Գրքեր

Հայրերի վարքից

1. Եղբայրը հարցրեց հայր Պիմենին. «Ի՞նչ է նշանակում եղբոր վրա իզուր տեղը բարկանալ»: Ծերը պատասխանեց նրան. «Զուր տեղը բարկանալը համարվում է ամեն առիթով բարկությունը: Ինչի համար էլ որ եղբայրդ քեզ բարկացնի, նույնիսկ, եթե աջ աչքդ հանի կամ աջ ձեռքդ կտրի, ու դու նրա վրա բարկանաս՝ կլինի զուր: Միայն նրա վրա իրավունք ունես բարկանալու, ով քեզ ուզենա Աստծուց հեռացնել» («Հարանց Վարք»):

2. Մի եղբայր, ապրելով վանքի հանրակացարանում, հաճախ պարտվում էր բարկության կողմից և ինքն իրեն ասաց. «Գնամ անապատ, այնտեղ հանգստանամ այս կրքից, քանի որ միայնության մեջ բարկության պատճառներ չի լինի և չեմ վիճի մարդկանց հետ»: Դուրս գալով վանքից՝ սկսեց ապրել անապատում:

Մի անգամ նա ջրով լցրեց ջրամանը և դրեց գետնի վրա: Ջրամանը հանկարծ շուռ եկավ: Երկրորդ անգամ նորից նույնը կրկնվեց: Եվ երբ երրորդ անգամ կուժը շուռ եկավ, վանականը բարկացած կուժը խփելով գետնին՝ ջարդուփշուր արեց: Եղբայրն սկսեց մտածել և հասկացավ, որ թշնամին նորից հաղթել է իրեն:

Այնժամ նա ասաց. «Ահա ես մենակ եմ, սակայն նորից պարտվում եմ բարկության կրքից, վերադառնամ վանք, քանի որ պատերազմը ամենուրեք է. թե՛ վանքում և թե անապատում: Եվ պետք է ամենուրեք պայքարել բարկության դեմ, հուսալով Աստծո օգնությունը»:

Բարկությունը բժշկվում է, եթե մարդը ամեն անգամ, բարկության մեջ ընկնելով, ներողություն է խնդրում ու զղջում և ոչ թե՝ արդարացնում ինքն իրեն՝ մեղադրելով ուրիշներին («Հարանց Վարք»):

3. Մի ծեր հարատևում էր մշտական խաղաղության մեջ, և խորթ էր նրա համար սրտմտությունն ու բարկությունը: Մի եղբայր հարցրեց ծերին՝ ասելով. «Հայր, ինչպե՞ս ես խաղաղությունդ պահպանում և երբեք չես ընկնում բարկության մեղքի մեջ»: Իսկ ծերը պատասխան տվեց. «Զավակս, ինչ-որ ասում են ինձ՝ համաձայնվում եմ և չեմ հակաճառում, դրանով էլ պահպանում եմ անդորրս»: Եղբայրը՝ զարմանալով պատասխանի վրա, ասաց. «Հայր, միգուցե սխա՞լ է այդպես վարվելը»: «Միգուցե սխալ է»,-պատասխանեց ծերը՝ դարձյալ չհակաճառելով» ( «Հարանց վարք» ):

4. Մի ճգնավոր ապրելով վանքում, անտարբերությամբ էր անցկացնում իր կյանքը: Երբ այն աշխարհ փոխվելու ժամանակը եկավ, նա մահը դիմավորեց արդարի ուրախությամբ, ինչը և շատ զարմացրեց այդ պահին նրան շրջապատող եղբայրներին: Եվ խնդրեցին նրան, որ նա իրենց խրատի համար ասի այդ ժպիտի և ուրախության պատճառը:  

Մեռնողը՝ նստելով անկողնում, հայտնեց եղբայրներին, որ հրեշտակները իր մահից առաջ բերեցին իր մեղքերի ցուցակը ու իրենից արդարացման պատասխան պահանջեցին դրանց համար: Բայց ինքը կարողացավ ասել միայն, «որ ես մեղավոր եմ, բայց այն ժամանակվանից ի վեր, ինչ ճգնավոր դարձա՝ ոչ մեկին չդատեցի և ոչ մեկի հանդեպ չարություն չունեցա, և այդ պատճառով, հույս ունեմ, որ իմ վրա Տիրոջ խոսքը կիրականանա, որ ասաց. «Մի դատեք, որպեսզի չդատվեք»: Եվ հրեշտակները պատռեցին իմ մեղքերի ցուցակը» («Հարանց Վարք»):

5. Հայր Պաֆնուտը պատմում է իր մասին. «Մի անգամ ճանապարհորդելիս մոլորվեցի, որովհետև մառախուղ էր, ու հայտնվեցի ինչ-որ գյուղի մոտ: Այնտեղ ես մի քանի հոգու տեսա, որոնք անամոթաբար չար բաներ էին խոսում միմյանց հետ: Կանգ առնելով, ես սկսեցի աղոթել իմ մեղքերի համար: Եվ ահա ինձ սուրը ձեռքին հրեշտակ հայտնվեց և ասաց. «Պաֆնուտ, բոլոր եղբայրներին դատողները այս սրով կսպանվեն, բայց դու չդատապարտեցիր, այլ խոնարհվեցիր Տիրոջ առջև, ինչպես մեղավոր, այդ պատճառով քո անունը գրվեց կյանքի գրքի մեջ» («Հարանց Վարք»):

6. Մի վանական, երբ տեսավ իր մեղանչող եղբորը, հոգոց հանելով ասաց. «Վա¯յ ինձ, ինչպես որ նա այսօր մեղանչեց, վաղն էլ ես կընկնեմ մեղքի մեջ»: Տեսնո՞ւմ ես ամրությունը, տեսնո՞ւմ ես, ինչպես էր տրամադրված ուրիշին դատելուց խուսափելու՝ «Վաղն էլ ես կընկնեմ մեղքի մեջ» ասելով: Սրանով նա  իրեն զգոնացնում էր, որ թերևս ինքն էլ  կարող է մեղանչել, և սույնով խուսափեց մերձավորին դատելուց: Եվ սրանով էլ չբավարարվելով, նա կարծես իրեն նետեց եղբոր ոտքերի առաջ՝ ասելով. «Նա գոնե կապաշխարի իր մեղքի համար, իսկ ես, ինչպես որ հարկն է, չեմ զղջա և չեմ հասնի ապաշխարության»: Նա ոչ միայն հասցրեց խուսափել մերձավորին դատելուց, այլև իրեն նետեց նրա ոտքերի առջև: Իսկ մենք՝ թշվառներս, առանց խտրության դատում ենք, նվաստացնում, երբ վատ բան ենք տեսնում կամ լսում, կամ որ ավելի վատ է ՝ կասկածում: Եվ ցավալի է, որ մեր հոգուն հասցված վնասով չենք բավարարվում, այլ հանդիպելով մեկ այլ եղբոր՝ նրան էլ ենք հաղորդ դարձնում՝ մեղքը խցկելով նրա սրտի մեջ: Եվ չենք վախենում ասվածից. «Վա¯յ նրան, ով ընկերոջը պղտոր հրապույրներով է արբեցնում» (Հայր Դորոթեոս):

7. Ահա թե ինչ պատահեց հայր Իսահակ Փիբեցու հետ.

«Հարևան վանքում գտնվելով, - իր մասին պատմում է հայր Իսահակը, - ծույլ-ծույլ պտտվող մի վանական տեսա ու մտքումս դատապարտեցի նրան: Իսկ երբ վերադառնում էի իմ խուցը, ապա դռների մոտ ինձ մի հրեշտակ հանդիպեց և կանգնեցնելով՝ հարցրեց խստությամբ. «Փրկիչը հրամայեց ինձ քո կարծիքը իմանալ, թե ինչ պետք է անել այն վանականի հետ, որին դու դատապարտեցիր»: Իսահակը ճանաչելով իր մեղքը, գետին փռվելով հրեշտակի առաջ զղջաց ու իր համար աղոթք խնդրեց. «Վեր կաց, -ասաց հրեշտակը, -այս անգամ Տերը ներում է քեզ, բայց մյուս անգամ փախիր եղբորդ դատելուց, մինչև որ Աստված չդատի նրան, ապա թե ոչ, այլևս չեմ թողնի խուցը մտնես» («Հարանց Վարք»):

8. Մի ծեր կար վանքում, որն ապրում էր անհոգ ու ամբարտավան վարքով: Նա մի աշակերտ էր ձեռք գցել Ակաքիոս անվամբ, որն ուներ հասարակ վարք, բայց իմաստուն միտք: Աշակերտը չափազանց դառնություններ կրեց ծերից, որը լսողներին անհնարին կարող է թվալ, քանի որ ծերը նրան չարչարում էր ոչ միայն սպառնալիքներով և հայհոյությամբ, այլև ծեծ ու ջարդով, իսկ համբերությունը հնազանդվողի՝ Ակաքիոսի, անմտությամբ չէր: Նա, ինչպես գնված ստրուկ, ամենուր չափազանց մեծ տառապանքներ էր կրում: Ես հաճախ նրան տեսնելուց ասում էի. «Դե, եղբայր Ակաքիոս, այսօր ինչպե՞ս ես», իսկ նա, որպես պատասխան, երբեմն ցույց էր տալիս աչքի տակ եղող կապտուկները, երբեմն էլ՝ գլխի կամ մարմնի վրա եղող վերքերը, որն ստացել էր ծերից: Իսկ ես ասում էի. «Լավ է, լավ է, դիմացիր և մեծ օգուտ կստանաս»: Ապրելով այս անողորմ ծերի մոտ ինը տարի, Ակաքիոսը տեղափոխվեց երկինք՝ Տիրոջ մոտ, թաղվելով ծերերի համար նախատեսված դամբարանում: Հինգ օր անց ամբարտավան ծերը գնում է այնտեղ ապրող մի սրբակենցաղ ճգնավորի մոտ և ասում. «Գիտե՞ս, Ակաքիոսը մահացավ»: Ճգնավորը  զարմացավ և չհավատալով, անմիջապես տեղից ելավ ու այս ծերի հետ գնաց գերեզմանոց: Երբ հասան տեղ, ծերը ձայնեց՝ դիմելով գերեզմանին, կարծես կենդանի մարդուն. «Եղբայր Ակաքիոս, դու իսկապե՞ս մահացել ես»: Եվ այս հնազանդության մեջ իմաստունը մահվանից հետո էլ հնազանդվելով, պատասխանեց ճգնավորին. «Հայր, ինչպե՞ս կարող է մահանալ հնազանդվողը»: Իսկ ծերը, որ առաջ երանելի Ակաքիոսի ուսուցիչն էր համարվում, վախից սարսափեց և արցունքաթաթախ ընկավ գետնին: Նա Ակաքիոսի գերեզմանի կողքին խուց սարքեց և մինչև իր կյանքի վերջն ապաշխարեց՝ ջանալով առաջանալ առաքինի գործերի մեջ, և միշտ ասում էր մյուս հայրերին. «Ես մարդասպան եմ» (Հովհաննես Սանդուղք):

05.11.14
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․