22 Դեկտեմբեր, Հիսնակի Ե Կիրակի
Երեկ երեկոյան, երբ վանք էի գնում հսկմանը մասնակցելու, տեսա, որ մի անկյունում մի հայր է կանգնած հաշմանդամի սայլակում նստած իր փոքրիկ որդու հետ: Մոտեցա նրանց, գրկեցի ու համբուրեցի փոքրիկին: «Գիտե՞ս, որ դու հրեշտակ ես»,- հարցրեցի նրան: Իսկ նրա հայրիկին ասացի. «Քեզ համար մեծ պատիվ է հրեշտակին խնամելը: Ուրախացեք, որովհետև երկուսդ էլ Դրախտ եք գնալու»: Նրանց դեմքերն ուրախությունից փայլեցին, որովհետև աստվածային մխիթարությունն զգացին:
Նրանք, ովքեր սիրով և համբերությամբ են հիվանդներին, հաշմանդամներին խնամում, իրենց զոհաբերությամբ մաքրում են իրենց մեղքերը: Իսկ եթե մեղքեր չունեն, ապա սրբագործվում են: Մի անգամ, մի կին իր կյանքում պատահած հրաշալի դեպքերի մասին պատմեց ինձ: Ես զարմացա, որովհետև այն իրավիճակները, որոնց մասին պատմում էր, հանդիպում ենք սրբերի վարքերում, իսկ նա հասարակ, պարզ կին էր: Բայց, երբ պատմեց, թե ինչպես է ապրել իր կյանքի մեծ մասը՝ հասկացա, որ նրա ողջ կյանքը մի ամբողջ զոհաբերություն է եղել: Դեռ երիտասարդ տարիքից նա սկսել էր հիվանդների խնամել, որովհետև նրա հայրական տանը հիվանդ տատիկն ու պապիկն էլ էին ապրում: Երբ ամուսնացավ՝ սկեսուրն ու սկեսրայրն էին նրանց հետ ապրում, որոնք նույնպես հիվանդ էին: Հետո նրա ամուսինն էր հիվանդացել: Նա անկողնուն էր գամված և կինն էր խնամում նրան: Այսինքն այդ կինն իր ողջ կյանքը հիվանդ էր խնամել: Այդ բոլոր տարիների ընթացքում նա շատ էր ուզում հոգևոր գրքեր կարդալ, գիշերային հսկումներին մասնակցել եկեղեցում, սակայն ժամանակ չէր մնում դրա համար: Բայց քանի որ նա արդարացում ուներ, Աստված Իր ողջ բարեշնորհությունն էր տվել նրան:
- Հա՛յր, գիտեք որոշ մարդիկ սկսում են տարօրինակություններ անել, երբ հիվանդանում են:
- Այո՛, պատահում է: Բայց առողջներն էլ պետք է գոնե մի փոքր արդարացում գտնեն հիվանդների անհանգստության, տրտունջի, փնթփնթոցի կամ տարօրինակությունների համար, որովհետև դա բնական է նրանց համար: Հատկապես, երբ մարդ երբևէ չի հիվանդացել՝ չի կարող հիվանդին հասկանալ: Ինքը երբեք ցավ չի զգացել և այդ պատճառով էլ նրա սիրտը մի փոքր կոպտացել է:
Այն մարդիկ, ովքեր հիվանդների և անկողնուն գամվածների են խնամում, պետք է շատ ուշադիր լինեն և աշխատեն, որպեսզի տրտնջալու աստիճանի չհասցնեն նրանց, ում խնամում են: Նրանք կարող են երկար տարիներ խնամել հիվանդին, սակայն եթե վերջում գոնե մեկ անգամ նրան տրտնջալու աստիճանի հասցնեն, ապա ամեն ինչ կկորցնեն: Եթե մարդու հոգին այս աշխարհից դժգոհելով է հեռանում, ապա նրանք, ովքեր այդ դժգոհության պատճառն են դարձել՝ մեծ մեղք են գործում: Հետագայում բանսարկուն տանջելու է նրանց, իբրև թե նրանց խիղճը «զգայուն դարձնելով» (այն հիշողություններով, որ նրանք մարդուն տրտնջալու աստիճանի են հասցրել և նա մահացել է):
- Հա՛յր, երբ հիվանդին խնամում ես, ապա ուժերդ ոչ միայն հոգնածությունն է քամում, այլև՝ մտահոգությունը, որովհետև տեսնում ես, թե ինչպես է քեզ հարազատ մարդը հետզհետե հանգչում:
- Տե՛ս, երբ ընտանիքի մի անդամը հիվանդանում է, ապա ողջ ընտանիքը ցավում է նրա համար: Իսկ եթե հայրն է հիվանդացողը և չի կարող աշխատել, ապա ողջ ընտանիքն է տանջվում և կարիքի մեջ է հայտնվում: Նրանք բոլորն անհանգստանում են, մտածում են ողջ կմնա՞ արդյոք նրանց հայրը: Նա ինքն էլ է տանջվում և տանջվում են նաև նրա հարազատները: Նա հանգչում է, հանգչում են նաև նրանք, ովքեր իր կողքին են: Իսկ մոր վրա ողջ ծանրաբեռնվածությունն է ընկնում: Նա պետք է երեխաների մասին հոգ տանի, հիվանդանոց գնա՝ հիվանդին խնամելու: Ուզում եմ ասել, որ երբ մարդ ծանր հիվանդությամբ է հիվանդանում, ապա ոչ միայն ինքն է տանջվում, ուժասպառ լինում և ուզում է մեռնել, այլև հարազատներն էլ, որ խնամում են նրան, վհատվում են, տանջվում և ուժասպառ են լինում: Եվ որքան սերտ են հարազատ մարդկանց փոխհարաբերությունները, որքան շատ են միմյանց սիրում, այնքան շատ է Աստված թույլ տալիս, որ հիվանդության վերջում և՛ հիվանդն ինքը, և՛ նրան խնամողներն ավելի շատ տառապանք ու ցավ զգան: Դա հասնում է այն բանին, որ ասում են. «Թող Աստված տանի նրան, որպեսզի խեղճը հանգստանա», բայց իրենք ևս կհանգստանան նրա վախճանից հետո: Տեսե՛ք, երբ մի շատ համերաշխ ընտանիքում ծնողները հանկարծակի մահանում են, առանց նախապես հիվանդ լինելու, և ո՛չ իրենք, ո՛չ էլ իրենց զավակները չեն տանջվում նրանց խնամելով, ապա կորստի ցավը, ծնողների հետ բաժանման ցավը շատ մեծ է լինում երեխաների համար:
- Հա՛յր, իսկ մարդու հոգեկան վիճակն ինչքանո՞վ է ազդում նրա ֆիզիկական առողջության վրա:
- Եթե մարդ հոգեկան լավ վիճակում է գտնվում, ապա դա թեթևացնում է նրա ֆիզիկական ցավը: Եթե նա հոգեկան վատ վիճակում է գտնվում, ապա այդ վատ վիճակը վատթարեցնում է նրա (ֆիզիկական) առողջությունը: Օրինակ՝ վերցնենք քաղցկեղով հիվանդին, որից բժիշկները հրաժարվել են: Աստծուն հավատալով և ուրախալի հոգևոր մթնոլորտում հայտնվելով՝ նա կարող է ավելի երկար ժամանակ ապրել: Իսկ հակառակ դեպքում կարող է մի քանի շաբաթում հանգչել վշտից: Երբեմն, բժշկական տեսանկյունից, մարդ կարող է առողջ լինել, անալիզների ու հետազոտությունների պատասխանները լավը լինեն, բայց եթե իր ներսում մի բան ունի, որ խեղում է նրան հոգեպես, ապա իրականում առողջ չէ: Քանի որ հիվանդությունները հիմնականում դառնություններից են սկսվում: Բոլոր մարդիկ էլ ինչ-որ հիվանդ կետ ունեն: Դառնությունը մեկի ստամոքսին է «հարվածում», մյուսի՝ գլխին:
Հիվանդության դեմ ամենալավ դեղամիջոցն այն հոգևոր ուրախությունն է, որն աստվածային բարեբերությունն է առատորեն պարգևում հոգուն: Հոգևոր ուրախությունն իր մեջ ամենամեծ ապաքինող ուժն ունի բոլոր հիվանդությունների դեպքում: Այն վերքերն ապաքինող աստվածային քսայուղ է, իսկ դառնությունը բորբոքում է այդ վերքերը:
Պաիսիոս Աթոսացու «Ընտանեկան կյանք» գրքից
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի