Հիսուս Քրիստոսի կերպարը

Քրիստոնեական արվեստում առանձնապես արտահայտիչ է Քրիստոսի պատկերագրական կերպարը: Փրկչի ճշմարիտ կերպարը տրված է Ավետարանում: Ավետարանի խորհրդաբանական իմաստն իր մեկնաբանությունը ստացել է դեռևս VIII դարում ի դեմս Կ. Պոլսի պատրիարք Ս. Գերմանոսի. «Ավետարանն արտահայտում է Աստծո Գալուստը, երբ նա հայտնվեց մեզ… Նա եկավ անսքող, ինչպես իրական մարդ և հայտնի դարձավ մեզ… Լսեցինք մենք և տեսանք մեր աչքերով, որ նա Աստծո խոսքն է և իմաստությունը»: Է. Սմիռնովան մեջ է բերում Սիմեոն Սոլունացու խոսքերն այն մասին, որ Ավետարանը ներկայացնում է Քրիստոսի կերպարը և որպես Նրա (Տիրոջ) խորհրդանիշ՝ դառնում մասնակից ծիսական բոլոր արարողություններին:

Պատկերագրության մեջ Քրիստոս պատկերվում է փառքի աթոռին բազմած՝ շրջապատված երկնային դասը ներկայացնող հրեշտակներով (Թալինի Կաթողիկե եկեղեցի (VII դար)), Ավետարանը ձեռքին: Որոշ ձեռագրերում էլ Քրիստոս պատկերված է երկնային գահին բազմած, պատվիրատուի հետ միասին (Մշո Ճառընտիր): Մշո Ճառընտիր ձեռագրում Փրկիչը մի ձեռքով բացված գիրք է պահել, որի վրա կարելի է կարդալ. «Ես եմ լոյսը աշխարհի» (Հովհ. Ը 12), մյուս ձեռքով օրհնում է: Հայկական եկեղեցիներում պահպանված «Քրիստոս ամենակալ»-ի (Պանտոկրատոր) ամենաազդեցիկ պատկերներից է Ախթալայի Ս. Աստվածածին եկեղեցում (XIII դ.) պատկերված Հիսուս Քրիստոսի տիրական պատկերը. ձախով բռնել է ծնկին դրված Ավետարանը, իսկ աջով օրհնում է: Այն հոգեբանական ուժեղ ներգործություն է թողնում  դիտողի վրա իր ամենաթափանց ու ձգող հայացքով:

Հիսուս Քրիստոսի կերպարը արվեստում մարմնավորվել է շատ ավելի վաղ, քան քրիստոնեությունը կհռչակվեր պետական կրոն: Դեռևս I-III դարերում քրիստոնյաները, խուսափելով կայսերական հալածանքներից, ապաստան էին գտնում գետնափոր դամբարաններում (կատակոմբ), որտեղ էլ ստեղծվեցին քրիստոնեական արվեստի առաջին գործերը: Այդ «գաղտնի» շրջանում Քրիստոսը պատկերվում էր այլաբանորեն, և հատկանշական էր սիմվոլիկ այն կերպավորումը, որտեղ Փրկիչը ներկայացվում էր բարի Հովվի կերպարանքով, «Աստծո Գառան» կամ խորհրդանշական որևէ այլ մոտիվի միջոցով: Այդպիսի նմուշներ հայտնի են վաղ միջնադարյան բյուզանդական արվեստում: Դասական օրինակներից են Ռավեննայի Սան Վիտալի (6-րդ դ.) և Սանտա Ապոլինարե ին Կլասսե (6-րդ դ.) եկեղեցիների խճանկարները: Քրիստոսի կերպարի խորհրդանիշները պահպանվեցին նաև քրիստոնեությունը պետական կրոն դառնալուց հետո: Հանդիպում են դեպքեր, երբ եկեղեցիների կենտրոնական աբսիդում գահաթոռի վրա Քրիստոսի պատկերի փոխարեն լինում է միայն Ավետարանը (Թալինի կաթողիկե եկեղեցի): Իսկ ավելի հաճախ, հատկապես Հայ Առաքելական եկեղեցում, Ս. Նշան-Խաչն է արտահայտում Քրիստոսի պատկերը: Օրինակ՝ 1280թ. Ավետարանի «Խաչելության» տեսարանում Քրիստոսի ֆիգուրի փոխարեն ներկայացված է խաչը: Ավելին, վերջինիս հորիզոնական թևերի վրա Աստծո Գառան պատկերն է: Հետաքրքրական է, որ այստեղ Հիսուսի կողը խոցող և նրան դառնության բաժակը խմեցնող զինվորները տանջում են խաչը: Եթովպական մեկ այլ ձեռագրում նույն կերպ մեկնաբանված «Խաչելության» տեսարանում նիզակահարվող խաչի թևերի տակից արյուն է ցայտում: Ըստ էության՝ խաչն այստեղ Քրիստոսի կենդանի մարմինն է: VI-VII դդ. սկսած հայոց եկեղեցիներում (գուցե մասնակի բացառություններով) ավագ խորանի սեղանի վրա, Հիսուսի սրբապատկերի փոխարեն, դրվել է Սուրբ Նշանի խորհրդաբանական պատկերը՝ խաչը:  «Խաչի պատկերը,- գրում է Գարեգին Հովսեփյանը,- այլևայլ պեսպեսություններով հայտարարն է քրիստոնեության և նրա խաչեցյալ հիմնադրի անձնավորության»:

XI դ. հաջորդ մեկ-երկու դարերում խաչի պատկերը այլաբանական իր բովանդակությամբ (մարդաբանական կերպարի առումով) տեղ է գտնում թեմատիկ պատկերների մեջ՝ չխաթարելով ֆիգուրային հորինվածքների ամբողջականությունը: Օրինակ, XIII դ. ձեռագրերից մեկում (Մ.Մ. 6290) «Ս. Նշանի հայտնության» տեսարանում հրեշտակները իրենց հեզաճկուն շարժումներով երկինք են խոյացնում խաչածածկ աստվածաշող մանդորլան: Ներսում Հիսուսի պատարագման զոհասեղանն է՝ չարչարանքի գործիքներով:

Քրիստոսի պատկերի հնագույն, առավել տիպական և հայտնի օրինակները հանդիպում են V-VI դարերում. Մոնցայի յուղաշշերի վրայի տեսարանները, VI դարից Ռավեննայի Ս. Վիտալե եկեղեցու՝ գահին բազմած պատանի Քրիստոսը խաչազարդ լուսապսակով պատկերը, Ռաբուլայի 568թ. Ավետարանում հանդիպող նկարը և մի շարք այլ հուշարձաններ:

Գոտկատեղից վեր ներկայացվող Քրիստոսի կերպարը, Ով աջով օրհնում է, իսկ ձախում պահում Ավետարանը, VII դ. սկսած տարածում է գտնում բյուզանդական եկեղեցիների դեկորատիվ համակարգում՝ փայտի վրա, որմնանկարչության մեջ, խճանկարներում: Այդ պատկերը այլևս կապ չունի «Համբարձման» տեսարանի հետ և ներկայանում է իր ներքին խորախորհուրդ բովանդակությամբ, ինչպես Ամենակալ (Պանտոկրատոր), Ում հայացքը գամվում է եկեղեցի մտնող յուրաքանչյուր հավատացյալի վրա:

Քրիստոսի պատկերի կիրառությունը լայն ընդունելություն գտավ հատկապես պատկերամարտության ավարտից հետո (843 թ.): Քրիստոսի կերպարը դառնում է բյուզանդական նկարչության սիրված թեման: Նրա կերպարին նվիրված հատուկ տոն է սահմանվում, մանավանդ, երբ 944թ. Կ. Պոլիս է բերվում Աբգար թագավորի պատմության հետ կապված Քրիստոսի Անձեռակերտ պատկերը (Դաստառակը): Վերականգնվում են ավերված հին հուշարձանները. մշակվում են պատկերագրական նոր տարբերակներ՝ «Քրիստոս ամենակալ», «Քրիստոս կարեկից», «Քրիստոս ողորմած» և այլն:

Ըստ էության՝ IX-XI դդ. վերջնականապես ձևավորվում է Քրիստոսի կերպարի կանոնական տարբերակը: Այդ շրջանի առավել նշանավոր հուշարձաններից է Կ. Պոլսի Ս. Սոֆիայի տաճարի Ավագ խորանում պատկերված խճանկարը, ուր Տիրոջ դիմաց ծնկաչոք ներկայացված է նաև կայսրը: Ապա՝ Հոսիոս Լուկաս վանքի նարտեկսի խճանկարը (XII դարի առաջին քառորդ): Այստեղ շեշտված է Փրկչի կողմից ավետարանական բնագիրը ցուցադրելու պահը. «Ես եմ աշխարհի լույսը. ով Իմ ետևից է գալիս, խավարի միջով չի քայլի, այլ կընդունի կենաց լույսը» (Հովհ. 8:12-13):  

Քրիստոսի պատկերագրական կերպարը ընդհանուր առմամբ մեկնաբանվում է որպես Մարդեղության գաղափար ու իմաստ: Մարդեղություն, երբ Քրիստոսը վերցնում է մարդու բնությունը և իր երկրային կյանքում քավում մարդկության վրա (նախամոր պատճառով) ծանրացած ադամական մեղքը՝ չարչարվելով ու զոհաբերվելով խաչի վրա, և որպես մարդկանց փրկության հույս, հաստատում Հաղորդության խորհուրդը: Մասնագետների կարծիքով, Քրիստոսի պատկերում Նրա ձեռքի  մատյանի առկայությունը շեշտում է հենց Հաղորդության գաղափարը՝ որպես Նրա երկրային կյանքի ու քավության նշան-խորհրդանիշ: «Քրիստոսի անձեռակերտ պատկերը,- գրում է Շարոն Գերստելը,- սերտորեն կապված է «Հաղորդության» թեմային՝ ասել է, թե մարդկանց ողջ հույսերի և ակնկալությունների առնչությունն ապագայի հետ: Հավատացյալների տրամադրությունները կդառնային մելամաղձոտ, դրանք կարող էին հանգել խիստ ճգնավորականության և բացարձակ հոռետեսության, եթե առաջին պլան չմղվեր Աստծո Որդու մարդեղության ուսմունքը, Հոր կողմից կանխորոշված նրա եղերական ճակատագիրը՝ հանուն աշխարհ եկող մարդկանց փրկության»:

Փրկչի պատկերագրությունը մշակել է Նրա սրբացված կերպարի անփոփոխ տիպը, որը պարտադիր դարձավ բոլոր ժամանակների ու արվեստների համար:

Առանձնապես արտահայտիչ է Քրիստոսի կերպարը Մոմիկի մանրանկարներում, այն արտահայտում է խաղաղ վեհություն: Նկարչի մանրանկարներն աչքի են ընկնում նուրբ կոլորիտով: Նրա տիպաժներն ունեն իրենց առանձնակի գույնը, օրինակ, Քրիստոսը լուսավոր կարմրա-մանուշակագույն տոներով հագուստ է հագնում:

Քրիստոսի կերպարի՝ գերագույն այդ սրբության պատկերային տարբերակներում ամեն մի մանրամասն, նույնիսկ երկրորդական, ունի իր խորհրդաբանական իմաստը: Օրինակ՝ գահաթոռը, որի վրա բազմած է լինում Քրիստոսը, նախապատրաստումն է Նրա Երկրորդ գալստյան և թագավորության (գահ բարձրանալու): Գեղեցիկ զարդակամարը, որի ներսում սովորաբար տեղադրվում է Փրկչի պատկերը, եկեղեցու ավանդական խորհրդանիշն է: Նույնիսկ աննկատ թվացող մի բան, ինչպիսին Քրիստոսի թիկնոցի երկնագույն լազուր կապույտն է, նույնացվում է լույսի գաղափարի հետ՝ մանավանդ զուգորդված Տիրոջ ձեռքում գտնվող Ավետարանի համապատասխան բացվածքին: Նկարների վերացական ու հարթ ոսկե ֆոնը, որը փոխարինում է եռաչափ, ռեալ տարածությանը, ունի իր որոշակի դերը՝ կերպարը երկրային միջավայրից տանելու դեպի երկնային իդեալական մի աշխարհ:

Քրիստոնեական արվեստում կանոնակարգված նման մոտեցումները կերպարներին հաղորդում են տարածությունից ու ժամանակից դուրս բնույթ:

 

Կազմեց Գայանե Սուգիկյանը

02.02.19
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․