25 Նոյեմբեր, Բշ
Մի մարդ մի լավ ընկեր ուներ պատանեկության տարիներին: Երբ նա հիշում էր իր ընկերոջ մասին, ապա նա միշտ իր կողքին էր հայտնվում և անհետանում էր, երբ մոռանում էր նրան: Բայց այդ մարդը միշտ զգում էր նրա հոգատարությունն ու օգնությունը:
Տարիներ անց այդ մարդն ամուսնացավ, զավակներ ունեցավ ու սկսեց ավելի ու ավելի հազվադեպ հիշել իր ընկերոջ մասին: Շուտով ընտանիքի հոգսերն ամբողջությամբ կլանեցին նրա ուժերը, սկսեց հաճախակի հիվանդանալ ու վերջիվերջո հիվանդանոցում հայտնվեց: Ո՛չ կինը, ո՛չ երեխաները ոչնչով չէին կարող նրան օգնել, իսկ ազգականներն էլ իրենց հոգսերով էին տարված ու ժամանակ չունեին հիվանդով զբաղվելու:
Երբ նրա վիճակը շատ ծանրացավ՝ հիշեց իր մոռացված ընկերոջ մասին ու նա միանգամից հիվանդանոց եկավ՝ նրան այցելության: Ընկերը վճարեց նրա բուժման ու խնամքի ծախսերը: Հիվանդի առողջությունն սկսեց վերականգնվել: Եվ այժմ այդ մարդն սկսեց լրջորեն մտածել իր կյանքի մասին. ոչ ոք չկարողացավ օգնել իրեն դժվարին պահին այնպես, ինչպես իր հին ընկերը: Ինչպե՞ս պիտի շնորհակալ լինի նրա բարության ու հոգատարության համար: Մարդը որոշեց, որ այսուհետ պետք է սիրով ու ջերմությամբ վերաբերվի իր ընկերոջն ու երբեք չմոռանա նրա մասին: Շուտով ընկերը կրկին նրա մոտ եկավ ու ասաց. «Իմ թանկագի՛ն, միայն հիվանդությունը փոխեց վերաբերմունքդ իմ նկատմամբ: Եթե պատանեկությունիցդ ի վեր ինձ ու իմ խորհուրդներին հետևեիր, ապա ավելի մեծ սեր կզգայիր քո հանդեպ ու կյանքդ ամբողջովին այլ ընթացք կստանար»:
«Մոտեցե՛ք Աստծուն, և նա կմերձենա ձեզ։ Մեղավորնե՛ր, մաքրեցե՛ք ձեր ձեռքերը. երկմիտնե՛ր, ուղղեցե՛ք ձեր սրտերը» (Հակ. 4:8)
Ռուսերենից թարգմանությունը՝ Էմիլիա Ապիցարյանի