Գրքեր

Հիվանդի տառապանքն ու վստահությունն առ Աստված

- Հա՛յր, արդյոք ճի՞շտ է վարվում այն մարդն, ով ծանր հիվանդացել է ու որոշել իրեն ամբողջությամբ Աստծուն վստահել:

- Եթե նա (ուրիշների հանդեպ) պարտավորություններ չունի, ապա կարող է անել այնպես, ինչպես ուզում է: Սակայն, եթե նա պարտավորություններ ունի ուրիշների հանդեպ, ապա այդ մարդկանցից է արդեն կախված, թե պե՞տք է արդյոք բժիշկների օգնությանը դիմի, թե իրեն Աստծո ձեռքը հանձնի: Ես էլ ոչ իմ սեփական կամքով բժշկի գնացի... Ինչպես բժիշկն ասաց, եթե ես չգնայի այդ «հասարակ հետազոտությանը», ապա ուռուցքն ամբողջությամբ կպատեր աղիքներս: Ես ընդամենը միայն մի փոքր հեղուկ կարող էի խմել, իսկ հետո ամեն ինչ կավարտվեր... Տեսնո՞ւմ եք ինչպես է լինում՝ գնացի «հասարակ հետազոտության», բայց ինչ գլխացավանքի մեջ հայտնվեցի... Մե՛կ տոմոգրաֆիկ հետազոտություն, մե՛կ սրտաբանի մոտ, արյան սպիտակ գնդիկների տոկոսը մե՛կ բարձր է, մե՛կ՝ ցածր: Կտրում են, կարում, կարկատան են դնում... Եվ վերջ ի վերջո ի՞նչ է դուրս գալիս այդ ամենից: Ամեն ինչ տանում է նրան, որ ընդմիշտ այստեղ կմնամ...

Սովորաբար մենք ասում ենք. «Հիվանդները պետք է ջանան նախ մարդկային օգնություն ստանալ և արդեն այնտեղ, որտեղ մարդկային օգնությունն անզոր է՝ Աստված նրանց կօգնի»: Բայց պետք չէ մոռանալ նաև այն մասին, որ ծանր հիվանդությամբ տառապող մարդիկ, մարդկային օգնություն ստանալով՝ մեծ տառապանք են զգում: Նրանք ստիպված են իսկական մարտիրոսության միջով անցնել: Նրանք պետք է մեծաթիվ հետազոտություններ, վիրահատություններ, օրգանների փոխպատվաստում, քիմիաթերապիա, ճառագայթում անցնեն: Ծակոտում են նրանց ձեռքերը կաթիլային միացումների համար, խեղճերի երակները պայթում են, նրանց խողովակների միջոցով են կերակրում, չեն կարողանում քնել այդ ամենից... Եվ այդ ամենը նրա համար է, որպեսզի արվի այն, ինչ կարող է մարդու կողմից արվել: Հասկանո՞ւմ ես: Ուղղակի պարզ ձևով չի լուծվում այդ ամենը: Օրինակ՝ վերքը թարախակալել է և մաքրելու համար պետք է կտրել այն, հետո ամեն ինչ լավ է վերջանում: Ո՛չ, մարդուն այստեղ մի իսկական կարուսելի մեջ են պտտում: Այդ պատճառով էլ չպետք է ասենք. «Ամեն բան կարգին է, հիվանդը լավ բժիշկների ձեռքերում է» և դրանով հանգստացնենք ինքներս մեզ: Ո՛չ, պետք է հետևյալը հաշվի առնենք. հիվանդը պետք է ամենաիսկական փորձությունների ու տառապանքի միջով անցնի, որպեսզի օգնություն ստանա բժիշկներից: Մենք պետք է ի խորոց սրտի աղոթենք, որպեսզի Քրիստոս համբերություն տա նրան և լուսավորի բժիշկներին, որովհետև բժիշկները կարող են սխալներ գործել, հատկապես, եթե խոնարհություն չունեն:

Տե՛ս, երբ տունը քանդվում է՝ տերը չի կարող այնտեղ մնալ: Հենց այդպես էլ մարմնի տերը՝ հոգին, չի կարող մնալ իր տանը՝ մարմնում, եթե այն կործանվում է: Իսկ հիմա փորձում են երկաթի, պողպատի, A, B, C վիտամինների օգնությամբ տիրոջն իր տանը պահել… Այսինքն գիտության միջոցով են փորձում հիվանդներին օգնել: Սակայն, ոչ բոլոր հիվանդներն են օգնություն ստանում: Եվ այդպիսի օգնությունից ուղղակի նրանց կյանքն է շարունակվում ցավի մեջ կամ ավելի լավ է ասել շարունակվում է նրանց ցավը: Չէ՞ որ միայն գիտությունը բավարար չէ: Նախ հավատ ու աղոթք է անհրաժեշտ: Երբեմն, նույնիսկ այստեղ, մենաստանում, տեսնում եմ, որ քույրերը, որ աշխարհիկ կյանքում բժիշկներ էին, հիվանդին ուզում են ավելի շատ բժշկագիտության միջոցով օգնել, քան Աստծո հանդեպ վստահությամբ ու աղոթքով: Սակայն սրտանց արված աղոթքն այդ քույրերին բժշկության բարձրագույն դիպլոմ ունեցողների կվերածեր, որովհետև աղոթքի մեջ առաջադիմելով՝ նրանք կդադարեն մարդկային գիտության վրա հույս դնել: Եթե մարդու մեջ սրտացավությամբ լի սեր մշակվի բոլոր մարդկանց նկատմամբ ընդհանրապես, ապա գործի կդրվեն աստվածային ուժերը: Միայն թե հոգում խորը խոնարհություն լինի, որպեսզի մարդը, կարծելով, թե այդ իր սեփական ուժերն են՝ չհպարտանա ու չվիրավորի Աստծուն:

Չպետք է մոռանանք այն մասին, որ Քրիստոս կարող է նույնիսկ այն հիվանդությունները բուժել, որոնք անբուժելի են համարվում բժիշկների կողմից, սակայն լուրջ պատճառ է պետք Քրիստոսի միջամտության համար, իսկ հիվանդի համար աղոթողը պետք է մեծ հավատքով ու Քրիստոսին հավատարիմ լինի:

- Հա՛յր, այսինքն մարդիկ չպե՞տք է բուժօգնության դիմեն, եթե տանջվում են:

- Ախր ես դա ի նկատի չունեմ, ա՜յ եղբայրս: Ես չեմ ասում, թե օրինակ՝ հիվանդին պետք չէ թթվածին տալ, թող շնչահեղձ լինի: Ես ուզում եմ ընդգծել այն, թե ինչպես է հիվանդը տանջվում մարդկային օգնությունից, և այն, որ մենք պետք է աղոթենք Քրիստոսին, որպեսզի Նա օգնի հիվանդներին և նրանք չտանջվեն: Եթե հիվանդությունը ծանր է, ապա պետք է Քրիստոսին խնդրենք, որպեսզի Իր մի քնքշանքի միջոցով միայն վերցնի այդ հիվանդությունը: Քանի որ, եթե Քրիստոս մի փոքր շոյում է հիվանդի ձեռքը, ապա բոլոր հիվանդություններն անհետանում են և նրանք առողջանում են: Այնուհետև ո՛չ դեղորայք է անհրաժեշտ, ո՛չ թույներ: Իսկ եթե Նա մարդու դեմքը շոյի, ապա է՛լ ավելի լավ: Իսկ եթե նաև գրկի նրան, ապա մարդկային սիրտը կփափկի: Հասկացա՞ր: Սակայն մեծ հավատք է անհրաժեշտ: Եթե հիվանդն ինքը հավատ չունի, ապա չի ապաքինվի:

 

Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից

Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի

01.08.15
ԲաԺանորդագրվել
Ընթերցել նաև
Օրհնությամբ ՝ ԱՀԹ Առաջնորդական Փոխանորդ Տ․ Նավասարդ Արքեպիսկոպոս Կճոյանի
Կայքի պատասխանատու՝ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյան
Կայքի հովանավոր՝ Անդրանիկ Բաբոյան
Web page developer A. Grigoryan
Բոլոր իրավունքները պաշտպանված են Զորավոր Սուրբ Աստվածածին եկեղեցի 2014թ․