23 Դեկտեմբեր, Բշ
Զորավոր Սբ. Աստվածածին եկեղեցու «Զորավոր» երիտասարդաց միության անդամներն ամեն հինգշաբթի մասնակցում են «Աստվածաշնչյան գաղտիքներ» խորագրով հանդիպումներին: Միության հոգևոր պատասխանատու Տեր Վահան քահանա Առաքելյանն ամեն հինգշաբթի անդրադառնում է Աստվածաշնչի խորախորհուրդ գաղտնիքներին: Իսկ դեկտեմբերի 17-ի հերթական հանդիպմանն երիտասարդներն անդրադարձան ոչ միայն Սուրբ Գրքի գաղտնիքներին, այլ նաև հայ ժողովրդական այն հեքիաթներին, որոնց հիմքում Աստվածային նախախնամությունն է:
Հանդիպման հյուրը բանահավաք Քրիստինե Այվազյանն էր: Նա նշեց, որ, առնչվելով հեքիաթների գեղեցկությանը և տեսնելով նրանց չբացահայտված լինելը շատերի համար, բազմաթիվ հեքիաթների ժողովածուներից փորձել է վեր հանել բարոյախրատական այն հեքիաթները, որ աստվածային ճշմարտություններն են բացահայտում:
Քրիստինեն տարբեր ազգագրական շրջաններից ընտրել է 33 հեքիաթներ, որոնց շատ շուտով ընթերցողը հնարավորություն կունենա ծանոթանալու: Հեքիաթների ընտրանին, ըստ բանահավաքի, տարիքային սահմանափակում չի ունենա՝ դիտվելով որպես հոգեշահ առակներ:
Բանախոսն երիտասարդներին իր հեքիաթների ընտրանիից ներկայացրեց երկուսը՝ «Մեղավոր կինը» և «Աստծուց բարի՛ն խնդրի»: Առաջին հեքիաթը խոստովանության մասին էր և երիտասարդների մոտ անհատական խոստովանության շուրջ ծագած հարցերին պատասխանեց Տեր Վահանը՝ շեշտելով ապաշխարության և խոստովանության կարևորությունը: Իսկ երկրորդ և նաև մյուս հեքիաթները, ըստ բանախոսի, երբ ընթերցում ես, ակամայից սկսում ես հեքիաթի խրատը զուգահեռել Աստվածաշնչի խոսքերի հետ:
Նույն շարքից «Բարեպաշտ քահանան» հեքիաթը պատմեց Տեր Հայրը: Այս հեքիաթն էլ պատգամում էր հեռու մնալ մարդկանց արտաքնապես դատելու մեղքից:
«Հիմնականում, հեքիաթներում և՛ առաքինություններն են դրվատվում, և՛ մեղքերը պախարակվում: Առկա է նաև աստվածային նախախնամությանը հանձնվելու կարևոր շեշտադրումը: Վերացական չէ հավատի գաղափարախոսությունը հեքիաթներում, և հեքիաթ պատմողն ուղղորդում է ունկնդրին, որ Աստծուն վստահելու պարագայում մեծ բարիքների կարժանանա»,- ասաց Քրիստինե Այվազյանը:
Ամփոփելով բանախոսությունը՝ Տեր Վահանն ասաց, որ սովորաբար հեքիաթներում բարին հաղթում է չարին, այս հեքիաթներում տեսնում ենք, որ Աստծո օրհնությամբ չարը կորցնում է իր ուժը, մարդը հաղթահարում է տարբեր դժվարություններ և փորձություններ՝ առավել ամրանալով իր հավատքի մեջ»:
Տեր Հայրը կարևորեց նման հանդիպումները. «Երիտասարդների համար հետաքրքիր էր այս մոտեցումը, Աստծուն տեսնել և ճանաչել ոչ միայն Աստվածաշնչից, հոգևոր գրականությունից, այլ նաև հեքիաթներից: Թե՛ փոքրի և թե՛ մեծի համար սիրելի են հեքիաթները, որտեղ բացահայտում ենք բազմաթիվ ճշմարտություններ: Աստվածաբանական ուսումնասիրություններ գուցե մարդիկ չկարդան, բայց, հեքիաթներ կարդալով, կճանաչեն և կմոտենան Աստծուն»:
Կարինե Սուգիկյան