23 Նոյեմբեր, Շբ
Աբբա Ամովսը եկավ Երուսաղեմ, ուր և պատրիարք ձեռնադրվեց: Այս լսելով` բոլոր վանքերի վանահայրերը եկան երկրպագելու նրան, որոնց հետ էի նաև ես` իմ հոր աշակերտը լինելու բերումով: Պատրիարքն ասաց հայրերին. «Աղո՛թք արեք ինձ համար, հայրե՛ր, քանզի մեծ բեռի տակ մտա և անտանելին ձեռնարկեցի. անչափ վախեցնում է ինձ պատրիարքության պաշտոնը, որը Պետրոսինը, Պողոսինը և նրանցից հետո եկած ընտրյալ հովիվներինն է: Առավել ևս զարհուրում եմ ձեռնադրության ծանրությունից, քանզի գրություն գտա, թե երանելի Ղևոնդիոսը` հռոմեացիների եկեղեցու արթուն առաջնորդը, քառասուն օր մնաց սուրբ Պետրոսի տապանում` սուրբ առաքյալից թախանձագին խնդրելով՝ աղաչել Աստծուն իր համար: Եվ երբ լրացան օրերը, երևաց նրան սուրբ առաքյալն ու ասաց. «Աղաչեցի քեզ համար Աստծուն, և թողեց քո մեղքերը, բացի հապճեպ ձեռնադրվելուց և անփորձ լինելու պատճառով՝ ուրիշների մեղքերին հաղորդակից լինելուց»: Քանզի թույլ չի տալիս սրբազան կարգը, որ որևէ մեկը անխտրաբար սրբությունը տա խոզերին և շներին, որոնք առնելով՝ ոտնակոխ անեն այն և անբարկանալին ցասումի վերածեն աշխարհի վրա: Դրա համար թողություն չունեն ամենագութ Տիրոջից, քանզի վաճառական դառնալով` վատնեցին իրենց Տիրոջ գանձերը` դրանք տալով նրա ատելիներին: Սրա պատճառով, հայրե՛ր, եղբայրնե՛ր և որդինե՛ր իմ, երկյուղի մեջ եմ, և իմ խռովված սիրտը դողում է այդ սարսափից, որի համար աղաչում եմ ձեզ՝ ամենքիդ, օգնե՛ք ինձ ձեր մաքուր աղոթքներով՝ պատահելիք նեղությունների վտանգի ժամին, որպեսզի հապճեպ և անփութորեն չձեռնադրեմ որևէ մեկին և մարդկանց հաճո լինելու համար՝ Աստծո սիրուց չզրկվեմ»: Ի պատասխան` բոլոր հայրերը, որ հավաքված էին այնտեղ, ասացին. «Օգնական լինի քեզ Տեր Աստվածն ամենակալ, ո՜վ հայր պատվական և արժանավոր պատրիարքդ առաքելական սուրբ աթոռիդ: Դո՛ւ ևս աղոթքներով օգնական եղիր մեզ` քո որդիներին, ինչպես որ պարտավոր իսկ ես»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016