Ընկերներիցս մեկը որպես գաղտնիք պատմեց, որ շատ կոպիտ վերաբերմունքի է արժանացել խիստ կողմնորոշումներ ունեցող մարդկանց կողմից, որի արդյունքում խիստ նվաստացել ու վիրավորվել է և հոգեպես ընկճվել։
Հայր Պորֆիրիոսը հանգստացրեց նրան, ամեն ինչ իր տեղը դրեց՝ գործի դնելով իր միշտ հաջողված «հոգեկան ռենտգենը»։ Նա ասաց նրան․ «Դու լավ մարդ ես, շատ զգայուն, հանգիստ, դու Աստծու ոչխարներից ես։ Բայց երբ քեզ կոպիտ են վերաբերվում, ամփոփվում ես և ներքուստ հակառակվում դրան, այդժամ մարդիկ սկսում են խիստ վիրավորվել քեզանից, դադարում են հասկանալ։
Բայց երբ բարությամբ են վերաբերվում, այնպիսի տաղանդներ ես ի հայտ բերում, որ մինչ այդ ծածուկ էին քո ներսում, և բոլորն ապշում են։
Քեզ վիրավորող մարդկանց ծանոթ չէ անգամ այն հին հեքիաթը քամու և արևի մասին, որում վերջիններս վիճում են, թե իրենցից որն է ավելի ուժեղ և պայմանավորում են՝ ով հովվի քուրքը հանի, որն այդ պահին սարն էր բարձրանում, նա էլ ավելի ուժեղ է։
Քամին սկսում է ուժեղ-ուժեղ փչել, բայց հովիվը մրսելով՝ ավելի է փաթաթվում իր քուրքի մեջ։ Այդ ժամանակ արևը դուրս է գալիս ամպերի հետևից՝ ամենուր սփռելով իր ջերմությունը, և հովիվը՝ տաքանալով, հանում է քուրքը։ Արևն ասում է քամուն․ «Տեսա՞ր, թե ով է մեզնից ավելի ուժեղ»։
Մարդուն կոպտությամբ չես շահի, այլ միայն բարությամբ»,- իր խոսքն ամփոփեց հայր Պորֆիրիոսը։
- Վանականներ կան,- ասում էր ծերը,- որ ներողություն են խնդրում, խոստովանում մեղքերը, բայց նրանց ներսում մնում է հիշաչարության կիրքը։ Իսկ այդ դեպքում Աստծու շնորհը չի այցելում։
Հեղինակի պատմությունն իր կյանքից․
Արհեստավոր հարևաններիցս մեկը տարբեր գործեր էր անում ինձ մոտ աշխատավարձի դիմաց։ Չգիտեմ, թե ինչից սկսվեց, բայց նա սկսեց բարկանալ ու նախատել ինձ բոլորի ներկայությամբ։ Ես սկսեցի մտածել՝ ի՞նչ անել, ինչպե՞ս օգնել նրան։
Մի օր հյուր գնացի։ Ինձ տեսնելով՝ հարևանս շփոթվեց, կարմրեց։ Մտածեց, թե եկել եմ՝ իրեն հանդիմանելու։ Իսկ ես խոսք բացեցի նրա այգու մասին, գովեցի առատ բերքը։ Խոսեցինք նրա հյուրասիրության մասին․․․ Այդպես էլ զրուցեցինք։ Նրա սիրտը ջերմացավ։ Այդ օրվանից նա չի գնում մենաստանից, բոլոր աշխատանքները պատրաստակամությամբ անում է։
Նման դեպքերում հարկավոր է ճիշտ մոտեցում գտնել։
Ռուսերենից թարգմանեց Էմիլիա Ապիցարյանը