Հայտարարություն

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խորը անհանգստությամբ է հետևում Հայաստանի Հանրապետության արևելյան սահմանին Ադրբեջանի կողմից սանձազերծված մարտական գործողություններին, որոնք սպառնում են վերաճելու լայնամասշտաբ պատերազմի։ Ադրբեջանը, անտեսելով 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության պայմանները, նոր հավակնություններ է դրսևորում այս անգամ Հայաստան պետության ինքնիշխան տարածքների նկատմամբ։

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին կոչ է անում միջազգային հանրությանը, միջեկեղեցական ու միջկրոնական կառույցներին և Քույր Եկեղեցիների առաջնորդներին՝ հասու բոլոր միջոցներով ձայն բարձրացնելու և կասեցնելու ադրբեջանական կողմի հերթական ոտնձգությունները՝ հանուն մարդկային կյանքերի փրկության և հիմնարար իրավունքների պաշտպանության, հանուն նոր ողբերգության կանխման։

Հայոց Եկեղեցին հորդորում է աշխարհասփյուռ իր զավակներին՝ զորավիգ լինելու հայրենիքին և կարելին ի գործ դնելու՝ իրենց պետությունների և միջազգային կազմակերպությունների ուշադրությանը հանձնելու հիշյալ դատապարտելի գործողությունները, որոնք վերստին ապակայունացնում են իրավիճակը տարածաշրջանում և խաթարում թանկ գնով հաստատված փխրուն խաղաղությունը։

Ամենայն Հայոց Կաթողիկոսը և հոգևոր դասը աղոթող են հայոց պետականության անսասանության, ազգի միասնականության ու ամուր կամքի և հայրենյաց պաշտպանների արիասիրտ ոգու համար՝ հաղթահարելու այս մարտահրավերները և վերականգնելու խաղաղ, ապահով և արժանապատիվ կյանքը մեր ժողովրդի։

17.11.21
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․