Ոմն աշխարհական եղբայր եկավ հայր Սիսո Թեբայեցու մոտ և կամենում էր մենակյաց դառնալ: Եվ ծերը նրան հարցրեց, թե ունի՞ աշխարհում որևէ մեկը, պատասխանեց, թե մի միամորիկ որդի ունի: Ծերը պատվիրեց նրան և ասաց. «Գնա գե՛տը գցիր նրան և հետո կարող ես դառնալ մենակյաց»: Եվ երբ մարդը գնաց, որպեսզի գետը գցի իր որդուն, ծերը մի եղբոր ուղարկեց, որ արգելի նրան: Եվ երբ նա ուզում էր մանուկին գետը նետել, եղբայրը նրան ասաց. «Կա՛նգ առ և երեխային մի՛ գցիր»: Նա ասաց. «Հայրը պատվիրեց գցել նրան»: Եղբայրը նրան ասաց. «Ծերը պատվիրեց, որ նրան գետը չգցես»: Եվ թողնելով մանկանը՝ եկան ծերի մոտ, և ընտիր մենակյաց դարձավ իր հնազանդության շնորհիվ:
«Սուրբ հայրերի վարքն ու կենցաղավարությունը» գրքից, Հատոր Ա, Էջմիածին 2016