Հուլիսի 6-ին, ԱՀԹ առաջնորդական փոխանորդ Գերաշնորհ Տ. Նավասարդ արք. Կճոյանի օրհնությամբ, Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցում, սոցիալական ծրագրերի շրջանակներում, Հայկական Կարմիր Խաչի ընկերության երիտասարդական բաժնի կամավորները ՄԻԱՎ-ով ապրող երևանաբնակ և Երևանի մերձակա շրջաններում բնակվող առավել կարիքավոր երեսունհինգ ընտանիքների փոխանցեցին սննդի և հիգիենիկ պարագաների փաթեթներ:
Հայկական Կարմիր Խաչի ընկերությունը (ՀԿԽ) 2013թ.-ի սեպտեմբերից համագործակցելով ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի հետ, առողջապահական ծրագրերի շրջանակներում, սոցիալ-հոգեբանական աջակցություն է իրականացնում ՄԻԱՎ-ՁԻԱՀ-ով ապրող մարդկանց համար: Հայկական Կարմիր Խաչի ընկերության երիտասարդական բաժինը, սույն ծրագրի շրջանակներում, չորս տարի է, ինչ համագործակցում է Զորավոր Ս. Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Գրիգոր քահանա Գրիգորյանի և ԱՀԹ «Ցերեկային կենտրոն»-ի հետ: Այս տարիների ընթացքում ԵԿԽ-ն աշխատել և շարունակում է աշխատել երկու կոմպոնենտով՝ սոցիալական և տեղեկատվական-ուսուցողական:
Աստված Իր արարածներին ստեղծել է Իր պատկերով և նմանությամբ, և ողջ աշխարհի մարդիկ՝ որպես մեծ ընտանիք, վայելում են Երկնավոր Հոր սերը, Ով հանուն այդ սիրո աշխարհ ուղարկեց Իր միածին Որդուն, որպեսզի նա, ով հավատում է Նրան, չկորչի, այլ հավիտենական կյանք ունենա (Հովհաննես 3:16): Ընտանիքի յուրաքանչյուր անդամ Երկնավոր Հոր հանդեպ իր սերը կարող է արտահայտել իր մերձավորին՝ եղբորն ու քրոջը սիրելով, նրա մեջ Աստծո պատկերը հարգելով, քանի որ Քրիստոս Իր արյունը հեղեց մեծ ընտանիքի բոլոր անդամների համար:
Կարինե Սուգիկյան