23 Նոյեմբեր, Շբ
Մի անգամ հայր Աբրահամը եկավ հայր Արսենի մոտ, և մինչ նստած էին, եկավ մեկ ուրիշ եղբայր հայր Արսենի մոտ, հարցրեց նրան և ասաց. «Ի՞նչ անեմ, որպեսզի ապրեմ»: Եվ ծերն ասաց նրան. «Գնա՛ և մեկ տարի երեկոները ճաշակի՛ր աղ և հաց, ապա ե՛կ, և ես կխոսեմ քեզ հետ»: Եվ նա այդպես արեց: Երբ լսեց Հայր Աբրահամը՝ զարմացավ: Տարվա ավարտին եղբայրը դարձյալ եկավ ծերի մոտ, և կրկին հայր Աբրահամին հանդիպեց այնտեղ, և ծերը դարձյալ ասաց եղբորը. «Գնա՛ և այս տարի երկուական օր պա՛հք պահիր»: Եվ երբ եղբայրը գնաց, հայր Աբրահամն ասաց հայր Արսենին. «Ինչո՞ւ բոլոր եղբայրների վրա թեթև լուծ ես դնում, իսկ այս եղբոր վրա՝ ծանր բեռներ»: Ծերը նրան ասաց. «Եղբայրներն այդպես են խնդրում և այդպես էլ ընթանում են, իսկ սա հանուն Աստծո է գալիս և խոսք լսում, որովհետև ջանասեր է, և ինչ էլ ասեմ նրան` ջանադրաբար կատարում է»:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016