գտնեք (Մատթ. ԺԱ 29)». և այսպես եմ վարում իմ կյանքը»: Հինգերորդն ասաց. «Ես մտքով ամեն ժամ տեսնում եմ հրեշտակներին, որոնք ելնում և իջնում են՝ կանչելու և տանելու համար հոգիս, և ես միշտ ասում եմ. «Պատրաստ է սիրտն իմ առ քեզ, Աստվա՛ծ իմ, պատրաստ է սիրտն իմ (Սաղմ. ԺԶ 8, ՃԷ 2)»: Վեցերորդն ասաց. «Ես օր ու գիշեր նստած խորհում եմ իմ մտքում, թե այս եմ լսելու Տիրոջից. «Դուք չարչարվեցիք Ինձ համար, և Ես կհանգստացնեմ ձեզ»: Եվ այս. «Ճգնե՛ք մի փոքր, և Ես ձեզ ցույց կտամ Իմ փրկությունը», նաև՝ «Իմ որդիներն եք դուք, որպես հորից` պատկառե՛ք Ինձնից», և թե՝ «Իմ եղբայրներն եք դուք, պատվե՛ք Ինձ` ձեզ համար բազում բաների համբերելու համար», և թե՝ «Իմ ոչխարներն եք, լսե՛ք ձեր հովվի ձայնը», նաև` «Ծառանե՛ր, վախեցե՛ք գանահարվելուց և հետևե՛ք ինձ»: Յոթերորդն ասաց. «Ես այս երեքի վրա եմ մշտապես խորհում և անդադար խրատում եմ իմ անձին՝ ունենալ սրանք, այսինքն` հավատ, հույս, սեր, որպեսզի հույսով խնդամ, հավատով հաստատվեմ և սիրով ոչ մեկին չտրտմեցնեմ բնավ կյանքիս բոլոր օրերին»: Ութերորդն ասաց. «Ես մտքով միշտ թռչող դևեր եմ տեսնում, որ փնտրում են, թե ո՞ւմ կլանեն, և որտեղ էլ նրանք շրջում են` ես ներքին աչքով տեսնում եմ և աղաչում Քրիստոսին, որպեսզի խափանի նրանց հնարքները, որ Աստծո երկյուղածներից ոչ մեկին չկարողանան հաղթել և ոչ մեկին չգայթակղեցնեն»: Իններորդն ասաց. «Ես մտքով միշտ տեսնում եմ իմանալի զորությունները և Փառաց Տիրոջը, որ նրանց մեջ է և առավել փայլում է պայծառությամբ, և երբ ձանձրանում եմ, միտքս առաքում եմ երկինք և տեսնում եմ հրեշտակների սքանչելի գեղեցկությունը, լսում նրանց անլռելի երգերը, որ անդադար մատուցում են Աստծուն, և լսելով նրանց ձայնը՝ ցնծում և քաղցրանում է հոգիս` հիշելով Սուրբ Գրքի խոսքերը, որ ասում է. «Երկինքները պատմում են Աստծո փառքը (Սաղմ. ԺԸ 2)», և «Երկրային ամեն ինչ հող ու մոխիր եմ համարում»: Տասներորդն ասաց. «Ես միշտ տեսնում եմ իմ պահապան հրեշտակին, քանզի միշտ ինձ մոտ է և պահպանում է ինձ, և հիշում եմ Սուրբ Գրքի խոսքը, որ ասում է. «Նախապես տեսնում էի Տիրոջն իմ աջակողմում, որպեսզի չսասանվեմ (Սաղմ. ԺԵ 8, Գործք Բ 25)». և նրանից երկյուղելով` իմ անձը սուրբ եմ պահում, որովհետև նա տեսնում է իմ ճանապարհը, և տեսնում եմ, որ նա ամեն օր բարձրանում է Տիրոջ մոտ` պատմելու իմ գործերը»: Տասնմեկերորդն ասաց. «Ես օր ու գիշեր խորհում եմ, թե ի՞նչ են առաքինությունները, ինչպիսի՞ն են պահքը, սրբությունը, սերը, երկայնամտությունը, և քննում եմ, թե սրանցից ո՛րի մեջ եմ պակաս, և իմ անձին ասում եմ. «Ո՞ւր են քո առաքինությունները. մի՛ ձանձրացիր, մի՛ երկմտիր, ահա դրանք մոտ են քեզ. ո՛ր առաքինությունն ուզում ես` կատարի՛ր, և քեզ մեծապես կգովեն Աստծո մոտ և կվկայեն, թե քեզ մոտ հանգիստ են գտնում»: Տասներկուերորդն ասաց. «Դո՛ւք, ո՜վ հայրեր և եղբայրներ, երկնային թևեր ունեք, երկնային կենցաղավարություն եք ստացել, և ինչ էլ որ ասեք` զարմանալի չէ, քանզի տեսնում եմ ձեզ` երկրային գործերով երկինք բարձրացած, որովհետև վերին զորությամբ բարձրացած եք երկրից և օտարացած` մարմնավոր գործերից, և ես չգիտեմ՝ ի՛նչ ասեմ ձեզ և կամ ի՛նչ անվանեմ ձեզ: Իսկ ես ի՞նչ անեմ՝ եղկելիս, որ պատմելու արժանի ոչ մի խորհուրդ չունեմ և նույնիսկ այս կյանքին արժանի չեմ: Ոչ մի բարի բան չեմ տեսնում իմ մեջ՝ բացի մեղքերի բազմությունից, և ուր նայում եմ մտքով` դրանք եմ տեսնում` ծանր բեռների նման դրված իմ առջև: Դրա հա մար էլ կարծում եմ` դժոխքի անդունդներին է արժանի իմ հոգին, և ասում եմ` մի փոքր ժամանակ հետո այնտեղին եմ դատապարտվելու: Միշտ տեսնում եմ այնտեղ լացուկոծ, արտասուք անդադար ու լաց անմխիթար, տեսնում եմ ատամների կրճտում և անտանելի սարսուռ. դրա համար էլ միշտ քուրձով ու մոխիրով, զղջումով ու խոնարհությամբ ընկնում եմ Աստծո առաջ, որ գուցե ողորմելով` չուղարկի ինձ այնտեղ: Քանզի տեսնում եմ այնտեղ սաստիկ եռացող հրեղեն մի ծով, որի բոցերի ալիքները մինչ երկինք են հասնում, տեսնում եմ նաև այդ հուրն ընկած մարդկանց անթիվ բազմություն, իսկ նրանց վերևում՝ անողորմ հրեղեն հրեշտակներ, որոնք վառվում են միշտ և չեն մեռնում, որոնցից վայերի ու կոծերի միանվագ ձայներ են ելնում, որոնք ցախի պես այրվում են ու չեն բոցակիզվում: Եվ տեսնում եմ, որ Աստծո քաղցրությունն ու ողորմածությունը այնժամ ետ է դարձած և պակասած է նրանցից: Միշտ մտառում եմ այս ամենն ու ողբում եմ ողջ մարդկային ցեղը. և զարմանում եմ, թե ինչպես են համարձակվում երկինք նայել կամ մարմնավոր ինչոր բան ասել, որովհետև այսպիսի անցքեր և ահ ու դող է պատրաստված նրանց համար՝ այս աշխարհից ելնելուց հետո: Խորհում եմ այս ամենը գիշեր ու ցերեկ և անարժան եմ համարում իմ անձը երկնքին ու երկրին, և որքան հնարավոր է` կատարում եմ Սուրբ Գրքի խոսքերը, որ ասում է. «Իմ արտասուքներն ինձ կերակուր եղան գիշեր ու ցերեկ (Սաղմ. ԽԱ 4)»: Սրա՛նք են այն իմաստունների հոգևոր առաքինությունները, խորհուրդները, և ա՛յս է նրանց կենցաղավարության խոսքը: Իսկ մենք, արժանի լինելով նրանց հիշատակին, կյանք ստանանք, որպեսզի հաճելի լինենք Տեր Հիսուս Քրիստոսին:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016