5 Հոկտեմբեր, Շբ
Հայսմավուրք ժողովածուն Հայ եկեղեցու ծիսական գրքերից է: «Յասմաւուրք» անվանումը ծագել է «Յայսմ աւուր» գրաբարյան բառակապակցությունից, որ նշանակում է այս օրը: Ծիսամատյանի այս անվանումը կիրառվում է 13-րդ դարից: Այս գիրքը պարունակում է տարվա յուրաքանչյուր օրը նահատակված կամ ննջած սրբերի համառոտ վկայաբանություններն ու վարքերը (կյանքերը), ինչպես նաև տերունական տոների մասին հոդվածներ, տոնախոսություններ և նախատեսված է եկեղեցում, ժամերգություններից առաջ կամ հետո, համաձայն տեղական սովորության, ամենօրյա ընթերցումների համար:
Հայսմավուրք կարդալու սովորությունը շատ հին է. դեռևս առաքելական շրջանում հավատացյալները պատմում էին սրբերի գործերը, որպեսզի լսողները հետևեն նրանց արիական գործերին և առաքինական կյանքին:
Հայսմավուրքը մինչև 19-րդ դարի սկիզբը կարդում էին եկեղեցիներում երեկոյան ժամերգությունից առաջ: Սակայն այս սովորությունը այլևս չի գործածվում, այժմ միայն վանքերում են կարդում:
Սրբերի կյանքի և նահատակության պատմությունները հավաքվել և գրի են առնվել 4-րդ դարում՝ Եվսեբիոս Կեսարացու կողմից: Եվ քանի որ «Հաւաքումն պատմութեան մարտիրոսաց հնոց» անունը կրող այդ ժողովածուն 6-րդ դարում կորել է, ուստի անհրաժեշտություն է առաջացել վերստին հավաքել և կազմել նոր ժողովածուներ:
Հայոց Հայսմավուրքը կազմավորվել է 5-15 դդ. ընթացքում Սողոմոն Մաքենացու, Գագիկ վարդապետի (9-10 դդ.) և Ատոմ եպիսկոպոսի (10 դ.) ջանքերով: Ծիսամատյանի կազմավորմանը նպաստել է Հունաց Հայսմավուրքի հայերեն թարգմանությունը (991) Հովսեփ Կոստանդնուպոլսեցու կողմից: Այս թարգմանության հիման վրա էլ կազմվել են Հայկական Հայսմավուրքների հետագա խմբագրությունները:
Հայ եկեղեցում կարդացվող Հայսմավուրքը 11-րդ դարում թարգմանել է Գրիգոր Բ Վկայասեր կաթողիկոսը հույն և ասորի լեզուներից: Ծիսական այլ գրքերի (Ճաշոց, Մաշտոց, Տոնացույց և այլն) նման, Հայսմավուրքը նույնպես ունեցել է ձևավորման և զարգացման շրջաններ և մի քանի խմբագրություններ:
Հարյուրավոր վարքագրական երկերի դասավորումը, ըստ եկեղեցական Տոնացույցի օրվա, բերում է համապատասխան բանաձևերի մշակման, վարքերի սկսվածքների և եզրափակումների նմանության: Սակայն Հայսմավուրքի խմբագրությունների վրա իրենց հետքն են թողել խմբագիրների հասարակական-դավանական դիրքորոշումները և ժամանակը:
Հայագիտության մեջ ընդունված է Հայսմավուրքի հիմնական չորս խմբագրություններ.
1. Տեր Իսրայելի խմբագրություն,
2. Կիրակոս Արևելցու Ա (1252թ.) և Բ (1269թ.) խմբագրություններ,
3. Գրիգոր Է Անավարզեցու խմբագրություն,
4. Գրիգոր Ծերենցի խմբագրություն:
Տեր Իսրայելի խմբագրության մասին առաջին անգամ խոսել է Հ. Մ. Ավգերյանը, որը բարձր է գնահատում այս աշխատությունը և կոչում այն «Յայսմաւուրք Հայոց ըստ Հռովմայեցւոցն ամսոց»: Այս խմբագրության բնորոշիչ հատկանիշն այն է, որ սկսվում է հունվարի 1-ով՝ Բարսեղ Կեսարացու վարքով և ավարտվում դեկտեմբերի 31-ով:
Տեր Իսրայելն իր Հայսմավուրքը կազմել է Վանական Վարդապետի (13-րդ դ.) և Հասան-Ջալալ Դոլա իշխանի պատվերով: Նա ճշգրտել է Գրիգոր Բ Վկայասերի սահմանած՝ հայ նահատակների վկայության օրերը և դրանք տեղադրել Հովսեփ Կոստանդնուպոլսեցու թարգմանած հունական Հայսմավուրքի մեջ: Տեր Իսրայելը փոխել է նաև օրվա մեջ նշվող տոնի կարգը՝ առաջնությունը տալով հայոց տոնակարգին:
Ըստ Նիկողայոս Ադոնցի՝ Տեր Իսրայելի Հայսմավուրքը հիմնված է թարգմանված մի հին վարքագրական ժողովածուի վրա, որի վրա Տեր Իսրայելը ավելացրել է երկրորդական կարգի նյութեր, որոնք սկսում են «Յայսմ աւուր» բառերով, որտեղից էլ հենց առաջացել է ծողովածուի «Յասմաւուրք» անվանումը:
Կիրակոս Արևելցու երկու խմբագրությունները սկսվում են օգոստոսի 11-ով և ավարտվում օգոստոսի 10-ով: Գրիգոր Բ Վկայասերի օրինակով, նա իր Հայսմավուրքի համար ընտրել է հայկական ամսակարգը, տոնաշարը սկսելով օգոստոսի 11-ից: Սրա շնորհիվ Կիրակոս Արևելցու խմբագրած Հայսմավուրքը ձեռք է բերել ազգային կերպարանք: Նրա կազմած Հայսմավուրքի Ա խմբագրության մեջ (1252թ.) ներմուծվել են 112 վկայաբանական նոր միավորներ, իսկ Բ խմբագրության (1269թ.) մեջ՝ 170-ը:
Գրիգոր Է Անավարզեցու խմբագրությունը ունի զանազան նորամուծություններ արևմտյան եկեղեցիների տոնակարգերից, այն տարբերվում է նախորդներից ոչ հայկական՝ լատինադավան տոնակարգով: Սկսվում է սեպտեմբերի 1-ով, Սբ. Ծննդյան տոնը դրված է դեկտեմբերի 25-ին, Տեառնընդառաջը՝ փետրվարի 2-ին, նոյեմբերի 1-ին՝ Ամենայն Սրբոց տոնը և այլն: Հայոց Հայսմավուրքի լատինականացումը նպատակ ուներ նպաստելու Հայ և Կաթոլիկ եկեղեցիների մերձեցմանը, ինչն ի հայտ է բերում Գրիգոր Է Անավարզեցու քաղաքական կողմնորոշումը:
Գրիգոր Է Անավարզեցու կազմած Հայսմավուրքը, որը հիմնված էր Տեր Իսրայելի Հայսմավուրքի վրա, Գրիգոր Փեշտիմալճյանի ձեռքով վերախմբագրվելուց հետո՝ 1834թ-ին թյուրիմացաբար հրատարակվել է իբրև Տեր Իսրայելի խմբագրություն:
Գրիգոր Ծերենցի խմբագրությունը տարբերվում է նախորդ խմբագրություններից իր ծավալով, ընդգրկված նյութերի բազմազանությամբ: Այն սկսվում է նավասարդի 1-ով (օգոստոսի 11-ով), ամենածավալունն է և ամենատարածվածը: Միայն Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվան Մատենադարանում պահպանվում են 257 ամբողջական ձեռագիր օրինակներ, մինչ մնացյալ բոլոր խմբագրությունների ձեռագրերի ընդհանուր թիվը նույն Մատենադարանում 18-ն է:
Գրիգոր Ծերենցի կազմած Հայսմավուրքը ունի ավելի քան 700 միավոր: Այն աչքի է ընկնում պատմական նյութի հարստությամբ և ունի պատմագիտական արժեք: Հեղինակը ոչ միայն հավաքել է նախկինում շարադրված վարքերն ու վկայաբանությունները, այլև ներմուծել նոր տվյալներ, փոխել է լեզուն՝ դարձնելով ժողովրդի համար մատչելի, մեծ տեղ է հատկացրել ժողովրդական բարքերի, կենցաղի, նիստուկացի, սովորույթների նկարագրությանը: Այս Հայսմավուրքի մեջ բազմաթիվ են տեղանունների, անձնանունների ժողովրդական ստուգաբանության օրինակները: Գրիգոր Ծերենցի Հայսմավուրքի խմբագրության մեջ «ժողովրդականացման» միտումն է արտահայտված: Պարզ լեզվով գրված այդ վկայաբանությունները նպատակամիտված էին հավատարմության և հաստատակամության օրինակ ծառայել հայ քրիստոնյային:
Այս հիմնական խմբագրությունների կողքին ծանոթ են նաև՝
Համառոտ մի խմբագրություն, որ պահպանվել է միայն մեկ՝ 1319թ. գրված ՄՄ 3658 ձեռագրով:
Հ. Մկրտիչ Ավգերյանը և Հ. Ն. Ակինյանը ցույց են տվել հունարենից կատարված մի թարգմանություն, ձեռամբ Հովսեփ Կոստանդնուպոլսեցու:
Հայագիտության մեջ խոսվում է նաև լատինածես հայսմավուրքային օրինակների մասին:
Հայտնի է նաև Երեմիա Չէլէպի Քէօմիւրճեանի տաճկերեն համառոտ Հայսմավուրքը Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց վանքի Մատենադարանի թիվ 988 ինքնագիր ձեռագրում, գրված 1685թ.:
Կազմեց Կարինե Սուգիկյանը